Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի գրախոս Գևորգ Դանիելյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ, քաղաքական գործիչներ:

 

Գիրքը նվիրված է սահմանադրական կայունության արժեբանական բնութագրին և կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում վերջինիս դերակատարությանը։

 

Մենագրության շրջանակում հետազոտվել են ժողովրդավարության դոկտրինը, սահմանադրական կայունությանն ու Սահմանադրության զարգացմանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության, անմիջական գործողության առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև «սահմանադրական ինքնություն» հասկացությունն ու դրա արժեբանական բնութագիրը:

 

Նշված հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից կատարվել են բազմաթիվ տեսական եզրահանգումներ, մշակվել են հարցադրումներին առնչվող նոր տեսական հայեցակարգեր, և ներկայացվել են ՀՀ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման մի շարք գործնական առաջարկություններ:

 

Մենագրությունը բաղկացած է 5 գլուխներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ենթագլուխներից: Այն նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության ու փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

 

 

Շնորհանդեսը հարթակ է՝ քննարկելու ինչպես մենագրության մեջ ամրագրված դրույթները, այնպես էլ ոլորտում առկա խնդրահարույց հարցերը:

 

Տեղեկացնենք, որ Անահիտ Մանասյանը հեղինակ և համահեղինակ է 4 մենագրության, մեկ դասագրքի, մեկ ուսումնական ձեռնարկի և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր գիտական հանդեսներում:

 

Շնորհանդեսի սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ Ա. Մանասյանի մենագրության քննարկում-շնորհանդեսը ճիշտ ժամանակին է՝ հաշվի առնելով հիմնախնդրի արդիականությունը և ժամանակ առ ժամանակ յուրահատուկ սևեռվածության աստիճանները. «Ընդհանրապես ցանկացած գիտական նյութի արժեք որոշվում է երկու հանգամանքով՝ արդիականություն և հետազոտության գիտականություն՝ խորություն: Ես խիստ տպավորված եմ, քանի որ գրքում առկա են իմ նշած երկու կարևոր հանգամանքները»:  

 

Դեկանը հավելեց, որ ժողովրդավարության գաղափարն անբովանդակ հասկացության կարելի է վերածել մի դեպքում, երբ ժողովրդավարությունը դիտարկում ենք սոսկ որպես իշխանությունը ժողովրդին պատկանելու հատկանիշով օժտված պետական ռեժիմ: Կարևորագույն բացասական երևույթը, որն ունենում են ժողովրդավարության կառավարման համակարգերը, այսպես կոչված, կարգախոսների ստրուկների ձևավորումն է, ինչն էլ իր հերթին բերում է ցածր մշակույթի առաջացման։

 

 

Պարոն Ղազինյանը խոսքը փոխանցեց Գևորգ Դանիելյանին՝ վստահեցնելով, որ վերջինս խորապես ուսումնասիրել է աշխատությունն այն գրախոսելուց առաջ:

 

«Մենագրությունն ընթերցելիս առաջանալու են բազմաթիվ հարցեր, որոնք շատերիս համար առ այսօր թվացել են բավականին պարզունակ, գիտական հետազոտության համար ոչ հարմար, մյուս կողմից կարող է նաև տպավորություն ստեղծվել, որ գրողը չափազանց համարձակ մտքեր է արտահայտում, և հարց կառաջանա՝ ունի արդյոք բավարար հիմքեր դրա համար: Սակայն բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է նշել, որ բավականին հաջողված աշխատություն է ստացվել»,- ասաց պարոն Դանիելյանը:

 

Նա, խոսելով Անահիտ Մանասյանի գիտական աշխատանքի մասին, նշեց, որ այս գրքում առկա դիտարկումները միշտ էլ գտնվելու են ուշադրության կենտրոնում և արդիական են լինելու անկախ քաղաքական իրադարձությունների հետագա զարգացումից:

 

 

Իր ելույթի ընթացքում գրքի գրախոսը մանրամասն անդրադարձավ գրքում առկա հարցադրումներից ամենաակնառուներին՝ կարևորելով այն, որ հեղինակը բացարձակապես չի տրվել հոգեբանական նուրբ հարցերի վերլուծությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նույնպես ելույթ ունեցավ՝ սկզբում շնորհակալություն հայտնելով հրավերի համար:

 

«Հարգելինե՛րս, ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հիմքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է: Կայուն ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկը սահմանադրական կայունությունն է: Կարևորելով  այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք անցած տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում»,- նշեց պարոն Զեյնալյանը:

 

Նա ասաց, որ նման ուսումնասիրությունները քաղաքական գործընթացների տեսական հիմք են և ներուժ ունեն աջակցելու քաղաքականությանը:

 

«Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը նշեց, որ գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում. «Պետք է ասեմ, որ իսկապես շատ հասկանալի, հստակ և շատ ընթեռնելի լեզվով գրված գիրք է: Զուտ արագ թերթելով գիրքը՝ ես նկատեցի, թե որքան համարձակ աշխատանք է մեր առջև դրված»:

 

 

Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը գրքի հեղինակի հետ ծանոթ է դեռ երկրորդ կուրսից ու պատիվ է ունեցել կարդալու նրա հեղինակած բոլոր գիտական աշխատանքները, որոնք նպաստել են նրա՝ որպես մասնագետի հասունացման ընթացքին:


Ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ:

 

Գրքի շնորհանդես-քննարկման ավարտին «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության հեղինակը, ասելով, որ գրքում առկա հիմնական դրույթներն արդեն նշվել են, խոսեց գրքի շապիկի ընտրության մասին:

 

«Իրականում երբ փնտրում էի կայունության խորհրդանիշը, շատ հետաքրքիր տարբեր խորհրդանիշների հանդիպեցի, բայց ամենածավալուն և ամենատարածված խորհրդանիշը տիեզերքն էր: Սկսեցի ուսումնասիրել և բացահայտեցի, որ տիեզերքը բնութագրող մի քանի բառեր են սովորաբար հանդիպում՝ հանգստություն, համերաշխություն, անվտանգություն, ներդաշնակություն: Հենց այս գաղափարներն եմ դրել հասարակական համակարգերի կայունության երաշխիքները մշակելու հիմքում և համոզված եմ, որ նշված համակարգերը կարող են կայուն լինել միայն այն դեպքում, երբ անհատի համար երաշխավորվում են հենց այս չափանիշները»,- ասաց հեղինակը:

 

Իր ելույթի վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ իր հետազոտության իրականացման համար բոլոր ներկաներն իրենց ներդրումն են ունեցել ուղղակի կամ անուղղակի տարբեր ձևաչափերով:

 

Շնորհանդեսի վերջում գրքի հեղինակը բոլոր ցանկացողներին նվիրեց իր գիրքը՝ այն անձամբ մակագրելով:

 

Մարինա Առաքելյան

 

Մենագրության շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, գիտնականներ, համշենցիներ, հյուրեր արտրերկրից, ուսանողներ:

Միջոցառումը մեկնարկեց Համշենի բնաշխարհի վերաբերյալ տեսանյութով, որը պատմում էր նաև Համշենի պատմամշակութային վայրերի մասին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, որը ներկայացրեց միջոցառման օրակարգը և շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին աջակցության համար:



«Հնչող քննադատությունների ծիրում, հաճախ ոչ հիմնավոր, պետք է տեսնել այն դրականը, որ կա Մայր բուհում»,- ասաց պրոֆեսոր Մելքոնյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, պատմեց համշենցիների հետ իր ծանոթության մասին:

«Համալսարանում մենք կարևորում ենք համշենահայության մասին գիտական ուսումնասիրությունները: Վերջին տարիներին մեր գիտնականների, գիտաշխատողների և հայրենակիցների շնորհիվ մեր աչքերը բացվում են դեպի Համշեն, համշենահայություն: Երևանի պետական համալսարանն անմասն չմնաց այս ընթացքից և իր ուժերի ներածին չափով, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի աջակցությամբ, կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք հոդվածներ, աշխատություններ ու կինոֆիլմեր ստեղծել Հայագիտության հետազոտությունների ինստիտուտում, դրանց թվում՝ այս նոր աշխատությունը:



Ես ծանոթացել եմ այս աշխատությանը և որպես պատմաբան շատ բարձր եմ գնահատում այն: Ես համշենագետ չեմ և այս գրքի հրատարակության փաստին եմ մոտենում որպես հայ մարդ, որի համար Համշենն ու համշենահայությունը մնալու են թանկ մարգարիտներ»,- ասաց ռեկտորը:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, խոսելով հասարակագիտական ոլորտի ֆինանսավորման մասին, նշեց, որ բյուջեն աճել է, ինչը վկայում է գիտնականների հրաշալի աշխատանքի մասին:

Ընթերցելով գիտության կոմիտեի ուղերձը՝ նա ասաց, որ այսուհետ ևս կենտրոնում է պահվելու հայագիտության ոլորտը:

«Ձեռագրերն անգնահատելի գիտական և պատմամշակութային արժեք են իրենցից ներկայացնում, և դրանց ուսումնասիրությանը նվիրված աշխատությունը ոչ միայն զուտ գիտական, այլև խիստ ազգանվեր գործ պետք է համարենք»,- ասաց Սամվել Հարությունյանը:



ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատմեց Համշեն իր այցի մասին:

«Անհնարին է Համշենին չսիրահարվել: Չնաշխարհիկ բնություն է: Երբ Համշենում իմ կոտրված թուրքերենով մի երիտասարդի հարցրի՝ այստեղ հայ կա՞, նա քմծիծաղ տվեց՝ ասելով, որ այստեղ բոլորը հայ են: Երբ մեր ընկերներից մեկը հարցրեց՝ եղե՞լ են Հայաստանում, նրան պատասխանեցին՝ մենք Հայաստանում ենք ապրում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց նաև, որ բանասերի, թուրքագետի և պատմաբանի որակները գումարվել են իրար՝ թույլ տալով Լուսինե Սահակյանին ստեղծել հայագիտական արժեքավոր աշխատություն:

Ռուբեն Մելքոնյանը, ուշադրություն հրավիրելով դահլիճում ներկայացվածության վրա, նշեց, որ դա փաստում է Համշենի հանդեպ մեծ հետաքրքրությունը:



«Երկար տասնամյակներ թուրքական քարոզչամեքենան փորձել է հերքել Համշենի յուրահատուկ ինքնությունը: Նրանց է միացել նաև ադրբեջանական պրոպագանդան, որը քարոզում է, թե Համշենում որևէ հայկական հետք չկա և չի եղել: Այս գիրքը մեր գիտության պատասխանն է: Համշենը եղել է քրիստոնեական կարևոր օջախ, Հայ առաքելական եկեղեցու կարևոր թեմերից մեկը՝ քրիստոնյա բնակչությամբ»,- ներկայացրեց Ռուբեն Մելքոնյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ ազգագրագետ, բանահավաք Սերգեյ Վարդանյանը՝ շեշտելով, որ գրքի շնորհանդեսը տոնի է վերածվել: Նա պատմեց ուսումնասիրությունների ընթացքի ու առաջացող բարդությունների մասին:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ մենագրության հեղինակը մեծ ջանքեր է գործադրել և անդրադարձել է նրբին դիտանկյունների: Նա կարևորեց նաև գրաբարյան հատվածներն արևելահայերենի փոխադրելու փաստը:

Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն արժեքավորեց Լուսինե Սահակյանի աշխատանքը ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնում: Նա խոսեց նաև մենագրության առանձնահատկությունների և շարադրանքի լեզվական բարձր որակի մասին:



Մենագրության հեղինակ Լուսինե Սահակյանը պատմեց դաշտային աշխատանքների, պատմական աղբյուրների սակավության մասին, ներկայացրեց նաև գրքի հիմնական էությունը:
«Շարժառիթներից մեկը հնարավորինս ի մի բերելն էր Համշենում եղած փաստերը: Ուսումնասիրելով նախորդ հեղինակներին՝ ես հասկացա, որ մեզ դա կարող են հուշել ձեռագիր մատյանները»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նշեց նաև, որ շատ են եղել հարձակումներ թուրքական գիտական շրջանակների կողմից, որոնք միտված էին ապացուցելու, թե Համշենը հայկական ոչինչ չունի:

Մանրամասն ներկայացնելով ձեռագրերը՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ հիշատակարանների փաստական նյութը փորձել է համադրել և համեմատել այդ նույն ժամանակաշրջանում Ստամբուլի վարչապետական արխիվում պահվող օսմանյան աշխարհագիր մատյանների փաստական նյութի հետ:

Լուսինե Սահակյանն իր ելույթն ամփոփեց՝ շնորհակալություն հայտնելով ուսումնասիրության ժամանակ իրեն աջակցած մարդկանց:

Միջոցառումն ավարտվեց համշենցի երաժիշտների համերգային ծրագրով:

 

Մարի Ռաֆյան

 

Գիտաժողովի զեկուցումները կարող են առնչվել տարբեր ոլորտների՝ պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն, սոցիոլոգիա և այլն: Զեկուցումները կարող են ընդգրկել ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Բանգլադեշի և այլ ժողովուրդների հանդեպ գործած ցեղասպանություններին, ինչպես նաև մարդկության դեմ գործած այլ հանցագործություններին վերաբերող թեմաներ:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀԻ անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին և Ցեղասպանագիտության բաժնի ասպիրանտ Նելի Աբրահամյանը։

Ysu.am-ին տված հարցազրույցում գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը պարզաբանեց նման գիտաժողովի անցկացման նպատակը, կարևորությունն ու ցանկալի արդյունքները։

- Մենք մի խնդրի առաջ ենք կանգնած, որը լուծում է պահանջում. այդ խնդիրը ցեղասպանագետների փոքր քանակն է Հայաստանում։ Հենց սրա համար ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնի հիմնական առաքելություններից մեկն այս ոլորտում հետաքրքրվող մարդկանց ներգրավելն է, և քանի որ հետաքրքրությունը ձևավորվում է հենց ուսանողական տարիներից, մենք որոշեցինք նման գիտաժողով կազմակերպել։

Ցեղասպանագիտությունը հատուկ ոլորտ է և Հայաստանի համար շատ կարևոր։ Այն նաև քաղաքական թեմա է, և Հայաստանը, որդեգրելով Հայոց ցեղասպանության ճանաչման արտաքին քաղաքական առաջնահերթությունը, միաժամանակ որդեգրել է ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի ու կանխարգելման ռազմավարություն։ Այդ առումով մենք պարտավորություն ունենք ոչ միայն մեր ազգի առաջ՝ պատրաստելու համապատասխան որակի և քանակի մասնագետներ, այլև աշխարհի առաջ, քանի որ ցեղասպանությունները դեմ պայքարի և դրանց կանխարգելման հարցերում առաջամարտիկը լինելով՝ պետք է ունենանք ցեղասպանագիտական դպրոց, որը կզբաղվի ոլորտին առնչվող հարցերով։ Բայց վերջին տարիներին մենք նկատում ենք, որ թեման ուսումնասիրող հայ մասնագետների թիվը նվազում է, ու սրան զուգահեռ աճում է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը թուրքերի մոտ։ Բազմաթիվ թուրք մասնագետներ կան, որոնք աշխարհի տարբեր համալսարաններում զբաղվում են ցեղասպանագիտությամբ։ Այս մրցակցության մեջ մենք պետք է ունենանք մասնագետներ՝ հավասար պայմաններում մրցելու համար։

- Ներգրավելով ուսանողներ նաև արտասահմանյան բուհերից՝ նպատակ ունե՞ք ընդլայնել այս թեման։

- Այո՛, մեր կարծիքով, լավ կլինի, որ գիտաժողովին մասնակցեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Հայաստանի ու Արցախի բուհերի ուսանողները, ինչպես նաև ուսանողներ արտասահմանյան կրթական հաստատություններից: Արդեն հայտարարել ենք, որ գիտաժողովի աշխատանքային լեզուները երեքն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մենք ուրախ կլինենք հյուրընկալել բոլոր մասնակիցներին ԵՊՀ-ում։ Այս գիտաժողովը լավ հարթակ կլինի ծանոթություններ ձևավորելու, նոր կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

- Արդյո՞ք գիտաժողովն ամենամյա դառնալու միտում ունի։

- Սա այս ձևաչափով առաջին գիտաժողովն է։ Այս տարի նախընտրել ենք գիտա-ողովն անցկացնել այսօրինակ ձևաչափով՝ նպատակ ունենալով այն հետագայում շատ ավելի ընդգրկուն դարձնել։ Կարևորը լավ մեկնարկն է, որ այն դառնա համալսարանում կազմակերպվող ամենամյա գիտաժողովներից մեկը։ Հետագա գիտաժողովների ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչքանով է հետաքրքիր այս թեման ուսանողների համար, որքանով են ուսանողները ներգրավված նման հետազոտությունների մեջ և կցանկանան այս թեմայով զբաղվել իրենց գիտական գործունեության ժամանակ։

- Ո՞ր ֆակուլտետների ուսանողները կարող են զեկուցումներ ներկայացնել գիտաժողովին։

- Ցեղասպանագիտությունը միջառարկայական գիտաճյուղ է։ Բնականաբար, հիմնականում զեկուցումներ են ներկայացնելու պատմաբանները, քաղաքագետները, միջազգայնագետներն ու իրավաբանները, բայց Սոցիոլոգիայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները նույնպես կարող են զբաղվել ոլորտի ուսումնասիրությամբ։

- Գիտաժողովի արդյունքում լավագույն զեկուցումները տպագրվելո՞ւ են արդյոք։

- Եթե դրանք լավը լինեն և իսկապես արժանի տպագրության, ապա միգուցե լույս տեսնի այդ զեկուցումները ներառող գրքույկ։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թ. ապրիլի 1-ը ներկայացնել զեկուցումների թեմաների առաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ), ինչպես նաև զեկուցողի CV-ն ուղարկել ysu.genocide.studies@gmail.com էլ. հասցեին:


Մարինա Առաքելյան


Միջոցառումը կազմակերպել էր Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որի նախագահ Սիրանույշ Բաղումյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց բանախոսին ու բանախոսության թեման:
Նա ասաց, որ երկօրյա դասախոսությունների ընթացքում ուսանողները ծանոթանալու են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի քաղաքակրթությանը, մշակույթին ու արվեստին:

Դասախոսության սկզբում Արա Աթայանը հարց ուղղեց լսարանին, թե ինչու են նրանք հենց իրեն ընտրել որպես այս թեմայի բանախոս: Լսելով պատասխանը՝ նա նշեց, որ ինքն իրեն չի համարում մշակութաբան, չնայած դասավանդում է «Մշակույթի պատմություն» առարկան: Պարոն Աթայանը խոստովանեց, որ իր կարծիքով, աշխարհում չկան ավելի անհետաքրքիր գրքեր, քան ժամանակակից մշակութաբանների ու արվեստաբանների գրքերն են։



«Ես չեմ փորձի մշակութային վերլուծություն անել, այլ կփորձեմ կիսվել մտքերով, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում»,- ասաց նա:

Արա Աթայանը խոսեց եգիպտական մշակույթի մասին և հարց ուղղեց լսարանին՝ արդյո՞ք այն մարդը, որը ստեղծեց եգիպտական քաղաքակրթությունը, աշխարհի մասին գիտեր ավելի քիչ, քան մենք, թե նա այն պատկերացնում էր այլ կերպ:




Ինտերակտիվ դասախոսության ընթացքում բանախոսն ասաց, որ հին եգիպտացին, անկասկած, չգիտեր այն, ինչ մենք գիտենք, և ավելացրեց, որ մենք էլ չգիտենք այն, ինչ գիտեր նա, քանի որ մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են եգիպտացիներն այդչափ հմտացել ճարտարապետության և քանդակագործության մեջ։

Արա Աթայանը խոսեց պատմության մեջ ամենամեծ հեղափոխության մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդը սկսել է գյուղատնտեսությամբ զբաղվել։ «Մինչ այդ հողը, կենդանական և բուսական աշխարհը, որոնք դիտարկվում էին անիրական, սկսում են մշակվել: Այդ ժամանակ մարդը չէր կարողանում տեսնել աստղերը ու լսել դրանց ձայնը, բայց սկսում է հաշվել դրանք»,- ասաց նա։

«Հավերժությունից դեպի ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով դասախոսությունը բազմաբովանդակ էր: Պարոն Աթայանն ուսանողներին նկարներով գործնականում ցույց էր տալիս հին քաղաքակրթության արվեստի նմուշները՝ բուրգեր, քանդակներ, արձաններ և այլն:

«Եգիպտոսում ցանկացած մարդ հասուն տարիքում սովորում էր հիերոգլիֆները և սերտում մեռյալների գիրքը։ Կյանքը մի ընթացք էր, որի ժամանակ մարդը պատրաստվում էր մահվան։ Բացի դրանից՝ Հին Եգիպտոսում մարդը դեռ մարդ չէր։ Նա ավելի շատ աստված էր կամ կենդանի»,- ասաց բանախոսը։ 



Մի քանի ժամ տևած դասախոսության ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտները ծանոթացան Հին Եգիպտոսի արվեստի պատմությանն ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:



Մարինա Առաքելյան

Սեմինարի բանախոսն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր (DrPhil) Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Հանդիպմանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ֆակուլտետի մագիստրոսներ, ասպիրանտներ:



Ռուբեն Մելքոնյանը ողջույնի խոսքով շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ կարևորելով թեմայի ընտրությունը, քանի որ ժամանակակից աշխարհում գիտության ոլորտում մրցակցությունը պայմանավորված է նաև հեղինակավոր պարբերականներում տպագրությամբ:

«Իհարկե, մի կողմից՝ պետք չէ ֆետիշացնել պարբերականներում տպագրվելը, մյուս կողմից՝ սա այն կարևոր տարրերից է, որ ձևավորում է 21-րդ դարի գիտնականին: Եթե մենք ուզում ենք, որ մեր գիտությունը մրցակցային և մրցունակ լինի, հատուկ ուշադրություն պետք է դարձնենք միջազգային հեղինակավոր ամսագրերին և դրանցում տպագրվելու խնդրին»,- ասաց ֆակուլտետի դեկանը:



Դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, խոսելով տպագրվելու անհրաժեշտության մասին, նշեց, որ այս հարցը խնդրահարույց է, քանի որ գիտնականները ստիպված են լինում կիսել ուշադրությունը և ժամանակը՝ փորձելով համատեղել և՛ դասախոսական աշխատանքը, և՛ հոդվածներ գրելը, ինչպես նաև տպագրելու երկարատև աշխատանքը:

Բանախոսը ներկայացրեց 1996-2017 թվականներին տպագրված հոդվածները թվերով, որտեղ հստակ երևում էր հումանիտար և հասարակագիտական ճյուղերին պատկանող հոդվածների փոքր թվաքանակը՝ 15450 հոդվածից մոտ 662 հոդված:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց պարբերականների շտեմարանները և հավելվածները, որոնք հնարավորություն են տալիս գտնելու թե՛ հետաքրքրող թեմաները, թե՛ գիտնականներին:

Նա շեշտեց համապատասխան պարբերական գտնելու անհրաժեշտությունը, քանի որ կարևոր է «Impact factor»-ը՝ այն ցուցանիշը, որը ցույց է տալիս հոդվածների և ամսագրերի ազդեցությունը:



Բանախոսն անդրադարձավ նաև կեղծ գիտություն երևույթին, երբ որոշ ինքնահռչակ պարբերականներ դիմում են տարբեր գիտնականների, կապ են հաստատում նրանց հետ և առաջարկում տպագրվել: Ինչպես նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը, նմանօրինակ պարբերականները չեն համապատասխանում գիտական չափանիշներին, չունեն գրախոսներ, քննադատներ, հաճախ նույնիսկ տպագրում կամ առցանց հարթակում տեղադրում են ակնհայտ կեղծ, տառասխալներով հոդվածներ:

Տպագրության դիմելու ընթացքում պետք է ուշադիր լինել բոլոր չափանիշներին, քանի որ անգամ փոքր անհամապատասխանությունների դեպքում հոդվածագիրը մերժում է ստանում: Մերժում է սպասվում նաև այն դեպքում, երբ գիտնականները փորձում են նույն հոդվածը մի քանի տարբեր պարբերականների ուղարկել:

Տպագրման գործընթացը ներկայացնելիս Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ այն տևում է 6 ամսից մինչև 3 տարի: Ստացվող պատասխանները երեքն են՝ ընդունում, փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, մերժում: Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց նաև կույր գրախոսությունը, երբ հոդվածից հեռացվում է հեղինակի անունը և ուղարկվում գրախոսներին:



Նա անդրադարձավ նաև լեզվի խնդրին: Քանի որ հաճախ գիտնականները վստահ չեն, որ գիտեն համապատասխան մակարդակի անգլերեն, նրանք խուսափում են տպագրության դիմելուց: Այս խնդրի լուծումը, ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, այդքան էլ բարդ չէ, դրա համար պետք է ներգրավել անգլերեն բաժինների ուսանողներին կամ համապատասխան հանձնաժողովներ ստեղծել:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց նաև տեխնիկական նրբությունների մասին, ինչից հետո ներկաների մասնակցությամբ հոդված ուղարկեց տպագրության՝ գործնականում ցույց տալով բոլոր քայլերը:

 

Մարի Ռաֆյան