Սիրելի՛ ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ,

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպում է երիտասարդական գիտաժողովներ, որոնց ընթացքում ներկայացված լավագույն զեկուցումները հրատարակվում են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ում:


Դեռևս 1920-ական թթ., երբ նոր են ձևավորվել ուսանողական գիտական առաջին խմբակները, արդեն դրվել են ուսանողական հրատարակումների ավանդույթների հիմքերը Մայր բուհում: Համահամալսարանական ՈՒԳԸ ստեղծումից հետո հրատարակումներն ստացել են ավելի համակարգված բնույթ, և պարբերաբար լույս են տեսել ուսանողների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածուներ: 1940-1980-ական թթ. հրատարակվել են «Ուսանողական գիտական տեղեկագիր», «Ուսանողական գիտական աշխատությունների ժողովածու», «Ուսանողական գիտական աշխատանքներ» և այլ խորագրերով հանդեսներ և ժողովածուների տասնյակ բազմահատորյակներ: Ընդհանուր առմամբ հրատարակվել է մի քանի հարյուր ժողովածու:


Հետխորհրդային շրջանում հրատարակումների ավանդույթներն սկսել են վերականգնվել 1990-ական թթ. վերջին. հրատարակվում են «Գիտական տեղեկագիր» և «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսների ուսանողական հավելվածներ և «Երիտասարդ գիտնականների հոդվածների ժողովածու» խորագրով երկհատորյակ: 2001-2009 թթ. հրատարակվել են գիտական հոդվածների մի քանի ժողովածուներ ևս, իսկ 2010-2011 թթ. ուսանողական գիտական հրատարակումները վերականգնել են նախկին ավանդույթները. տարեկան հրատարակվել են գիտական հոդվածների և թեզիսների մի քանի ժողովածուներ, մասնավորապես՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանի հինգհատորյակը:


Վերջին տարիներին ՈՒԳԸ գիտական հրատարակումները հստակ կանոնակարգվել են և ստացել պարբերական բնույթ: Յուրաքանչյուր ուսումնական տարում հրատարակվում են երիտասարդական գիտաժողովների լավագույն աշխատանքներից կազմված «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականը՝ բնական և հասարակական գիտությունների առանձին համարրներով: Հարկ է նշել, որ միայն 2011 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. դեկտեմբերը ԵՊՀ ՈՒԳԸ կողմից հրատարակվել է ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 19 և թեզիսների 3 ժողովածու, 6 մենագրություն, ավելի քան 700 գիտական հոդված, մոտ 100 թեզիս: