30.03.2018 | 
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ԵԶՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ԵԶՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ
«Հետադարձ հայացք» ծրագրի այս տարվա առաջին հյուրը Եզնիկ Միրզոյանն է:

«Հետադարձ հայացք» հարցազրույցների շարքի հերթական զրուցակիցը ԵՊՀ ՈՒԳԸ 2004-2006թթ. նախագահ, ԵՊՀ Մարի և Սարգիս Իզմիրլայանների անվ. գրադարանի տնօրեն,  ֆ.մ.գ.թ., դոցենտ Եզնիկ Միրզոյանն է:

 

-Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

-Մեր ընտանիքում կա այդ ավանդույթը։ Մենք երեք երեխա ենք, երեքս էլ համալսարանն ենք ավարտել։ Մասնագիտության ընտրությունը կապված էր նրա հետ, որ հայրս էլ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն էր ավարտել և ուներ նույն մասնագիտությունը, ես էլ որոշեցի շարունակել հորս գործը:

 

-Ինչպե՞ս տեղեկացաք ՈՒԳԸ-ի մասին:

-ՈՒԳԸ-ին անդամակցել եմ 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից: Նախ ակտիվ ուսանող էի, այսպես ասած՝ տեղս նստող չէի: Նա, ով ինձանից առաջ եղել էր ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ՝ Արման Մելքումյանը, նույնպես մեր ֆակուլտետից էր: Որպես ակտիվ ուսանող տեղյակ էի ամեն ինչից ու դարձա ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, հետո արդեն ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ։

 

-Ո՞րն է Ձեր կողմից կազմակերպված կարևորագույն միջոցառումը ՈՒԳԸ-ում:

-Մի քանիսը կան, որ կարելի է առանձնացնել, բայց կարծում եմ՝ կարևորագույններից մեկը 2005 թվականին Սահմանադրական փոփոխություններին վերաբերող գիտաժողովն էր, եղել է նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված գիտաժողով: Շատ կարևորում եմ միջոցառումներից ևս մեկը, որ անցկացրինք Բյուրականի աստղադիտարանում. նման էր և՛ սեմինարի, և՛ հաշվետվության: Գնացինք և մի օր մնացինք աստղադիտարանում, հենց այդ օրն էլ մեր 30-հոգանոց խմբին թույլ տվեցին, որ դիտենք Լուսինը: Սեմինարին ներկա էին նաև Տեմպուսի ներկայացուցիչը, DAAD-ի ներկայացուցիչը, նրանք մեզ ներկայացրին՝ ինչ հնարավորություններ կան ուսանողների համար, ինչ ծրագրերի  կարելի է դիմել  և այլն։

 

-Եկե՛ք զուգահեռներ տանենք, թե ինչպիսին է ՈւԳԸ-ն այսօր և ինչպիսին էր Ձեր օրոք:

-Կարծում եմ, որ երբեք պետք չէ զուգահեռներ անցկացնել, որովհետև նոր եկողը միշտ ավելի մեծ հնարավորություններ ունի: Երբ ուսանող էի, այսպիսի հնարավորություններ չկային, այսօր ավելի բաց է աշխարհը, ուսանողները ավելի շատ հնարավորություններ ունեն գնալու տարբեր երկրներ, ստանալ դրամաշնորհներ և այլն։ Այն ժամանակ համացանցը կար, բայց այդ հնարավորությունները չկային։ Ես հիշում եմ, որ համալսարանում համացանցը լիմիտավորված էր, տրվում էր IP-ներով, ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի IP-ին շաբաթական տրվում էր ընդամենը 80 մեգաբիթ  ծավալ, մենք էլ մտնում էինք, փոխում IP-ները  և ուրիշի ռեսուրսներից օգտվում։ Բայց հիմա հնարավորությունները՝ և՛ աշխատասենյակը, և՛ տեխնիկան, և՛ ֆինանսական հնարավորությունները, շատ ավելի լավն են։ Հիմա ՈՒԳԸ-ն իմ տարիներից մեծ առավելություն ունի, քանի որ նրանք ժողովածուներ տպելու հնարավորություն ունեն: Այն տարիներին, երբ ես էի ՈՒԳԸ նախագահ, մեզ ոչ մի բան չհաջողվեց անել, ինձնից առաջ եղած նախագահն էլ հնարավորություն չունեցավ տպելու: Հիմա ՈՒԳԸ-ն պետք է աշխատի շատ ավելի լավ: Կարծում եմ, որ պետք է միշտ յուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդին գերազանցի, որովհետև եթե այդպես չլինի, առաջընթաց ևս չի լինի։

 

-Որևէ հետաքրքիր դեպք հիշո՞ւմ եք այդ տարիներից:

-Այն ժամանակ գոյություն ունեին ՈՒԽ, ՈՒԳԸ և Արհկոմիտեի ուսանողական միություն, որը զբաղվում էր ուսանողության հարցերով: Երեք ընկերներով էինք ղեկավարում այդ  կառույցները, մեզ երեքիս անվանում էին «Ուսանողական խորհրդի տղեք»: Պարոն Շահազիզյանը՝  տնտեսական գծով պրոռեկտորը, ասում էր. «Էլի тройка-ն եկավ»։ Շատ հուշեր ունենք, ու նաև այդ կառույցները մեզ օգնեցին, որ ընկերներ դառնանք, երկար ճանապարհ անցնենք միասին և շարունակենք մնալ ընկերներ։

 

-Ինչպիսի՞ դեր է ունեցել ՈՒԳԸ-ն Ձեր հետագա հաջողություններում:

