29.03.2018 | 
Համակրանք և հակակրանք
Համակրանք և հակակրանք
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մարտի 29-ին կայացավ հերթական դասախոսությունը «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Արա Աթայանի բանախոսությամբ:

Այս անգամ դասախոսության խորագիրն էր  «Համակրանք և հակակրանք»: Դասախոսության ընթացքում բանախոսը նախ նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդուն չենք ճանաչում, բայց նրա հանդեպ որոշակի վերաբերմունք ենք ունենում: Դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք, այլ հարց է: Բանախոսը անդրադարձավ այն գործընթացին, թե հասարակության մեջ ինչպես են ձևավորվում համակրանքը և հակակրանքը: 

 

Պարոն Աթայանը խոսեց այն հոգեբանական վիճակի մասին, ինչի հետևանքով մարդու ներսում առաջանում է համակրանք կամ հակակրանք: Բանախոսը ներկայացրեց, թե ինչ է կատարվում մարդու ներսում, երբ նա համակրում է ինչ-որ մեկին կամ հակակրանք է զգում ինչ-որ անհատի նկատմամբ:

 

Բանախոսը խոսեց նաև այն մասին, որ անհատի մեջ դիմացինի նկատմամբ համակրանք կամ հակակրանք կարող է առաջանալ աննշան քայլերից:

 

Դասախոսության ավարտին դասախոսը խոսեց նաև Ավագ հինգշաբթիի մասին: Բանախոսը առանձնացրեց այն «ես եմ»-ները, որոնք ընկալելը կարևոր մի երևույթ է հանդիսանում։ Վերջինիս հետ կապված նաև խոսվեց 3 ու 7 թվերի հիշատակության և նշանակության մասին:

 

 Պարոն Աթայանը խոսեց տաճարական մահի մասին, որը հոգևոր մաքրում էր բերում անհատին: Նաև նշեց, որ տաճարական մահից հետո մարդը օծյալ էր համարվում: Բանախոսը շեշտադրեց, որ հոգեկան մաքրման գործընթացին հաջորդում էր ֆիզիկական մաքրումը: 

 

Ամփոփելով դասախոսությունը՝ բանախոսը նշեց, որ ինչպես համակրանքը և հակակրանքը, այնպես էլ տաճարական մահը որոշակի գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մարդու ներսում` իրենց հետքը թողնելով անհատի հոգեկան աշխարհի վրա:

 

Դասախոսությանը ներկա էին ոչ միայն Պատմության ֆակուլտետի ուսանողները, այլև հյուրեր այլ ֆակուլտետներից։ Հետաքրքիր բանախոսության վերջում ուսանողները հնչեցրին իրենց հարցերը՝ ուղղված դասախոսին, ով սիրով պատասխանեց բոլոր այդ հարցերին։ 

 

Հեղինակ` Սիրանուշ Բաղումյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին