06.04.2018 | 
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի հերթական հյուրը սիրված համալսարանականն է:

«Հետադարձ հայացք» ծրագրի հերթական զրուցակիցը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ, 2008 - 2011 թթ. ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանն է:

 

-Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարության ֆակուլտետ։

-Դպրոցի ավարտական դասարաններում արդեն մասնագիտորեն կողմնորոշվել էի. որոշել էի, որ պետք է տնտեսագետ դառնամ, իսկ բուհի ընտրությունը առանձնապես երկար չի քննարկվել ընտանիքում, որոշեցինք,  որ պետք է ընդունվեմ Մայր բուհ։

 

-Ինչպե՞ս տեղեկացաք ՈՒԳԸ-ի մասին և ինչպե՞ս դարձաք ՈՒԳԸ նախագահ։

-ՈՒԳԸ-ն 2006-2008թթ. չէր գործում համալսարանում, այդ նույն ժամանակահատվածում ես ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահն էի ու նաև համալսարանի ՈՒԽ նախագահության անդամ, սովորում էի մագիստրատուրայում և ակտիվ հասարակական գործունեություն էի ծավալում։ Երբ արդեն մտադրություն կար ուսումս ասպիրանտուրայում շարունակելու, համալսարանի Գիտական խորհուրդը քննարկում էր ՈՒԳԸ-ն վերակազմավորելու խնդիրը։ Ինձ առաջարկեցին դառնալ ՈՒԳԸ նախագահ։ Ուսումնասիրեցի ՈՒԳԸ կանոնադրությունը, փորձեցի հասկանալ գործառույթները, ու քանի որ դրանք ինձ հոգեհարազատ էին, և պատկերացնում էի, թե ինչ քայլերի հաջորդականությամբ հնարավոր կլինի ՈՒԳԸ-ն «ոտքի կանգնեցնել», համաձայնեցի։

 

-Հիշո՞ւմ եք, թե որն էր ամենապատասխանատու միջոցառումը Ձեզ համար։

-Իմ ու այդ տարիների ՈՒԳԸ թիմի համար ամենապատասխանատու միջոցառումը համալսարանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանն էր, որին շատ լուրջ էինք պատրաստվել ու հետո էլ լույս ընծայեցինք այդ գիտաժողովի հոդվածների ժողովածուն 5 հատորով։ Գիտական նստաշրջանը բավական ներկայացուցչական ստացվեց. ունեցանք ավելի քան 300 զեկուցող, որոնցից 40-ը արտերկրից էին։ Դա ՈՒԳԸ-ի համար կարևոր ձեռքբերում էր։

 

-Հիշո՞ւմ եք մի դեպք, որ տպավորվել է Ձեր մեջ ՈՒԳԸ նախագահ լինելու տարիներին։

-ՈՒԳԸ-ի հետ կապված բազմաթիվ դեպքեր կան. այդ 3 տարիները իմ կյանքի ամենահիշարժան, վառ տարիներն են եղել միանշանակ։ Մենք կարողացանք ոչ միայն լավ թիմ, այլ նաև լավ ընկերություն ձևավորել։ Իրականում, երբ հիմա հետադարձ հայացք եմ նետում, ՈՒԳԸ կարևորագույն ձեռքբերումը ինձ համար այն ընկերներն են, ում հետ մինչև օրս էլ շատ սերտ կապեր կան, ու այդ ընկերությունը շարունակվում է։ Ինչ-որ կոնկրետ դրվագ կդժվարանամ հիմա առանձնացնել, բայց այդ 3 տարիների ընթացքում նախ շատ դժվարություններ են եղել, որովհետև ուսանողներն իրենք էլ օբյեկտիվորեն չէին հասկանում կառույցի իմաստը, էությունը, ու մենք բոլոր ֆակուլտետներում ուսանողների հետ հանդիպումներ էինք կազմակերպում, աշխատանք էինք տանում՝ բացատրելու կառույցի գործառույթները, որովհետև ՈՒԳԸ արտահայտությունը լսելիս «գիտական» բառը միշտ ուսանողներին վանում է, ու տպավորություն է ստեղծվում, որ այստեղ պետք է լինեն բացառապես գերազանց սովորող և գիտական հակումներ ունեցող, հետագայում էլ «գիտության գրանիտը կրծող» ուսանողները. դրանք կարծրատիպեր էին։ Սկզբում փորձեցինք դա կոտրել, բնականաբար դրան զուգահեռ իրականացնում էինք ֆակուլտետներում ՈՒԳԸ-ների ձևավորման աշխատանքները, հետո սկսեցինք միջոցառումներ կազմակերպել՝ օլիմպիադաներ, գիտաժողովներ և այլն։ Իսկ հանգուցալուծումն էլ եղավ այն, որ համալսարանում ֆունկցիոնալ գործող կառույց ունեցանք, որը հանրապետության առաջին ուսանողական կառույցն է։

 

-Նշեցիք, որ ՈՒԽ նախագահ եք եղել։ Ինչո՞վ է ՈՒԳԸ-ն տարբերվում այլ ուսանողական կառույցներից։

-ՈՒԳԸ և ՈՒԽ գործառույթների մեջ էական տարբերություններ կան։ ՈՒԽ-ն, լինելով ինքնակառավարվող մարմին, կոչված է ուսանողների իրավուքների ու շահերի պաշտպանությանը, իսկ ՈՒԳԸ-ն պետք է գիտական հակումներ ունեցող ուսանողներին հնարավորինս աջակցի դրսևորվել, զարգանալ, պետք է լինի հարթակ, որպեսզի ուսանողը բակալավրիատում կամ մագիստրատուրայում սովորելու տարիներից սկսի գիտական հոդված գրել, հանդես գալ գիտական զեկուցմամբ, հասկանալ՝ ուզում է զբաղվել գիտությամբ, թե չէ։ Սա շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ ուսանողները իներցիոն ուժով ընդունվում են ասպիրանտուրա, ավարտելուց հետո հասկանում, որ գիտությունը իրենցը չէ, և դա բացասաբար է անդրադառնում և′ իրենց, և′ գիտության վրա. իրենք որոշակի ժամանակ են կորցնում հասկանալու՝ դա իրենց պետք է, թե չէ, բուհն էլ այդ ժամանակահատվածում այլ գիտական կադր կարող էր պատրաստել։

 

-Ի՞նչը կարող է երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու խթան հանդիսանալ։

-Այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվելը բազմաթիվ խնդիրների հետ է կապված ու երիտասարդների համար այդքան էլ գրավիչ չէ։ Եթե հաշվի առնենք ոլորտում միջին աշխատավարձերը, բնագիտական թևում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը, գիտությամբ զբաղվելը իսկապես գրավիչ չէ, բայց հիմա հետաքրքիր միտում է նկատվում. կան երիտասարդներ, ովքեր, գիտության հանդեպ ունեցած դրական վերաբերմունքից դրդված, չնայած բոլոր խոչնդոտներին՝ զբաղվում են գիտությամբ։ Իմ կարծիքով՝ կարևոր է, որ բուհում ուսանողը ուսումնական գործունեությունից զատ փորձի իր ուժերը գիտության ասպարեզում։ Խթան կարող է լինել այն, որ գիտությամբ զբաղվելիս ստանում ես որոշակի արդյունք՝ գիտական հոդվածի տպագրություն կամ միջազգային հեղինակավոր գիտաժողովում զեկուցման ներկայացում. դա ինքնին բավարարվածություն է պատճառում։

 

-Ինչպիսի՞ դեր է ունեցել ՈՒԳԸ-ն ձեր հետագա հաջողություններում։

-Գիտական կարիերայիս տեսանկյունից ՈՒԳԸ-ն շատ մեծ դեր է ունեցել։ Նախ այդ տարիներին գիտության ոլորտի կազմակերպման և կառավարման հսկայական փորձ եմ ձեռք բերել, ապա գիտական հանրության մեջ որոշակի կապեր եմ ձևավորել, որոնք հետագայում ևս օգտագործվում են թե′ համատեղ ծրագրերի, թե′ փորձի փոխանակման տեսանկյունից, ու ի վերջո ՈՒԳԸ նախագահ եղած տարիներին ավելի ինտենսիվ եմ զբաղվել գիտությամբ, ու այդ տարիները գիտական առումով բավական արգասաբեր էին ինձ համար։

 

-Հատկանիշ, որ պետք է բնորոշ լինի ՈՒԳԸ նախագահին։

-Նվիրում և վճռականություն։ Նվիրում գործին ու կառույցին, վճռականություն ցանկացած նախաձեռնություն վերջնակետին հասցնելու համար։

 

-Հատկանիշ, որ պետք է բնորոշ լինի գիտությամբ զբաղվող մարդուն։

-Գիտությամբ զբաղվող մարդը պետք է անկոտրում լինի, այսինքն՝ պետք է չհիասթափվի ու չկոտրվի, փորձի հաղթահարել դժվարությունները։

 

-Կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում։

-Ցանկացած բան անել շատ լավ, ոչ մի բանին իմիջիայլոց չվերաբերվել, իմ կարծիքով՝ հաջողության հասնելու համար պետք է այն, ինչով զբաղվում ես կամ շատ լավ անես, կամ չանես առհասարակ։

 

-Ձեր կյանքի կարևորագույն ձեռքբերումը։

-Այն մարդիկ, ովքեր այսօր իմ կյանքում կան. անշուշտ, առաջին հերթին ընտանիքս և ընկերներս, որոնց մեծ մասին ուսանողական տարիներին եմ ձեռք բերել։

 

-Ի՞նչ կմաղթեք ՈՒԳԸ-ին։

-ՈՒԳԸ-ին ու բոլոր ՈՒԳԸ-ականներին ուզում եմ շնորհավորել կառույցի հիմնադրման 70-ամյակի առթիվ և մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի պահպանեն 70 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և հանդես գան նոր նախաձեռնություններով։ Իմ կարծիքով՝ ՈՒԳԸ-ի յուրաքանչյուր սերունդ պետք է հաջորդ սերնդին ավելի կայացած կառույց փոխանցի. մենք գոնե փորձել ենք այդպես անել, ու հիմա էլ տեսնում եմ, որ ինձանից հետո եղած նախագահները՝ Միքայել Մալխասյանը, Մհեր Հակոբյանը, անում են շատ ավելին, քան մենք ենք արել ժամանակին,  և դա օբյեկտիվ է. մեր ժամանակ մենք այլ խնդիրների էինք բախվում, իրողություններն էին այլ, հիմա հնարավորությունները շատ են, փորձն է մեծացել, ու դա, բնականաբար, պետք է ինչ-որ կերպ արտահայտվի։

 

 

Հավելենք նաև, որ պարոն Խաչատրյանը մինչ օրս էլ հետևում է ՈՒԳԸ գործունեությանը և միշտ պատրաստակամ է օգնել ցանկացած հարցում: Ուսանողական գիտական ընկերության կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու և ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ 2017թ. նա պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» :

 

Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին