17.04.2018 | 
Ուսանողական, Գիտություն
ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Գիտաժողովի աշխատանքային երկրորդ օրը հագեցած էր:

Գիտական նստաշրջանի երկրորդ օրը մասնակիցները նույն եռանդով շարունակում են ներկայացնել իրենց զեկուցումները:

 

Պատմության բաժանմունքի հնագիտության, ազգագրության և մշակութաբանության ենթաբաժանմունքում գիտաժողովի աշխատանքների սկզբում իր ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Իր խոսքում պարոն Մինասյանը ողջունեց Ուսանողական գիտական ընկերության նման նախաձեռնությունը:

 

Գիտաժողովի աշխատանքներն ընթանում էին պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մխիթար Գաբրիելյանի նախագահությամբ: Գիտաժողովի ընթացքում իրենց զեկուցներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտներ Անի Սարատիկյանը, Լիլիթ Գաբրիելյանը, Հրայր Խաչատրյանը և այլոք: 

 

Անի Սարատիկյանի զեկուցի խորագիրն էր` «2008-2009 թվականներին Կոթի բնակավայրում իրականացված պեղումները»: Իր զեկուցում ուսանողուհին ներկայացրեց Տավուշի մարզի Կոթի գյուղում ԳԱԱ ՀԱԻ կողմից 2008 թվականից իրականացված պեղումները, դրանց ընթացքը, արդյունքը: Ուսանողուհին նշեց, որ աշխատանքը նպատակ ունի ուսումնասիրել այդ բնակավայրի հուշարձանները, փորձելով որոնել դրանց ինքնությունը` հնագիտական և պատմաբանասիրական մեթոդների կողքին ավելացնելով նաև արվեստաբանական ուսումնասիրությունը, որ դեռևս չի կատարվել:

 

Մագիստրանտներից Լիլիթ Գաբրիելյանը և Հրայր Խաչատրյանը համատեղ ներկայացրին իրենց զեկույցը «Կրթության գլոբալացման մեխանիզմների կիրառումը երևանյան արդի բուհերի ուսանողների ենթամշակույթում» խորագրով: Համահեղինակները ներկայացրեցին կրթական գործընթացները, դրանց փոփոխությունները: 

 

Գիտաժողովին ներկա ուսանողները իրենց հուզող հարցերն ուղղեցին զեկուցողներին և ստացան սպառիչ պատասխաններ: Յուրաքանչյուր զեկուցից հետո զեկուցողին իր հարցերը նաև ուղղեց պարոն Գաբրիելյանը:

 

Գիտաժողովի ավարտին պարոն Գաբրիելյանը զեկուցողներին հանձնեց հավաստագրերը և ամփոփելով գիտաժողովի աշխատանքները շեշտեց, որ սա մի ուղի է, որը պետք է անցնի ցանկացած ուսանող, ով իսկապես ցանկանում է զբաղվել գիտությամբ:

 

Այսօր աշխատանքները սկսվեցին նաև Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժանմունքում: Զեկույցով հանդես եկան ուսանողներ և ասպիրանտներ Հայ-Ռուսական(սլավոնական) համալսարանից, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, և իհարկե Երևանի պետական համալսարանից: Գիտաժողովն ընթացավ մասնակիցների միջև հարց ու պատասխանով և նախագահողի դիտարկումներով:

 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ևս շարունակվեցին գիտական նստաշրջանի աշխատանքները Քաղաքացիական իրավունքի և Քաղաքացիական դատավարության ենթաբաժանմունքներում: Եղան բավականին հետաքրքիր քննարկում երկու ենթաբաժանմունքներում էլ:


Քաղաքացիական իրավունքի ենթաբաժանմունքում հատկապես թեժ քննարկում ծավալվեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ Ելենա Ալեքսանյանի ներկայացրած  «Անհիմն հարստացման հետևանքով ծագող հարաբերությունների կոլիզիոն-իրավական կարգավորման ընդհանուր սկզբունքներն ու հիմնախնդիրները ժամանակակից օրենսդրությունում» զեկույցի շուրջ: Գիտական նստաշրջանը նախագահող Վ. Ավետիսյանը, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ Դ. Սերոբյանը և Ա. Թավադյանը և ´ընդունեցին, և´ ինչ - որ տեղ չհամաձայնեցին առաջարկվող դրույթներին, բայց ,ի վերջո, եկան ընդհանուր հայտարարի ` բարձր գնահատելով ներկայացրած աշխատանքը:


Քաղաքացիական դատավարության ենթաբաժանմունքում առավել աչքի ընկավ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Էլինա Գեղամյանը իր` «Պարտադիր հակընդդեմ հայցը քաղաքացիական դատավարությունում» զեկույցով: Զեկուցողը ներկայացրեց հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու հիմքերի և  հակընդդեմ հայցի ու սկզբնական հայցի հարաբերակցության հարցը: Նստաշրջանը նախագահող Ս. Մեղրյանը և հանձնաժողովի անդամներ Տ. Մարկոսյանը և Տ. Խաչիկյանը հայտնեցին իրենց կարծիքը. եղավ հարց - պատասխան:

 

Վաղը ևս աշխատաքները կշարունակվեն գիտաժողովի բաժանմունքներում:

 

Հեղինակներ՝ Սիրանուշ Բաղումյան, Լեյլի Թադևոսյան, Տաթև Ղազարյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին