Հոկտեմբերի 21-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողներ Սերվիս ամբիոնի վարիչ Ս. Սուվարյանի և նույն ամբիոնի դասախոս Գ. Ալեքսանյանի ուղեկցությամբ մեկնեցին ԵՊՀ ԻՄ համագործակցային կապեր հաստատելու: Այն իր մեջ ընդգրկում էր և՛ սեմինար-քննարկում, և՛ գիտաճանաչողական այց:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը` նշելով. «Տավուշի մարզը, լինելով սահմանամերձ շրջան, զբոսաշրջության կազմակերպման և զարգացման համար մի շարք խոչընդոտների է հանդիպում: Մենք բոլորս խնդիր ունենք զբոսաշրջիկներին ցույց տալու, որ սահմանը առավելություն է, և զբոսաշրջիկը ինքը կդառնա խաղաղության բանալի հարևան երկրների միջև»:
Զեկուցողներ Անահիտ Սուքիասյանը և Վարդիթեր Հայրապետյանը ներկայացրին Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժը` անդրադառնալով զբոսաշրջության այն տեսակներին, որոնք մարզում զարգացած են կամ հնարավորություն ունեն զարգանալու: Զեկուցումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որին միացան ինչպես ուսանողներ երկու համալսարաններից, այնպես էլ դասախոսներ: Առաջադրված մի շարք խնդիրները նորից քննարկելու և մեղմելու նպատակով որոշվեց որպես շարունակություն սեմինարի-հանդիպում կազմակերպել Երևանում:
Սերվիսի ամբիոնի դասախոս Գ. Ալեքսանյանն էլ իր խոսքում հորդորեց ուսանողներին, համագործակցելով տուրիստական ընկերությունների հետ, կազմել երիտասարդական արշավներ, վերջիններս իրենց մեջ կընդգրկեն այնպիսի դեստինացիաներ, որոնք ունենալով մեծ գրավչություն, չունեն մեծ ճանաչում: Ամփոփելով իր խոսքը Գ. Ալեքսանյանը հավելեց, որ յուրաքանչյուր գաղափար պետք է դնել կիրառության մեջ, քանի որ առանց կիրառության ամենալավ գաղափարն էլ կորցնում է իր գրավչությունը:
Հյուրընկալ ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած սեմինար-քննարկումից հետո ուսանողներն և դասախոսական անձնակազմը այցելեցին Իջևանի դենդրոպարկ, իսկ վերադարձին ճանաչողական այց կատարեցին Հաղարծին վանական համալիր:
Հեղինակ՝ Անահիտ Զարգարյան