ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Մանուշակ |
| 20.07.10
Ես այս տարի փոխադրվել եմ 11-րդ դասարան: Հարցս հետեւյալն է. կարո՞ղ եմ հաջորդ տարի մասնակցել ընդունելության քննություններին և ընդունվել համալսարան: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Մինչհամալսարանական կրթության կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյան |

|
21.07.10
Հարգելի Մանուշակ,
ԵՊՀ կարող է դիմել միջնակարգ կրթություն ստացած յուրաքանչյուր դիմորդ: Եթե հաջորդ տարի ավարտեք դպրոցը, ապա Դուք կարող եք դիմել եւ մասնակցել ընդունելության քննություններին:
Տաթևիկ Համբարձումյան |
| 02.09.10
Ես ավարտել եմ ԵՊՄՀ-ի իրավագիտության բաժինը` հինգամյա կրթությամբ: Այժմ ցանկանում եմ սովորել ԵՊՀ-ի մագիստրատուրայում` Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և դատավարություն բաժնում: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ է հարկավոր ընդունվելու համար:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
07.09.10
Հարգելի Տաթեւիկ,
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում կարող են սովորել այն ուսանողները, ովքեր բակալավրիատում ստացել են իրավաբանական կրթություն: Ընդունվելու համար այդ ուսանողները պետք է հանձնեն ընդունելության քննություն բակալավրի պետական քննության ծրագրով: ԵՊՀ-ում մագիստրատուրայի առկա ընդունելությունն արդեն ավարտվել է: Դուք կարող եք դիմել` հեռակա ուսուցման համակարգով ուսուցումը շարունակելու համար:
Անի |
| 02.09.10
Սովորում եմ Հոգեբանության բաժնի երկրորդ կուրսում: Քույրս նույնպես ուսանող է, այս տարի ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիա: Հարցս այսպիսին է. մեր ընտանիքում երկու ուսանող կա, ովքեր սովորում են վճարովի համակարգում: Ես կարո՞ղ եմ օգտվել ուսման վարձի զեղչերից:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
07.09.10
Հարգելի Անի,
Եթե Դուք ներկայացնեք տեղեկանք, որ Ձեր քույրը Գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է վճարովի համակարգում եւ Դուք սովորում ենք առանց լուծարքների, ապա, համաձայն ԵՊՀ կանոնակարգի, Դուք կստանաք ուսման վարձի 20% զեղչի իրավունք:
Դիմորդ |
| 02.09.10
Հանձնել եմ քննություններ եւ ստացել եմ հայոց լեզվից 11.75 միավոր, անգլերենից` 8.75 միավոր, պատմությունից` 9 միավոր: Հնարավո՞ր է այս միավորներով ընդունվել Աստվածաբանության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգ, եւ հնարավո՞ր է հունվարից տեղափոխվել ստացիոնար ուսուցման համակարգ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյան |

|
07.09.10
Հեռակա ուսուցման համակարգի ընդունելությունը իրականացվելու է մրցութային կարգով: Եթե Ձեր միավորները բավարարեն, ապա դուք կընդունվեք, իսկ եթե միավորները ցածր լինեն, ապա ցանկալի է, որ գործերը հանձնելիս (մինչեւ սեպտեմբերի 20-ը) Ձեր ստացած ցածր միավորները վերահանձնեք եւ ավելի բարձր միավորներ ստանաք: Տեղափոխությունները իրականացվում են մեկ տարի սովորելուց հետո, եւ հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը: Առկա ուսուցման համակարգ տեղափոխությունը նույնպես օրենքով թույլատրելի է: Տեղափոխության համար կարող եք դիմումով դիմել ԵՊՀ ռեկտորին: Տեղափոխության վերջնական որոշումը կայացնում է ռեկտորը:
Վիգեն Սանահյան |
| 31.08.10
Ես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանող եմ, և հնարավոր է հոկտեմբեր ամսին բացակայեմ երկրից անձնական խնդիրներով: Հնարավո՞ր է արդյոք ազատվել դասերից:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
07.09.10
Հարգելի Վիգեն,
Դասերից ազատվում են միայն հարգելի պատճառներով: Դրա համար անհրաժեշտ է, որ Դուք դիմումով դիմեք ԵՊՀ ռեկտորին, եւ ռեկտորի թույլատրությունը ստանալու դեպքում Ձեր բացակայությունները կհամարվեն հարգելի: Եթե ուսանողը բացակայում է անհարգելի պատճառներով, ապա նրա բոլոր բացակայությունները կարող են ազդել նրա առաջադիմության վրա եւ նույնիսկ կարգապահական տույժի առիթ դառնան:
Սոնա |
| 29.08.10
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» հնարավորությունը ողջունելի է: Ես` Սոնա Մանուկյանս, ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, կառավարում մասնագիտությամբ, վճարովի ուսուցման համակարգով: Բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում որքա՞ն ժամանակ անց կարող եմ սովորել անվճար համակարգով, և հնարավո՞ր է սովորել, օրինակ, 40 կամ 50 տոկոս զեղչով:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
07.09.10
Հարգելի Սոնա,
Ռոտացիան իրականացվում է տարին մեկ անգամ: Այս տարվա առաջին կուրսեցիների համար այն կիրականացվի հաջորդ տարի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Զեղչերի համակարգին կարող եք ծանոթանալ ինչպես Ձեզ տրված առաջին կուրսեցիների փաթեթից, այնպես էլ` ԵՊՀ պաշտոնական կայքից: