ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում գործող «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994թ.` Իջևանի տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջի բազայի վրա: Վերջինս ստեղծվել էր ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի` 1991թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ և կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում ակտիվացնել գիտամշակութային կյանքը, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ:
1994թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության թիվ 440 որոշմամբ` Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, որը գործում է մինչև այսօր:
Իր 20-ամյա գործունեության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ը տվել է շուրջ 4000 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն: Շուրջ մեկ տասնյակ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, աշխատում են մասնաճյուղում:
Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում մասնաճյուղը միտված է տալու բարձրորակ կրթություն, աջակցելու տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին, ստեղծելու տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր, տրամադրելու բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ:
ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական խնդիրը համալսարանական կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն է: Բուհում հետևողական աշխատանքներ են տարվում ուսումնագիտական գործընթացի, մասնավորապես` ուսումնական ծրագրերի ու պլանների կատարելագործման ուղղությամբ: Մասնաճյուղն իրականացում է ԵՊՀ ծրագրերին համապատասխան` առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթություն:
ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գերակա նպատակներից է հայագիտության, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների ու մշակույթի զարգացումը տարածաշրջանում: Դրանից ելնելով` բուհում գործում է 4 ֆակուլտետ` Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի և 12 ամբիոն:
Բնականգիտությունների ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):
Ֆակուլտետում գործում են Ընդհանուր ֆիզիկայի և մասնագիտական համակարգչային լաբորատորիաները:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ունի 5 ամբիոն (Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Անգլերեն լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության), 1 սեկցիա (Ռուսաց լեզվի և գրականության) և իրականացնում է 7 կրթական ծրագիր («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»):
Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ընդհանուր տնտեսագիտության, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության) և իրականացնում է երկու կրթական ծրագիր(«Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս»):
Կիրառական արվեստի ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի) և իրականացնում է 3 կրթական ծրագիր(«Կիրառական արվեստ», «Դիզայն», «Համակարչային գրաֆիկա»):
Ֆակուլտետում գործում են 4 գծանկարի և գունանկարի, 2 տեքստիլի, 1-ական դիզայնի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, քանդակի, փայտի գեղարվեստական մշակման արվեստանոցներ:
2006 թվականից մասնաճյուղում գործում է Հեռակա ուսուցման բաժինը, ուր իրականացվում է 5-ամյա բակալավրական կրթություն` 13 մասնագիտություններով («Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Տարրական մանվարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Բնապահպանություն և բնօգտագործում», «էկոլոգիական քիմիա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):
Ներկայումս մասնաճյուղի 4 ֆակուլտետներում առկա ուսուցմամբ 12 մասնագիտությունների գծով ուսանում է ավելի քան 500 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում 13 մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 1000 ուսանող:
ԵՊՀ ԻՄ-ում ուսանողների հետաքրքիր առօրյան (ուսումնագիտական, գիտակրթական, մշակութային, ժամանցային տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ) ապահովում, նրանց իրավական գիտակցությանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստում են ուսանողական ինքնակառավարման մարմինները` ուսանողական խորհուրդը (ՈՒԽ), ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Մասնաճյուղն ունի ժամանակակից համակարգիչներով հագեցած 3 համակարգչային լսարան, 12500 միավոր և 1500 անուն էլեկտրոնային գրականությամբ գրադարան, որի մասն են կազմում նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված 2 հարմարավետ ընթերցասրահները:
2009 թվականից մասնաճյուղում գործում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի գործունեության հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների մրցունակության աճին, շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:
Արտակ Վոլոդյայի Ցուցուլյան
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հեռ. ՝ (+347 263) 32202
Էլ.փոստ.՝ ijevan@ysu.am
Կայք՝ ijevan.ysu.am