23.11.2017 | 
Ուսանողական
Հետադարձ հայացք. Կիմ Ավագյան
Հետադարձ հայացք. Կիմ Ավագյան
«Հետադարձ հայացք» ծրագրի առաջին հյուրը 1975-1976 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կիմ Ավագյանն էր:

2017 թվականին ԵՊՀ ՈՒԳԸ-ն նշում է հիմնադրման 70-ամյակը: Սա հրաշալի առիթ է հիշելու և ճանաչելու այն մարդկանց, ովքեր այս 70 տարիների ընթացքում ստանձնել են ՈՒԳԸ նախագահի պատասխանատու պաշտոնը և փայլուն կատարել իրենց առջև դրվածբարդ ու դժվարին պարտականությունները:

 

Մեր առաջին զրուցակիցը 1975-1976 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կիմ Ավագյանն է, ով  նաև «Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը 1922-1972 թթ.» գրքի հեղինակն է։

 

-Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ:

- Բանասիրության ֆակուլտետ ընդունվեցի, քանի որ հորեղբայրս բանասեր էր: Դա ինձ գրավեց: Գյուղում մեծացած տղայի համար տպավորիչ էր լսել, տեսնել, նայել, թե ինչպես են գրքեր տանում-բերում, համալսարանից խոսում: 60-70-ական թվականներին Ախալքալաքից Երևան եկողները շատ քիչ էին: Այդ տարիներին դպրոցների մեդալակիրները կողմնորոշվում էին ուսուցիչների կողմից դեպի Երևան, օրինակ` հորեղբայրս: Ես մեդալի թեկնածու էի, բայց վրացերենից 3 նշանակեցին ինչ-ինչ պատճառներով, չնայած որ մեր դպրոցները հիանալի էին, հատկապես լեզվի ու մաթեմատիկայի ուսուցիչները նվիրված էին իրենց աշխատանքին, օրինակ՝ իմ հայոց լեզվի դասատուն` Ասլանյան Լենան։ Նաև նրա շնորհիվ հայտնվեցի համալսարանում: Այն հայերենը, որի միջոցով ես կարողանում եմ ճառ ասել, ելույթ ունենալ, գիտական որևէ բան ներկայացնել, Լենայի շնորհիվ էր: Դժվարությամբ ընդունվեցի համալսարան. առաջին երկու տարին դուրս եմ մնացել կոնկուրսից, որովհետև օտար լեզվի պատճառով հնարավոր քսանից հավաքել էի տասնութ միավոր: Առաջին տարին, մինչ սպասում էի, որ գուցե բացառություն համարեն ու ընդունեն ինձ, մինչև հունվար, ուսանող չլինելով, ապօրինի դասի գնացի: Եվ ստացվեց մի տարօինակ բան. բանահյուսության դասախոսը մի անգամ՝ դասի քննարկման ժամանակ, լսեց պատմածս ու ասաց, որ կուրսային գրեմ։ Գրեցի, ու նա աչք փակեց ուսանող չլինելուս վրա: Ինքը տարավ, ներկայացրեց աշխատանքս, որը համալսարանում առաջին մրցանակ շահեց։ Ա՜յ քեզ բան… Հետո ուղարկեցին քաղաքային մրցույթի: Երևանի Կոմսոմոլի քաղկոմից նամակ եկավ, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կիմ Ավագյանը ստացել է առաջին մրցանակ: Մի խոսքով`հաջորդ տարի ընդունվելիս արդեն հաշվի առան իմ մրցանակը, այսինքն` քննությունների արդյունքով չընդունվեցի:

- Ինչպե՞ս ընդգրկվեցիք ՈՒԳԸ կազմում:

- Երբ շահեցի դիպլոմս և դարձա ուսանող, արդեն ինձանից անկախ համարվում էի ՈՒԳԸ անդամ, ու շատ էի գրում: Ուսանողական տարիներին 47 գիտական հոդված ունեի, միայն Վարշավյան պակտի "Высшая школа'' եռամսյա հանդեսում 17 հոդված ունեի: Նաև ՈՒԳԸ մասին հոդվածներ էի գրում` Բալասանյան Սերգեյի և Մարտիրոսյան Միսակի՝ ՈՒԳԸ խորհրդի ղեկավարների հանձնարարությամբ: Մի օր էլ կանչեցին ՈՒԳԸ խորհրդի ընտրության, ընտրվեցի ՈՒԳԸ խորհրդի անդամ  և իմ նախաձեռնությամբ ստեղծեցի ՈՒԳԸ վերստուգիչ հանձնաժողով, որը պետք է ստուգեր, թե ով է արժանի ամենամսյա կրթաթոշակի:

- Հիշո՞ւմ եք որևէ հետաքրքիր ու տպավորիչ դեպք այդ տարիներից:

- Այնքան հետաքրքիր դեպքեր կան, չնայած որ հետաքրքիրը սուբյեկտիվ ընկալում է: 74 թվականին Մոսկվայից գրություն էր եկել, որ մենք շահել ենք 53-54 մրցանակ: Զանգեց պրոռեկտոր Կարո Երանեցյանը մի փոքր զայրացած ձայնով ու շտապ կանչեց իր մոտ: Մտա, բարևեցի, ու պարոն Երանեցյանը, առանց ժպտալու ու ունքերը կիտած, ասաց. «Նստի´ր այդտեղ»: Քարտուղարուհուն էլ ասաց. « Դե, դի´ր»: Քարտուղարուհին բացեց սեյֆը, հանեց կոնյակն ու շոկոլադը: Կարո Երանեցյանը, նայելով դեմքիս, հարցրեց. «Բան չե՞ս կռահում»: «Կարո´ Երանիչ, կարո՞ղ է ինձ մինիստր եք տվել»: Ծիծաղեց, հետո ինձ գրկեց, համբուրեց ու ասաց. «Ապրես, տղա´ ջան, սա գործ է, 53-54 մրցանակ ենք ստացել»:

 

- Ո՞րն է ՈՒԳԸ շրջանակներում  Ձեր կազմակերպած  կարևորագույն միջոցառումը:

- Ճիշտն ասած, ամենակարևոր բառը…չեմ կարողանա տարբերակել: Ցանկացած բանէ կարևոր, ամեն ինչ փոխկապակցված է: Ինձ համար պատասխանատվության, կարևորության և բուհի հեղինակության համար մեծ դեր ուներ Տարեկան գիտական կոնֆերանսը, որի ժամանակ միության գրեթե բոլոր համալսարաններից հյուրեր էինք ունենում: Օրինակ` լավ ստացվեց, եթե չեմ սխալվում ՈՒԳԸ նախագահ լինելուս վերջին տարում կազմակերպած Գիտական նստաշրջանը: Բոլոր հյուրերին կարողացա տեղավորել Մասիվի ուսանողական հանրակացարանում, ու կարևոր է, թե ինչքան էին մտերմացել օտարերկրացիները մեր ուսանողների հետ, նույնիսկ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներից մեկը ամուսնացավ հյուրերից մեկի հետ:

Ամեն տարի առանց բացառության մենք անցկացնում էինք 3 կոնֆերանս` Տարեկան հերթական կոնֆերանս, Հասարակական գիտությունների ՀամԼԿԵՄ  պատմության և երիտասարդական շարժումների ամենամյա միութենական կոնֆերանս, և երրորդը տարբերակված էր` մի տարի անցկացնում էինք հասարակական գիտությունների գծով միութենական գիտաժողով, հաջորդ տարին` բնական գիտությունների գծով: Այս կոնֆերանսները մեր բուհի կշիռը միության մակարդակով ցույց էին տալիս, այդ  պատճառով սկսած ղեկավարությունից մինչև ամբիոններ, դրանց մեծ ուշադրություն էին դարձնում:

 

Կարևոր էր Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնին կից, Երկրաբանական ֆակուլտետին կից ուսանողական կոնստրուկտորական բյուրոների ստեղծումը, որտեղ ունեինք վճարվող ուսանող-աշխատակիցներ, ու որոնք նույնիսկ տարեկան 200000-300000 ռուբլի գումար էին աշխատում` արտադրելով հողի խոնավաչափեր, որոնք արտահանվում էին Միջին Ասիա: Ստացված գումարն էլ հավաքում էինք ՈԻԳԸ ծախսեը փակելու համար: Չէ´, իսկապես չեմ կարող կարևորագույնն առանձնացնել: Բոլորն էլ լարված էին, պատասխանատու: Օրինակ` ինձ համար շատ կարևոր էր «Լատինաամերիյան սեմինարի»  և «Եվրասիա սեմինարի» ստեղծումը, որոնք ուսումնասիրում էին այդ տարածաշրջաններում գտնվող երկրները, դրանց տնտեսությունը, միջպետական հարաբերությունները: Օրինակ` ունեցել ենք «Լատինաամերիկյան սեմինարի»  4-5 դասընթաց Էշերայում (Աբխազիա,-հեղ.), Ծաղկաձորում և միության այլ քաղաքներում: Դա մի բան էր, որ միության տարբեր երկրներից  եկած հյուրերին նաև Հայաստանին էր ծանոթացնում:

 

- Ինչպիսի՞ դեր է ունեցել ՈՒԳԸ-ն Ձեր հետագա հաջողություններում:

- Իհարկե, մեծ: Եթե հոգեբանորեն այդ դաշտում ես որպես մարդ, որպես բնավորություն, երբ պատասխանատու ես ուրիշի աշխատանքների համար, նաև պետք է ուրիշին օրինակ ծառայես: Պարզապես շատերը չէ, որ իրենց կենսագրության մեջ նշում են, որ եղել են ՈՒԳԸ նախագահ կամ ՈՒԳԸ խորհրդի անդամ: ՈՒԳԸ-ն շատ արտոնություններ էր տալիս՝ ասպիրանտուրայի, գործուղումների համար։ Ստացածս մրցանակների շնորհիվ հնարավորություն ունեի ասպիրանտուրա ընդունվելու, պարզապես չուզեցի։  Համալսարանում այդքան էլ լավ չէի սովորում՝ երկուսներ, երեքներ, չորսեր, բայց դա ինձ չէր մտահոգում. սովորականից ավելի՝ ակտիվիստի կրթաթոշակ էի ստանում։ ՈւԳԸ-ն իսկապես լավ մարդկանց հետ շփվելու հնարավորություն տվեց։ Այնտեղ շատերից կարելի էր նոր բաներ սովորել։

- Դուք ՈՒԳԸ պատմությունը լուսաբանող միակ գրքի հեղինակն եք։ Ինչպե՞ս առաջացավ գիրք գրելու գաղափարը։

- ՈւԳԸ Երևանի կոնֆերանսում իմ աշխատանքներից մեկը արժանացել էր առաջին մրցանակի։ Այնպես էր ստացվել, որ մրցանակների հանձնմանը ներկա էին համալսարանի ռեկտորը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը և այլ ղեկավար անձինք, ովքեր մրցանակների հանձնումից հետո քննարկեցին ՈՒԳԸ անելիքները։ Հաջորդ օրը համալսարանի ՈՒԳԸ նախագահ Սուրեն Օհանյանը ինձ առաջարկեց «փորձել գրել» ՈՒԳԸ-ի պատմությունը։ Ահա այստեղից էլ սկսվեց։ Մինչև տպագրվելը բազմաթիվ փորձությունների միջով անցա. կորավ աշխատանքիս մի մասը, և այլ խնդիրներ, որոնք հետաձգեցին գրքի տպագրությունը մինչև 2009 թվական։

 

- Ի՞նչն է այսօր խանգարում երիտասարդներին զբաղվել գիտությամբ, և ի՞նչը կարող է խթան հանդիսանալ նրանց համար։

- Թե ինչն է խանգարում, դա երկար պատմություն է։ Խանգարիչ հանգամանք կարող էլինել բարոյահոգեբանական ճեղքվածքը, որ կա այսօր ամբողջ աշխարհում։ Իսկ խթան կարող է հանդիսանալ ներքին էությունը. ես, ծնված լինելով նահապետական գյուղում, չէի էլ պատկերացնում՝ ինչ է նշանակում «գիտություն» բառը։ Բայց կա մղում, որը ցանկացած, ոչ միայն գիտության բնագավառում, հանգեցնում է սպասված արդյունքի։

- Առաջին բառը, որ գալիս է Ձեր մտքին ՈՒԳԸ արտահայտությունը լսելիս։

- «Կեցցե′ս, Կի′մ» (ծիծաղում է, - հեղ.)։ ՈՒԳԸ-ն ուսանողներին մեծ հնարավորություններ է տալիս, և ես ուրախ եմ, որ այդ ամենում նաև իմ դերը կա։

- Հատկանիշ, որ կարևոր է ՈՒԳԸ նախագահի համար։

- Նվիրում։ Ցանկացած գործ անելիս, եթե մարդ ունի նվիրում և համոզմունք, որ ինքը դա կարող է, գործի հաջող ընթացքը կապահովվի։

- Հատկանիշ, որ կարևոր է գիտնականի համար։

- Գիտությունը խանդոտ կենդանի է։ Փորձե′ք զբաղվել գիտությամբ և զուգահեռաբար մեկ այլ բանով։ Կխանդի և այնպես տունդ կքանդի, որ ոչ գիտություն կունենաս, ոչ էլ մեկ այլ բան։ Մարդ պետք է համեստ լինի, որ կարողանա գիտությամբ զբաղվել։

- Կարգախոս, որով կյանքում առաջնորդվում եք։

- Ազնվություն։ Սա բոլոր դեպքերում սուբյեկտիվ հասկացություն է, իմ դեպքում մի բան է ազնիվ, մյուսների համար մեկ այլ բան։ Իմ ազնվությունը ուրիշները պետք է գնահատեն, ես որևէ հատուկ բան չեմ անում, որ ազնիվ երևամ կամ չերևամ։ Դիմացինն է գնահատում ազնվությունը։ Բայց դա էլ շատ դեպքերում շահեկան չէ։ Ազնվությունը բարդ ապրելաձև է։

- Ձեր կյանքի կարևորագույն ձեռքբերումը։

-Լավագույն ձեռքբերումս իմ կայուն, խաղաղ ընտանիքն է, դրանից այն կողմ, ինձ էլ ոչինչ պետք չէ։

- ՈՒԳԸ-ն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը։ Ի՞նչ կմաղթեք Հայաստանի ամենահին  ուսանողական կառույցին։

- Լինել պատմականորեն անցած ճանապարհին արժանի։ Իհարկե, այդ ճանապարհը զիգզագել են, որոշ դեպքերում ջնջվել է, որոշ դեպքերում հերքվել, որոշ դեպքերում փչացրել են, բայց գոնե հիմա, երբ դեպի գիտությունը որոշակի հոգեբանական շարժ կա, պետք է փորձել ուսանողին մղել դեպի ինքնուրույն աշխատանք, որովհետև լսարանային աշխատանքը ավելի քիչ բան է տալիս, քան ինքնուրույն աշխատանքը։ Իսկ ՈՒԳԸ-ն ինքնուրույն աշխատանքի հրաշալի հարթակ է:

 

Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
«Հաջողության պատմություններ»-ի` 2017-2018 ուսումնական տարվա եզրափակիչ ակկորդը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին