Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

• Տարվա սկանդալը՝ «Cambridge Analytica»




Տեխնոլոգիաներով հետաքրքրվածները, անշուշտ, լսել են Բրիտանական «Cambridge Analytica» ընկերության մասին, որի հետ է կապված «Facebook» սոցիալական ցանցի ամենամեծ սկանդալը։

Լրատվամիջոցները պարզել են, որ «Facebook»-ից օգտվող 90 միլիոնից ավելի օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են երրորդ անձանց ձեռքերում, իսկ ավելի կոնկրետ՝ հետազոտական ու վերլուծական «Cambridge Analytica» ընկերության մոտ։ Ինչպես պարզվեց, տեղեկատվությունը գողացված չէր, այլ հասել է բրիտանացիներին, կարելի է ասել, օրինական ճանապարհով՝ «Facebook»-ի անհետևողականության պատճառով, որը թույլ է տվել կողմնակի հավելվածներին օգտագործել օգտատերերի տվյալները։

Իրավիճակն ավելի էր լրջացել, երբ 2015 թվականին «Facebook»-ն իմացել է տեղեկատվության արտահոսքի մասին, փակել է բոլոր տվյալները՝ վախենալով, որ այս լուրը հանրային կդառնա։ Այնուհանդերձ, ճշմարտությունը բացահայտվեց միայն երեք տարի անց։

«Cambridge Analytica» ընկերության պատճառով ինտերնետային կայքի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգին վկայություն տալու համար անհապաղ կանչել են ԱՄՆ կոնգրես։ Նա առաջին անգամ էր անձամբ ներկա լինում դատավարությանը, քանի որ մինչև այդ բոլոր խնդիրները լուծելու համար նա դատարան էր ուղարկում ընկերության փոխնախագահներին կամ թոփ-մենեջերներին։ Բայց քանի որ խնդիրը չափազանց լուրջ էր, Ցուկերբերգը որոշել էր անձամբ ներկայանալ։

• Տարվա «հերոսը»՝ Իլոն Մասկը




Ամերիկացի միլիարդատեր և ձեռներեց Իլոն Մասկը Լոս Անջելեսի ստորգետնյա հատվածում բացել է աշխարհում առաջին գերարագ թունելը։

Ինժեներ-միլիարդատեր Իլոն Մասկը, որը հայտնի է իր փայլուն «PR» քայլերով, այս տարի անում էր ամեն ինչ, որ հայտնվի լրատվամիջոցների ու թերթերի առաջին էջերին. հրթիռներ էր բաց թողնում, թունել կառուցում Լոս Անջելեսում, զոմբիների դեմ պայքարի համար հրանոթներ թողարկում, լրատվամիջոցների հետ վիճում, որոնք մեղադրում էին «Tesla»-ին անորակ մեքենաներ արտադրելու մեջ, ու նույնիսկ պլանավորել էր շուկա մտցնել կեղծ տեղեկությունների դեմ պայքարող համակարգ։

Այսպիսի գերհագեցած առօրյան չէր կարող զերծ մնալ սկանդալներից։ Գործարարներին դատի տվեցին չարախոսության մեղադրանքով, այն բանից հետո, երբ Իլոն Մասկն անծանոթին անվանեց մանկապիղծ։ Նրան զրկեցին «Tesla»-ի տնօրենների խորհրդում նախագահի պաշտոնից։ Բայց Իլոն Մասկին այս ամենը չէր անհանգստացնում, քանի որ անցած տարվա ամենաարծարծվող անուններից մեկը հենց իրենն էր։

• Տարվա խաբկանքը՝ «Laurel», թե՞ «Yanny»




Եթե 2015 թվականին համացանցում ամենաշատը քննարկվում էր զգեստի գույնը, ապա 2018-ին աշխարհը բաժանվել էր երկու ճամբարների «Laurel/Yanny» ձայնային խաբկանքի պատճառով:

Առաջին անգամ այս ֆենոմենի մասին խոսվեց «Reddit» ֆորումի ժամանակ ապրիլի 13-ին: Հեղինակի հրապարակմանը կցված էր հոլովակ, որտեղ ռոբոտացված ձայնը տալիս է անուն, որը տարբեր մարդիկ տարբեր ձև են լսում: Համացանցի օգտատերերը բաժանվեցին երկու խմբի. առաջինը լսում էր «Yanny» (Յաննի), իսկ երկրորդը՝ «Laurel» (Լորել):

Ինչպես պարզվեց, ոչ մի խաբկանք էլ չկա: Ամեն ինչ կախված էր արտաքին գործոններից, որոնք տարբեր կերպ էին ազդում լսողի վրա: Այսպիսով՝ կարևոր է այն տեխնիկան, որը նվագարկում է ձայնը, ձայնարկիչի արագությունը և մարդու նախատրամադրվածությունը: Եթե նա տրամադրված է լսել մի անուն, ապա լսում է հենց այդ անունը:

Մեկ այլ տարբերակ է, որ ձայնագրության վատ որակով պայմանավորված՝ մարդու լսողական ապարատը ձայնն ընկալում է երկակի, ինչի պատճառով ուղեղը չի ստանում բավարար տեղեկատվություն և հավելում է չբավականացնող ձայները:

• Տարվա կորուստը՝ Փոլ Ալենը




Փոլ Ալեն (21 հունվարի, 1953 - 15 օգոստոսի, 2018). ամերիկացի ձեռնարկատեր, «Microsoft»-ի համահիմնադիր և «Charter Communications»-ի ղեկավար:
Անցած տարի աշխարհը կորցրեց «Microsoft»-ի համահիմնադիր, Բիլ Գեյթսի մտերիմ ընկեր Փոլ Ալենին, որը մահացավ 65 տարեկանում: Գործարարին երկու անգամ հաջողվել էր հաղթահարել քաղցկեղը, բայց այս անգամ նրա օրգանիզմը չկարողացավ դիմադրել:

Փոլ Ալենն ու Բիլ Գեյթսը ծանոթացել են դեռևս 1968 թվականին դպրոցում և միասին որոշել հիմնադրել «ЭВМ» ընկերությունը:
Արդյունքում 1975 թվականին ամերիկյան Ալբուկերկե քաղաքում ստեղծվեց «Microsoft» ընկերությունը:

Ի դեպ, երբ Բիլ Գեյթսը զբաղվում էր իրավական հարցերով ու համագործակցային կապեր ստեղծելով, Ալենն աշխատում էր ծրագրի տեխնիկական մասի վրա:

1983 թվականին Փոլ Ալենը լքում է ընկերությունը՝ գլուխ բարձրացրած հիվանդության պատճառով: Նրան հաջողվում է բուժվել, բայց ընկերություն նա այլևս չի վերադառնում՝ երկու տասնամյակ շարունակ մնալով «Microsoft»-ի տնօրենների խորհրդի անդամ: Այս ընկերությունից հետո Ալենը ստեղծում է «Vulcan» ներդրումային ընկերությունը և ձեռք բերում երկու սպորտային թիմեր՝ «Սիեթլ Սիհոքս» ֆուտբոլային և «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» բասկետբոլի թիմերը:

• Տարվա օրինախախտը՝ «Google»




«Google» ընկերությունը համարվում է 2018 թվականի ամենամեծ օրինախախտը և ամենաշատ տուգանք վճարողը: Առաջին հերթին Եվրոպական հանձնաժողովը ՏՏ հսկային տուգանեց ռեկորդային 4,3 միլիարդ եվրոյով՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:

Դեկտեմբերին հայտնի դարձավ նաև մեկ այլ տուգանքի մասին: Այս անգամ «Google»-ին մեղադրանք ներկայացրեց «Роскомнадзор»-ը: Հաղորդում են, որ ընկերությունը չի կատարել «Ինֆորմացիայի մասին…» օրենքի պահանջները, որի համաձայն՝ այն պետք էր միացնել հանրապետական ազգային տեղեկատվական համակարգին: Բացի դրանից՝ «Роскомнадзор»-ը խոստացավ, որ եթե «Google»-ը շարունակի խախտել ռուսական օրենսդրությունը, ապա դա կհանգեցնի երկրի ողջ տարածքում որոնողական այդ համակարգի արգելափակմանը: Սակայն, ինչպես ցույց տվեց «Telegram»-ի դեպքը, օգտատերերին անհնար է ամբողջությամբ զերծ պահել իրենց նախընտրած կայքերից ու հավելվածներից:

• Տարվա գնումը՝ «Microsoft»-ը գնում է «GitHub»-ը 7,5 միլիարդ դոլարով




2018 թվականի հունիսի 4-ին «Microsoft»-ը հայտարարեց, որ գնում է ամենամեծ վեդ-սերվիսներից մեկը՝ «GitHub»-ը, որը նախատեսված է IP նախագծերի հոսթինգի և դրանց ծրագրավորման համար։

«Microsoft»-ի գլխավոր կառավարիչ Սատյա Նադելլան նշեց, որ իրենց ընկերությունը միշտ էլ հետաքրքրված է եղել ծրագրավորողներով և ուրախ է այս գործարքի համար. «Սա թույլ կտա մեզ հարթակ տրամադրել ծրագրավորողներին իրենց ազատ աշխատանքի, ստեղծագործելու և նորարարական լուծումներ գտնելու համար»:

Հավելենք, որ «GitHub»-ը կարևորագույն մաս է համացանցային ողջ համակարգի համար։ Այն օգտագործում են 27 միլիոն ծրագրավորողներ ամբողջ աշխարհում։ «GitHub»-ն անվճար է բաց ծածկագրով նախագծերի համար, իսկ անհատական օգտատերերի համար այն ունի տարբեր սակագնային առաջարկներ։ «Microsoft»-ի համար սա հիանալի ձեռքբերում է, քանի որ սրա շնորհիվ ընկերությունը մշտապես տեղյակ կլինի նորարարական տեխնոլոգիաների ոլորտի իրադարձություններին ու կկարողանա դրանք օգտագործել շահավետ պայմաններով։

• Տարվա ամենասպասված նորությունը՝ արհեստական ինտելեկտ




Արհեստական ինտելեկտի մասին խոսում էին դեռ 2017 թվականից։ Այն, ինչ տեսել ենք ֆիլմերում, այսօր արդեն իրական է։

2018 թվականին ուշադրության կենտրոնում էր ԱԻ-ի դերը թվային օգնականներ ստեղծելու գործում, ինչը կարելի է օգտագործել «խելացի» տներում։
Ահա այն տեխնոլոգիաների ցանկը, որոնք լավագույնն էին ԱԻ-ի ոլորտում:

Սմարթ-ձայնարկիչները «Consumer Tech Industry Forecast» հայտարարությամբ լավագույն նորույթն են։ Դրանք, ճանաչելով տիրոջ ձայնը, ըստ ազդանշանի միացնում են նրա նախընտրած երաժշտությունը։ ԱԻ-ն կարևոր դեր է խաղում ավտոպիլոտների ոլորտում, մանավանդ երբ խոսքը ճանապարհին հանդիպած առարկաները ճանաչելու, դրանց մասին ինֆորմացիան վերամշակելու և որոշում կայացնելու մասին է։ Բացի սրանից՝ զանազանվել են երկու հիմնական ուղղություններ. առաջինը մեքենաների հետ զրույցն է, որոնք հասկանում են մարդկանց ու զրուցում նրանց հետ, իսկ երկրորդը՝ ԱԻ-ի հանդեպ վստահություն ներշնչելն ու խոտանները վերացնելը՝ բացատրելով վերջիններիս առաջացման պատճառները։


• Տարվա սենսացիան՝ խելացի քաղաքներ




Սկսած պիցցա առաքող անօդաչու սարքերից մինչև լիակատար էներգասպասարկվող թաղամասեր. խելացի քաղաքներն այն վայրերն են, որտեղ խաչվում են մարդկանց ու տեխնոլոգիաների ճանապարհները։

Խելացի քաղաքներն արդեն իսկ պատրաստ նախագծեր են, սակայն նրանց գինը շուկայում դեռ անհայտ է, քանի որ անընդհատ փոփոխության է ենթարկվում։ Թե ինչքանով մարդիկ կվստահեն ամբողջությամբ տեխնիկականացված քաղաքին ու կապրեն այնտեղ, դեռ անհայտ է, բայց հայտնի ապրանքանիշներն ամեն բան անում են՝ այդ քաղաքի որոշակի մասնիկներ քիչ-քիչ առօրյա մտցնելու համար։

Մինչ այդ մարդկանց ներկայացվում է խելացի քաղաքների ամենամեծ առավելությունը՝ գերապահով լինելն ու սպասարկման ոլորտի անթերի աշխատանքը։

Հայաստանի ՏՏ ոլորտը 2018 թվականին նույնպես աչքի ընկավ կարևոր իրադարձություններով՝ սկսած «Global IT Award» մրցանակի հանձնումից մինչև «Blockchain»-ի հայաստանյան շուկա մտնելը։ Բայց մենք առանձնացրել ենք միջազգային մակարդակի երկու կարևոր նորությունները։

• Տարվա հայաստանյան ցուցադրություն՝ «Digitec-2018»




«DigiTecExpo-2018»-ը այս տարի ամենամեծն էր ու բովանդակալիցը։ Նախ ասենք, որ այն հիմք դրեց այս տարի Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գիտաժողովի համար։

«Digitec»-ը հավաքեց գրեթե 60 երկիր ներկայացնող բազմաթիվ օտարերկրացի մասնակիցների։ Ցուցադրության շրջանակում Հայաստան ժամանեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի տնօրենների խորհրդի անդամներ (WITSA), ինչպես նաև այդ ընթացքում Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառման մասնակից երկրներից ներկայացուցիչներ։

2018 թվականին «DigiTecExpo»-ն հանրությանը ներկայացրեց ինժեներական նորարար լուծումներ ու տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցային և ցանցային որոշումներ, բջջային տեխնոլոգիաներ ու հավելվածներ, խաղային ու մուլտիմեդիայի ոլորտին առնչվող սարքեր, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարություններ բիզնեսի համար։ Անմասն չմնացին նաև կիբերանվտանգության և ֆինանսական ոլորտներին վերաբերող տեխնոլոգիաները։

Հարկ է նշել, որ ցուցադրությանը մասնակցել են ինչպես անհատ ծրագրավորողներ (ստարտափերի հեղինակներ) ու տարբեր ուսումնական կենտրոնների ներկայացուցիչներ (ArMath), որոնց թիվը գերազանցում էր 230-ը, այնպես էլ ավելի քան 120 ընկերություններ (Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies)։

• Տարվա հայաստանյան ձեռքբերում՝ «Sevan startup summit 2018»




Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած շատ կարևոր ՏՏ իրադարձություն էր «Sevan startup summit» համաժողովը։

Վրանային այս ճամբարը անց է կացվում երկրորդ տարին անընդմեջ։ Այս տարի «Sevan startup summit»-ը համախմբել էր 150 ստարտափ թիմեր՝ ընդհանուր 1000 հիմնական մասնակից 35 երկրներից: Միջոցառման 7 օրվա ընթացքում` հուլիսի 22-29-ը, անցկացման վայր է այցելել 5000 մարդ, կազմակերպվել են հանդիպումներ ու բաց դասախոսություններ մասնակիցների համար: Համաժողովի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 50 հազար դոլար։

«Sevan startup summit»-ի մասնակիցների ներկայացրած ստարտափերը երկու հիմնական՝ «starter» և «booster» ծրագրերի էին մասնակցում։ «Starter» ծրագրում հաղթել է «Magic Cup» ստարտափը` ստանալով 5000 դոլարի աջակցություն, իսկ «booster» ծրագրում` «SuperAnnotate AI» ստարտափը` նույնքան գումար ստանալով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ստարտափերը ստացել են համապատասխանաբար 3000 և 2000 դոլար:

Իսկ փակման միջոցառմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։


Մարինա Առաքելյան

Ռադիոալիքների բռնկումների ճշգրիտ բնույթն ու ծագումը դեռևս անհայտ են:

 

Արագ ռադիո-բռնկումները (FRBs) ռադիոալիքների կարճ առկայծումներ են, որոնք տիեզերքում անհայտ տեղորոշում ունեն: Գիտնականներն արձանագրել են երկրորդ կրկնվող բռնկումները: 13 արագ ռադիո-բռնկումները և 6 կրկնվողները, ենթադրվում է,  եկել են մոտավորապես 1,5 միլիոն լուսային տարի հեռու գտնվող նույն աղբյուրից:

 

«Իմանալով երկրորդի մասին՝ ենթադրվում է, որ այնտեղ կարող են ավելի շատ լինել,- ասում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աստղագետ Ինգրիդ Սթեյրսը:- Եթե կրկնություններն ավելի շատ լինեն, և ավելի շատ աղբյուրներ հասանելի լինեն ուսումնասիրության համար, ապա մենք կկարողանանք հասկանալ տիեզերական այդ հանելուկը. որտեղից են դրանք, և որն է դրանց առաջացման պատճառը»:

 

 

«CHIME» (Canadian Hydrogen Intensity Mapping Experiment) աստղադիտարանը, որտեղ հայտնաբերել են արագ ռադիո-բռնկումները, գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Օկանագան հովտում: Այն բաղկացած է 100 մետր երկարություն ունեցող կիսագլանաձև ալեհավաքներից, որոնք ամեն օր սկանավորում են ամբողջ հյուսիսային երկինքը:

 

Հետազոտությունը հրապարակվել է «Nature» ամսագրում:

 

«Մենք հայտնաբերել ենք, որ երկրորդ կրկնվողը և դրա հատկությունները շատ նման են առաջին կրկնվողին,- ասել է Կանադայի Մքգիլ համալսարանի գիտնական Շրիհարշ Թենդուլկարը,- այն ավելի շատ տեղեկություն է մեզ տալիս կրկնվողների հատկությունների մասին՝ որպես պոպուլյացիա»:

 

Փաստը, որը «CHIME»-ի սարքավորումը գտել է երկրորդ կրկնվող արագ ռադիո-բռնկումը, գիտնականների մոտ առաջացրել է թեզիս, թե ապագայում կրկնվող բռնկումների աղբյուրների պոպուլյացիան կհայտնաբերվի:

 

Քնար Միսակյան

Հետազոտական թիմերը, որոնք կազմված են 2-5 անդամներից, իրականացվող արդի հետազոտական և գիտական ծրագրերը նախապես ներկայացրել են հետևյալ ոլորտներում՝ կիրառական մաթեմատիկա, կիրառական ֆիզիկա, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային կառավարման համակարգեր, տվյալների հավաքագրում, տվյալների կառավարում, սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ, չափման տեխնոլոգիաներ, տվիչներ, վերլուծական քիմիա, կենսաբժշկություն, թունաբանություն, նյութագիտություն, աերոզոլային գիտություն, առարկաների ինտերնետ (IoT):

 

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող 7 գիտահետազոտական խմբերը ստացել են դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

Ընտրված 7 գիտահետազոտական խմբերից 3-ը ներկայացնում են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետները:

 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից դրամաշնորհը ստացած գիտահետազոտական խմբի ղեկավարը ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանն է: Գիտահետազոտական խմբի անդամ, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս դրամաշնորհի նպատակը ֆակուլտետում խմբի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելն է:

 

Վերջինիս խոսքով, խմբերի ընտրությունը կատարվել է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումների և հղումների առկայության:

 

Կիրառական ֆիզիկայի ոլորտում խումբը մրցանակը ստացել է «Էլեկտրամագնիսական ալիքների կլանիչներ հաճախությունների ինֆրակարմիր և գեգահերցային տիտույթներում» նախագծի համար:

 

Ա. Բաբաջանյանը հայտնեց, որ նախագծում նախատեսվում է հետազոտել մի շարք կառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան քողարկելու գեգահերցային տիրույթի զննիչները, ինչպես նաև գիշերային պայմաններում անտեսանելի դարձնելու մարդկանց ներկայությունը՝ ինֆրակարմիր տիրույթի կլանիչների օգնությամբ. «Տարաբնույթ տարածական կառուցվածքների օգնությամբ կլանիչի գործառույթային (լայնաշերտություն, ալիքի անկման անկյունից և բևեռականությունից անկախություն) հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց, բազմաթիվ հետազոտություններում նկատվում է խնդրի լուծման ունիվերսալ տարբերակ՝ հաճախությունների  լայն տիրույթում: Մետաղական բարակ շերտով կամ ընդհատ մետաղական կառուցվածքով պատված դիէլեկտրիկ գունդն այս տեսանկյունից տալիս է լայն հնարավորություններ, որոնք լուծում են անկյունային և բևեռականության խնդիրները»:

 

Ըստ Ա. Բաբաջանյանի՝ համեմատաբար պարզ մաթեմատիկական արտահայտությունները հնարավորություն են տալիս հեշտությամբ որոշելու կառուցվածքի պարամետրերը: Նախնական վերլուծությունները թույլ են տալիս պնդել, որ նմանօրինակ կլանման հատկություններով են օժտված բարակ մետաղական կղզյակներն ու խիստ ձգված էլիպսօիդները, որոնք նախագծի կատարման ընթացքում նույնպես կլինեն ուշադրության կենտրոնում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Պարոն Ավետիսյանի «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» անգլերեն լեզվով աշխատությունն արժանացավ պետական մրցանակի: Վերոնշյալ աշխատանքը ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակի ներկայացված միակ աշխատությունն է եղել:

Այս իրադարձությունը տարվա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարելով՝ մենք զրուցեցինք ԵՊՀ պրոֆեսոր Համլետ Ավետիսյանի հետ:



- Պարո՛ն Ավետիսյան, եթե սկսենք սկզբից, Հայաստանում ե՞րբ սկսվեցին ուսումնասիրություններ տարվել ոչ գծային էլեկտրադինամիկայի բնագավառում:

Մինչ 60-ական թվականներն այս ոլորտում կատարվող ուսումնասիրությունները հիմնականում գծային էլեկտրադինամիկային էին վերաբերում:

Այս թեման մեզ մոտ սկսել է զարգանալ դեռևս անցյալ դարի 60-70-ականներին: 1967 թ. Հայաստանում առաջին անգամ հիմնադրվեց մասնիկների արագացուցիչը՝ «ԱՐՈՒՍ»-ը. անվանումը ծագել է ռուսերեն «Армянский ускоритель»՝ «Հայկական արագացուցիչ» բառակապակցության հապավումից: Արագացուցիչն սկսել է գործարկվել Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Ճիշտ է, այն ժամանակ երկրում ստեղծված պայմանները բարենպաստ չէին «ԱՐՈՒՍ»-ի արդյունավետ գործունեության համար, բայց այն մյուս արագացուցիչների նախահայրը դարձավ:

«ԱՐՈՒՍ»-ը հիմք դարձավ նոր սերնդի լազերային արագացուցիչների ստեղծման համար: Հետագայում գերմանական «ԴԵԶԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում բացվեց «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչը:

- Այս թեմայի մասին Ձեր աշխատությունն արժանացել է պետական մրցանակի: Ինչպե՞ս որոշեցիք Ձեր գիտական հոդվածները գիրք դարձնել:

Նախ պետք է նշեմ, որ սա ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկային վերաբերող իմ երկրորդ մենագրությունն է, իսկ առաջինը լույս է տեսել դեռևս 2005 թվականին:
Տարբեր գիտական ամսագրերում վերջին տարիներին լույս տեսած իմ հոդվածները միավորվեցին մեկ աշխատության մեջ՝ դառնալով մենագրություն:

Մենագրությունը «Spinger»-ի պատվերով էր և լույս տեսավ 2015-ի դեկտեմբերին: Փաստորեն, ստացվում է, որ առաջին գրքից 10 տարի անց լույս տեսավ իմ երկրորդ գիրքը և ներկայացվեց պետական մրցանակի: Պետք է նշեմ, որ ամեն ամիս ես ստանում եմ վիճակագրական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է օգտվել իմ գրքից և վերջինիս հղումներ արել: Առաջին 6 ամիսների ընթացքում այդ թիվն արդեն հասնում էր 10.000-ի: Գիրքը կարելի է գտնել աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա: Եթե ավելի պարզ մեկնաբանեմ, ապա գրքում խոսքը գերհզոր լազերային աղբյուրների շնորհիվ ստացված էլեկտրամագնիսական դաշտերի մասին է, որտեղ նյութի լիցքավորված մասնիկների քվանտէլեկտրադինամիկական վակուումում հնարավոր է հականյութ ստանալ:

Ի դեպ, հղումներ կատարվում են նաև իմ այն հոդվածներին, որոնք լույս են տեսել «Physical Review» գիտական ամսագրում:

- Կպատմե՞ք «Հորիզոն 2020»-ի մասին:

Անցած տարի մենք մասնակցում էինք «Հորիզոն 2020»-ին՝ հետազոտությունների և նորարարության ոլորտի հանրային ֆինանսավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Մեր թեման լազերային ճառագայթման կիրառությունն էր բժշկության ու կենսաբանության մեջ: Ստացված օպտիկական պատկերը վերլուծելով՝ մենք փորձում ենք գաղափար կազմել հյուսվածքների վիճակի մասին: Թեման այնքան հետաքրքիր ու ճիշտ էր ներկայացված, որ մեր կենտրոնը միանգամից հետաքրքրություն առաջացրեց մյուս երկրների համապատասխան կենտրոնների մոտ: Ստացանք համագործակցության մի շարք առաջարկներ, ինչը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր: Մենք հասկացանք, որ այս ոլորտում առաջատարի դիրքերում ենք:

- Ձեր կարծիքով, ինչու՞ է մեր երիտասարդների միայն փոքր տոկոսը հետաքրքրված գիտությամբ:

Մեր ամենակարևոր խնդիրը պետք է լինի գիտության երիտասարդայնացումը: Յուրաքանչյուր մասնագետ իր պարտքը պետք է համարի նոր սերնդին իր գիտելիքներն ու փորձը փոխանցելը: Նա պետք է կարողանա լավ կադրեր պատրաստել: Ցավոք սրտի, այժմ գիտությունն այնքան էլ գրավիչ չէ երիտասարդների համար, ինչի պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական են: Շատ կարևոր է բավարար ուշադրություն հատկացնել ոլորտին, կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով գիտությունը երիտասարդների համար ցանկալի դարձնել, հակառակ դեպքում մենք կունենանք ուղեղների արտահոսք, ինչը թույլ չի տա հաղթահարել այն գիտական մարտահրավերները, որոնք այսօր աշխարհն ունի:

- Ընդամենը մի քանի օրից Նոր տարի է: Ո՞րն է Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

Քանի որ արդեն առիթ եղավ խոսելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, ես իմ ամանորյա բարեմաղթանքն էլ նույն տրամաբանության մեջ կձևակերպեմ:
Ես շատ եմ ցանկանում, որ իմ երկիրը հաղթահարի իր առջև ծառացած սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները:

Մաղթում եմ, որ 2019 թ. լինի բարեկեցության տարի, և մեր գիտական ու ակադեմիական ոլորտն իր առաջարկած հնարավորություններով մոտիվացնի հայ երիտասարդներին:

 

Անի Պողոսյան 

Այսպիսով` առաջատար դիրքերում են  ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր Մինաս Բալյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանը, Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Աննա Մարգարյանը, Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:

 

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մինաս Բալյանը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների՝ մասնավորապես համակարգիչների  ունեցած դերը գիտության զարգացման գործում:


 

2018 հրատարակած հինգ հոդվածները զարգացրել և խորացրել են  Մինաս Բալյան գիտնականի վաստակը:

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ասպարեզում զգալի արդյունքներ են գրանցվել Արմեն Թռչունյանի հետազոտությունների շնորհիվ. «Բակտերիաներում համապատասխան գեների արտահայտման, հիդրոգենազների ակտիվության և էներգիայի ձևափոխության մեխանիզմների փորձարարական ուսումնասիրման և համակարգչային վերլուծության արդյունքում բացահայտվել են «E. coli» և Արզնի ու Ջերմուկ հանքային աղբյուրներից մեկուսացված «R. sphaeroides» բակտերիաներում ածխածնի տարբեր աղբյուրների (գլյուկոզի, քսիլոզի, գլիցերինի, սաթաթթվի և խառն ածխածնի) խմորման ընթացքում տարբեր գործոնների, այդ թվում՝ pH-ի միջոցով մոլեկուլային ջրածնի արտադրության կարգավորման վերաբերյալ»:



 

Միաժամանակ, բացահայտվել է «E. coli»-ում լակտոզի խմորման առանձնահատկությունը և դրա ընթացքում ջրածնի անջատումը: «Պարզաբանվել է մրջնաթթվի դերը ջրածնի անջատման գործընթացում։ Օգտագործվել են գարեջրաեփման օրգանական թափոններ, կատարելագործվել են դրանց նախամշակման եղանակները, որոշվել են ջրածնի արտադրության տեխնոլոգիական պայմանների նպաստավոր արժեքները»,- ասաց Արմեն Թռչունյանը:

 

Վերոնշյալ նորարարություններից զատ՝ ուսումնասիրվել է քաղցկեղի փորձարարական մոդելում կենդանիներում արգինինի փոխանակության որոշ ֆերմենտների ակտիվության կարգավորման հնարավորությունը, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն։

 

«Այս արդյունքները հրատարակվել են ազդեցության գործոնով միջազգային հանդեսներում գիտական հոդվածների և մենագրություններում գլուխների ձևով, զեկուցվել են արտասահմանում»,- ամփոփեց Ա. Թռչունյանը:

 

Իսկ Աշոտ Գևորգյանը իր փոքր հաջողություններից մինչև մեծերը պայմանավորեց՝ ԵՊՀ-ում աշխատելով. «Իմ բախտը բերել է. համալսարանն իմ տունն է դարձել, իսկ մասնագիտությունը՝ սիրած զբաղմունքս»:


 

Գևորգյանի խոսքով, պետք է խրախուսել այն ուսանողներին, որոնք մեծ ներուժ և հնարավորություններ ունեն. «Լավ ուսանողներ շատ ունենք, որքան կարողանում խոսում եմ նրանց հետ, խորհուրդներ տալիս, որ մնան, շենացնեն գիտությունը, միայն վատն այն է, որ ֆինանսական աջակցություն չկա»,- նկատեց Ա. Գևորգյանը:

 

 

Խոսելով գրանցած հաջողության և հետագա ծրագրերի մասին՝ Աննա Մարգարյանը փաստեց, որ ցանկացած ասպարեզում հաջողությունը նկատելի է, եթե աշխատանքը սիրով ու հաճույքով է կատարվում. «Ես իմ կատարած աշխատանքից հաճույք եմ ստանում. իմ նվիրումն ու սերն աշխատանքիս անժխտելի են»:


 

Մարգարյանի համոզմամբ, յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի այն աշխատանքով, որը մարդուն հոգեպես հանգիստ  է դարձնում, ուստի դիմելով ուսանողներին՝ ընդգծում է. «Կարևոր է չդավաճանել երազանքներին հասնելու ձգտմանը»:

 

Մարգարյանը աշխատանքային խաղաղ, բնականոն և հաջողակ կյանքը պայմանավորում է նաև առողջ միջավայրով. «Ես աշխատում եմ այնպիսի միջավայրում, որտեղ կա փոխադարձ հարգանք, փոխըմբռնում ու նվիրում»:

 

Սեյրան Զաքարյանը նույնպես կարծում է, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են աշխատանքը սիրելով և բարեխղճորեն կատարելով:

 

Մեկ տարվա ընթացքում Զաքարյանը հեղինակն է երկու մենագրությունների, տասնյակից ավելի հոդվածների. դրանք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում: «Փիլիսոփայությունը շաղկապում է անցյալը, ներկան ու ապագան. անհրաժեշտ է մշտապես ձեռքդ պահել զարկերակին ու քայլել ժամանակին համահունչ»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Պրոֆեսորը հաջողության հասնելու ճանապարհին կարևորում է հետևողականությունն ու ինքնուրույնությունը. «Լինել ինքնուրույն, ստեղծարար և ամենակարևորն է հավատալ սեփական ուժերին»:

 

 

Անգին Խաչատրյան