Դասախոսության բանախոսն էր «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Արա Աթայանը։ Բանախոսը անդրադարձավ մարդու խառնվածքներին: Խառնվածքները նկարագրելիս բանախոսը զուգահեռներ անցկացրեց համաշխարհային արվեստի ներկայացուցիչների և նրանց ստեղծագործությունների հետ:
Բանախոսի անդրադարձը այս անգամ վերաբերում էր խառնվածքներին՝ դասակարգման հիմքում դնելով բնության տարերքները։ Նա ներկայացրեց խառնվածքի առաջացման գործընթացը, ազդեցությունները։ Խոսեց այն մասին, որ մարդ պետք է այնպես անի, որ խառնվածքը «կուլ չտա» իրեն, այսինքն՝ այն լինի իր հսկողության ու կառավարման տակ։
Պարոն Աթայանը անդրադարձավ նաև մանկավարժական հոգեբանությանը։ Նա նշեց, որ մանկավարժները պետք է ուշադիր լինեն երեխաների կամ ուսանողների խառնվածքների հանդեպ, հաշվի առնեն նրանց առանձնահատկությունները։ Հավելեց, որ իսկական մանկավարժը երբեք չպետք է ցույց տա իր աշակերտին, թե ինչպիսի խառնվածք ունի ինքը։ Յուրաքանչյուր աշակերտ իրեն և իր խառնվածքը պետք է տեսնի իր ուսուցչի մոտ։
Դասախոսությանը ներկա էին ոչ միայն պատմության ֆակուլտետի ուսանողները, այլև հյուրեր այլ ֆակուլտետներից։ Հետաքրքիր բանախոսության վերջում ուսանողները հնչեցրին իրենց հարցերը՝ ուղղված դասախոսին, ով սիրով պատասխանեց բոլոր այդ հարցերին։ Պարոն Աթայանը ուսանողներին խոստացավ, որ իրենց իսկ ցանկությամբ հանդիպումները կլինեն շարունակական։
Հեղինակներ՝ Մանուշակ Գևորգյան և Սիրանուշ Բաղումյան