-Ահռելի։ ՈւԳԸ-ի յուրաքանչյուր անդամ հետագայում միշտ զգում է ՈՒԳԸ ազդեցությունը իր վրա, որովհետև իմ ընկերներն էլ հաճախ ասում են՝ ՈՒԳԸ-ականները միշտ տարբերվում են: Իհարկե, այս արտահայտությունը ամեն մեկը յուրովի է հասկանում, ՈՒԳԸ կադրերը միշտ եղել են քաղաքակիրթ, բանիմաց: Իսկ ՈՒԳԸ ազդեցությունը այսօրվա իմ կայացման վրա շատ մեծ է, սկսած նրանից, որ մարդկանց ճանաչելու և նրանց հետ շփվելու մեծ դպրոց է եղել և հետագայում էլ շատ-շատ հարցերում օգնել է, իմ մտածելակերպն է շատ բաներում փոխվել։

 

-Ի՞նչն է այսօր խանգարում երիտասարդներին զբաղվել գիտությամբ:

-Կան մի քանի խանգարող հանգամանքներ, որոնք ֆակուլտետից ֆակուլտետ, մասնագիտացումների գծով տարբեր են։ Այսօր ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրները առաջնային են, և դա կարելի է դիտարկել կարևորագույն խնդիրներից մեկը։ Երկրորդը այն է, որ որոշ տեղերում ես չեմ տեսնում երիտասարներին առաջ քաշելու ցանկություն. կան մարդիկ, ովքեր չեն ուզում՝ երիտասարդները առաջ գնան, որպեսզի իրենց մրցակից չլինեն։ Դա շատ ցավալի է։ Եթե մենք երիտասարդներին տեղ չենք տալիս, խնդիր է առաջանում. երիտասարդները երկրում չեն ուզում մնալ։ Եվ վերջապես, որոշ տեղերում անհրաժեշտ է տվյալ գիտությամբ զբաղվելու միջավայր՝ փորձեր և այլն, ինչը շատ թանկ հաճույք է։ Կան տեխնիկաներ, որոնք ահռելի գին արժեն, և պետությունը կամ հիմնարկությունը այդ փորձերը իրականացնելու հնարավորությունը չունի:

 

-Առաջին բառը, որ գալիս է Ձեր մտքին ՈՒԳԸ արտահայտությունը լսելիս:

-Ոչ թե բառ, այլ իմ մեջ լավ, դրական էմոցիաներ են արթնանում, որովհետև լավ տարիներ էին։ Ես ուրախանում եմ ՈԻԳԸ-ի հաջողություններով և փորձում հնարավորինս օգնել, որպեսզի ՈՒԳԸ-ն մի քայլ ավելի առաջ լինի։ Ի տարբերություն այլ կառույցների՝ ՈՒԳԸ-ի հետ կապված ցանկացած հարցում մենք ենք փորձում ընդառաջ գնալ կառույցին։

 

-Հատկանիշ, որ պետք է բնորոշ լինի ՈՒԳԸ նախագահին:

-Ընդհանրապես ցանկացած կառույցի ղեկավար պետք է լավ մենեջեր լինի, որպեսզի կարողանա կառավարել գործընթացը, իսկ ՈւԳԸ նախագահը պետք է նաև փոքր ինչ արդարամիտ լինի, նախաձեռնող: Եվ, բնականաբար, ՈՒԳԸ նախագահը պետք է գիտնական լինի, որովհետև նա է էտալոնը, նրան տեսնելով՝ պետք է մարդիկ ձգտեն դեպի ՈՒԳԸ-ն։

 

-Հատկանիշ, որ պետք է բնորոշ լինի գիտությամբ զբաղվող մարդուն:

-Նախ պետք է աշխատասեր լինի և համբերատար։ Աշխատասիրությունը պարտադիր է, եթե ինքը որևէ տեղ թերացավ, հաջողության չի հասնի։ Պետք է համբերատար լինի, որովհետև հարցեր կան, որոնք ժամանակի ընթացքում են լուծվում. ոչինչ միանագամից չի լինում։

 

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

-Կարգախոսներ շատ կան, ամեն պահից, իրավիճակից ելնելով՝ պետք է ընտրեք ճիշտ  կարգախոս։ Չկա մեկ կարգախոս, որով առաջնորդվում եմ, աշխատում եմ լինել ազնիվ, չեմ սիրում սուտը, կարող եմ ներել ամեն ինչ, բայց սուտը չեմ ներում։ Ինձ համար պահն է թելադրում կարգախոսը։

 

-Ո՞րն է Ձեր կյանքի կարևորագույն ձեռքբերումը:

-Ընտանիքս, երեխաներս։ Նրանց հետ ես իմ հանգստությունն եմ գտնում։

 

-Ի՞նչ կմաղթեք ՈՒԳԸ-ին:

-Ես ուզում եմ, որ կառույցը մեծ հաջողություններ ունենա, որովհետև եթե ուսումնասիրենք, թե ովքեր են եղել ՈՒԳԸ անդամները, կտեսնենք, որ նրանք գիտության ասպարեզում մեծ հաջողություններ ունեցող մարդիկ են, և այդ տեսակետից կարելի է ասել, որ ՈՒԳԸ-ականները մեր վաղվա գիտնականներն են։ Ես ՈՒԳԸ անդամներին եմ հղում մաղթանքներս, որովհետև ՈՒԳԸ-ն նրանց համախմբող օղակ է, ուզում եմ, որ նրանք գիտության ասպարեզում մեծ հաջողություններ ունենան աշխարհի մասշտաբով, որպեսզի մեր ազգի անունը բարձրացնեն: Ուզում եմ, որ ՈՒԳԸ ղեկավարները լավը լինեն, որ կառույցի դերը միշտ ավելի ու ավելի բարձրանա։

 

 

Հավելենք նաև, որ 2017 թվականի դեկտեմբերին Եզնիկ Միրզոյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի՝ «Ոսկե հուշամեդալի»:

 

Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին