ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կենսագրություն
Պետրոս Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում, Երզնկայից գաղթած ավանդապահ հայ ընտանիքում:

1962 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Երրորդ կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել ռազմաօդային ուժերում: 1967-1970 թթ. շարունակել է ուսումնառությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

1970 թ. ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան և պաշտպանել «Միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությունը ակադ. Հ. Մանանդյանի աշխատություններում» թեկնածուական ատենախոսությունը:

1975-2016 թվականներին աշխատել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում, նախ՝ որպես կաբինետի վարիչ, ապա՝ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր: 2013-2016 թթ. Հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:

Նա դասավադել է նաև Համազգայինի Բեյրութի Հայագիտական բարձրագույն դասընթացներում (1992-1993 թթ.), Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում (1995-1999 թթ.), իսկ 1999-2016 թթ համատեղությամբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (Աստվածաբանական համալսարան):

Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում Պ. Հ. Հովհաննիսյանը դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի ընդհանուր դասընթաց, «Հայկական գաղթավայրերի պատմություն», «Սփյուռքի պատմություն», «Աղբյուրագիտություն», «Հայագիտության պատմություն» և մի շարք հատուկ դասընթացներ:

Նա 400-ից ավելի տպագիր աշխատանքների (գրքեր, հոդվածներ, ժողովածուներ, ակնարկներ) հեղինակ է: Նրա խմբագրությամբ լույս են տեսել 80-ից ավելի գիտական աշխատանքներ: Առավելապես հայտնի են նրա աշխատակցությամբ լույս տեսած «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» (հատ. 1-ին, 1981, 2007, հատ. 2-րդ, 2011), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» տեղեկատու-պատկերագիրքը (2001), «Հայ եկեղեցու հանրագիտարան» պրակ Ա (2008), «Նշանավոր ճեմարանականներ» (հատ. 1-ին և 2-րդ, 2005, 2009):

Պ. Հովհաննիսյանի աշխատասիրությամբ ու խմբագրությամբ են լույս տեսել Ավետիս Պերպերյանի «Պատմություն Հայոց» աշխատությունը (2009), Աշոտ Հովհաննիսյանի «Պատմագիտական ուսումնասիրություններ»-ը (2007 թ.), Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» (1996), ինչպես նաև «Երկեր»-ի Ա-Է հատորները (2006-2016), ակադ. Հ. Հ. Մանանդյանի Երկերի 7-րդ և 8-րդ հատորները (2010, 2011), Կ. Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմություն» (2012) դասագիրքը և այլն:

Պ. Հովհաննիսյանը լուրջ ներդրում ունի մատենագիտական գրականության բնագավառում. հատկապես նշելի են «Հայկական հարց. հայերի ցեղասպանությունը» ռուսերեն գրականության մատենագիտությունը, «Մովսես Խորենացի. մատենագիտությունը» ստվարածավալ աշխատությունը (2013):

Պ. Հովհաննիսյանը համահեղինակներից և խմբագիրներից է «Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» բուհական ձեռնարկի (2000, 2012), հանրակրթական դպրոցի 5-10-րդ դասարանների «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքերի (2002-2013), հանրակրթական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների, ինչպես նաև ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքերի:

Գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայոց պատմություն» բազմահատորյակի 2-րդ և 3-րդ հատորների, «Հայկական սովետական հանրագիտարան», «Հայկական համառոտ հանրագիտարան», «Հայկական հարց», «Քրիստոնյա Հայաստան», «Ո՞վ ով է» հանրագիտարանների ստեղծմանը:

Գիտամանկավարժական բեղուն գործունեության համար արժանացել է Հայոց եկեղեցու բարձրագույն «Սուրբ Սահակ Պարթև և Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի (2004), «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ» կոչմանը (2009) և բազմաթիվ այլ պարգևների:

Պետրոս Հովհաննիսյանը վախճանվել է 2016 թ. փետրվարի 22-ին Երևանում:

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 
 

Գիրք/Book

Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Ա.Նազարյան

Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար) | Երևան, 2005, 151 էջ

Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Կ.Մաթևոսյան

Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար) | Երևան, 2003, 126 էջ
 

Հոդված/Article

А. Арутюнян, П. Оганесян

Знаменитый выпускник Санкт-Петербургского университета: Жизнь и творчество Николая Георгевича Адонца (1871-1942гг.) | Вестник СПбу., серия 2, История, 2014, вып. 1, с.83-90

Арутюнян Акоп, Петрос Оганисян

Наши юбиляры. Климов Олег Юрьевич -60 | Русский язык в Армении, Ер. 2013, N2, с. 62-63

Հակոբ Հարությունյան, Պետրոս Հովհաննիսյան

Մովսես Խորենացի, Մատենագիտություն | Պատմաբանասիրական հանդես, Եր.,ԵՊՀ հրատ. 2013, N 1, էջ 218-220

Պ. Հ. Հովհաննիսյան

Հակոբ Մանանդյանի աշխատությունների օտարալեզու թարգմանությունների պատմությունից | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (97), Երևան 1999թ., էջ 81-85 |

Պ. Հ. Հովհաննիսյան

Նիկողայոս Ադոնցի նորահայտ հոդվածը հայկական հարցի մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (79), Երևան 1993թ., էջ 126-132 |