10.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ ՈՒԳԸ-ն աշակերտական աշխատաժողովի համակազմակերպիչն է
ԵՊՀ ՈՒԳԸ-ն աշակերտական աշխատաժողովի համակազմակերպիչն է
Մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որի համակազմակերպիչներից էր նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը:

Աշխատաժողովին մասնակցում  էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ: Աշխատաժողովի  նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

 

 

Աշխատաժողովին բացման խոսքերով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանն ու դպրոցների տնօրեններ:

 

 

 

 

Աշխատաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը, անդրադառնալով աշխատաժողովին կառույցի ունեցած դերին, ընդգծեց. «Աշխատաժողովի նպատակներից է աշակերտներին ընձեռել հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց հետազոտական աշխատանքների արդյուքներով: ԵՊՀ-ում այդ հարթակներից է ՈՒԳԸ-ն: Այսօր ՈՒԳԸ-ականները, փոխանակելով իրենց՝ որպես երիտասարդ հետազոտողների փորձը, լավագույնս օրինակ են ծառայում աշակերտներին: Նրանց համար դա սովորելու և առաջընթաց գրանցելու հավելյալ մոտիվացիա է»:

 

Աշխատաժողովի լիագումար նիստի ավարտից հետո ԵՊՀ ՈՒԳԸ ֆակուլտետային նախագահներն ու անդամներն աշակերտներին ուղեկցեցին համապատասխան լսարաններ:

 

Աշակերտներն իրենց հետազոտական աշխատանքները ներկայացրեցին 6 բաժանմունքներում (Հայոց լեզու եվ գրականություն, Հայրենագիտություն, Օտար լեզուներ, ԲՏՃՄ, Արվեստ եվ արհեստ, Հասարակություն, հասարակական գիտություններ):

 

Երևանի «Ուսում» դպրոցի ուսուցիչ Արգամ Համբարձումյանը, անդրադառնալով աշակերտների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությանը, ինչպես նաև աշխատաժողովում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ներգրավվածության կարևորությանը, նշեց. «Մասնակիցների մեծամասնությունը ավագ դպրոցի աշակերտներից է: Ընտրելով հետազոտության թեմա՝ նրանք արդեն իսկ նախագծում են իրենց ապագա ուղին: Դեռ տարիներ առաջ, երբ ԵՊՀ-ում էի սովորում պատմության ֆակուլտոտի ՈՒԳԸ անդամ էի: Հիմա շատ հստակ պատկերացնում եմ՝ ինչպիսի գիտական մթնոլորտ է այնտեղ տիրում: Ուսանողները լինելով անդամ կարողանում են բացահայտել իրենց ներուժը, իսկ աշակերտների համար սա մեծ հնարավություն է դեռ դպրոցական տարիքից իմանալ կառույցի մասին ու համալսարան ընդունվելուց հետո ձգտեն դառնալ կառույցի ակտիվ անդամ»:

 

 

 

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Հասմիկ Խաչատրյանի և Վահե Գրիգորյանի խոսքով՝ աշխատաժողովին մասնակցելու նպատակով ԵՊՀ այցելելը չափազանց ոգևորիչ է: Վ. Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Սա մեզ համար բացահայտում էր: Եթե կարողանանք լավագույնս ներկայանալ, մեզ համար նոր բարձունք կլինի»:

 

Խոսելով դպրոցականների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությունից և վերջիններիս ոգևորությունից Հասմիկ Խաչատրյանի մայրն ընդգծեց. «Շատ կարևոր է ունենալ այնպիսի ուսուցիչ, ով աշակերտների զարգացմանն ու հաջողություններին ուղղված քայլեր է անում: Այսպիսի աշխատաժողովը նրանց համար ևս մեկ հնարավորություն է, որ դրսևորեն իրենց ազատ խոսքն ու միտքը: Նրանք ինքնակամ, բայց մեծ պատասխանատվությամբ են մոտեցել իրենց հետազոտական աշխատանքներին»:

 

Հետազոտական աշխատանքները ներկայացնելուց հետո աշակերտներին հանձնվեցին վկայականներ:

 

Աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային և երաժշտական համարներով:

Միջազգային դատախաղերին մասնակցությունը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում այս տարի Ալբանիայում անցկացված Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի վերաբերյալ:
Կայացավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը
Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» աշխատաժողովը՝ կազմակերպված ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների կողմից։
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին