Արտասահմանյան ուսանողների թվաքանակի աճը 1961 թ-ին հանգեցրեց արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի բացմանը: Մինչ այժմ այստեղ նախապատրաստական դասընթացներ են անցել 55 երկրների շուրջ 6000 քաղաքացիներ (այդ թվում` 2600 սփյուռքահայեր):
Մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսանողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ` հետագայում հայոց լեզվով մասնագիտական կրթություն ստանալու համար:
Ըստ հայոց լեզվից ունեցած նախնական գիտելիքների` ուսանողները բաժանվում են հետևյալ խմբերի.
1. հայերենին չտիրապետողներ
2. լեզվին տիրապետողներ
Երկրորդ խմբի մեջ հիմնականում ընդգրկվում են սփյուռքահայ գաղթօջախներից ժամանած ուսանողները: Այս բաժանումներին էլ համապատասխան` անց են կացվում պարապմունքները:
Բնագիտական առարկաների բաժինն իրականացնում է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հաշվիչ մեքենաներ և ինֆորմատիկա, իսկ հասարակագիտականը` պատմություն, աշխարհագրություն առարկաների դասավանդումը:
Ուսումնամեթոդական աշխատանքների` տարիների ընթացքում կուտակված դրական փորձը հիմք է ծառայել հայերենը և ռուսերենը` որպես օտար լեզու, ուսումնասիրելու արդյունավետ մեթոդիկայի մշակման համար: Արդյունքում` օտարերկրացիներն ուսումնառության առաջին երկու ամսում կարողանում են հաղորդակցվել, հաջորդ շրջանում այդ լեզուների միջոցով նաև ուսումնասիրել մասնագիտական առարկաները:
2000 թ. հայոց և օտար լեզուների դասախոսների ուժերով լույս է ընծայվել «Քերականական եզրեր» եռալեզու բառարանը (հայերեն, ռուսերեն, անգլերեն), իսկ այժմ պատրաստ է հրատարակման բառարանի վերամշակված նոր տարբերակը (այժմ հինգ լեզվով. ավելացել են ֆրանսերենն ու գերմաներենը): Բառարանի օգնությամբ արտասահմանցի ուսանողը կարողանում է քերականական զուգահեռներ անցկացնել իր մայրենի և ուսումնասիրվող լեզվի միջև:
Ֆակուլտետը հնարավորություն ունի ուսանողներին ապահովելու հարմարավետ հանրակացարանով, որը գտնվում է ուսումնական մասնաշենքում: Հանրակացարանում գործում են գրադարան-ընթերցասրահը, լինգաֆոնային և համակարգչային լսարաններ:
Ֆակուլտետում ուսման տևողությունը մեկ տարի է (սեպտեմբերի 1-ից հուլիսի 30-ը), որն ընդհատվում է ձմեռային մեկամսյա (հունվար) արձակուրդով:
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կանոններն ու կարգը
ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նրանք, ովքեր վատ են տիրապետում հայերենին: Օտարերկրյա ուսանողները, ընդհանուր կրթության գիտելիքների (մաթեմատիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, օտար լեզու և այլն) ամրապնդմանը զուգընթաց, սովորում են հայերեն կամ լրացնում են հայոց լեզվի իրենց իմացությունը:
Ուսումնական տարվա վերջում օտարերկրյա այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հանձնել են իրենց քննությունները, ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ:
ԵՊՀ բակալավրիատ կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայոց լեզվին և նախընտրած ֆակուլտետի համար կարող են հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունները:
ԵՊՀ մագիստրատուրա կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և ունեն բակալավրի աստիճան: Եթե դիմորդը շարունակում է իր կրթությունը մեկ այլ մասնագիտությամբ, ապա նա պետք է ընդունելության քննությունը հանձնի նախընտրած ֆակուլտետի մասնագիտական առարկաներից:
Բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին անհատական ուսումնական ծրագրով (1-2 ուսումնական տարով) հնարավորություն կտրվի սովորել մագիստրատուրայում:
Ասպիրանտուրայում կարող են սովորել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն մագիստրանտի աստիճան և ազատ տիրապետում են հայերենին կամ ռուսերենին: Մի շարք մասնագիտությունների դեպքում դասընթացը կարող է կազմակերպվել նաև անգլերեն:
ԵՊՀ դիմող օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
դիմում ԵՊՀ ռեկտորին, որտեղ պետք է նշվի մասնագիտացումը
դիպլոմի պատճենը` հաստատված նոտարական գրասենյակի կողմից, որտեղ նշված են ուսումնասիրած առարկաներն ու հանձնած քննությունների գնահատականները
ընդհանուր բժշկական փաստաթուղթ
փաստաթուղթ ՁԻԱՀ-ի բացակայության մասին
անձնագրի պատճենը
ծննդյան վկայականի պատճենը
վեց լուսանկար (4x5 չափի)
Նրանք, ովքեր որպես հետազոտող (1-2 ուսումնական կիսամյակ) ցանկանում են ընդունվել ԵՊՀ, ասպիրանտ` գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար (3 տարվա ուսումնառություն), պետք է ներկայացնեն հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը.
ուսումնական պլան և համառոտ հոդված (անոտացիա) ապագա ատենախոսության մասին` նշելով ատենախոսության վերնագիրը
հրատարակված հոդվածների պաշտոնապես հաստատված ցանկը կամ գիտական թեզին վերաբերող 2-3 թեմա
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է վավերացվեն այդ երկրում ՀՀ դեսպանատան, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Փաստաթղթերն ու զեկույցները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:
Օտարերկրյա քաղաքացիների արտագնա ուսումնական ծրագիրը
Արտասահմանյան համալսարանների 3-4-րդ կուրսերի այն ուսանողները, ովքեր բավարար գիտելիքներ ունեն հայերենից, մեկ ուսումնական տարով նույնպես կարող են ընդունվել ԵՊՀ: Նրանք սովորում են ֆակուլտետի հիմնական մասնագիտական (8-10), ինչպես նաև ԵՊՀ-ի կողմից առաջարկվող և համալսարանում դասավանդվող առարկաներ:
Ֆակուլտետի դեկանն անհատական պլան է կազմում ընտրված առարկան ուսումնասիրելու համար, որը հաստատվում է ֆակուլտետի պատասխանատու անձի և գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի կողմից: Ավարտելուց հետո ուսանողին տրվում է վկայական, որտեղ, ըստ ժամաքանակի, նշված են անցած առարկաները:


.jpg)









