- Main
- Node
- Համալսարանականները այցելել են Բրատիսլավա՝ ուղենշելու կրթական նորարարությունների և համագործակցության նոր հեռանկարներ
November 12, 2025 | 15:04
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Համալսարանականները այցելել են Բրատիսլավա՝ ուղենշելու կրթական նորարարությունների և համագործակցության նոր հեռանկարներ
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտներ Գարիկ Սիրոյանն ու Հասմիկ Հովհաննիսյանը այցելել են Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան (Սլովակիա), որտեղ մասնակցել են արդեն 19-րդ անգամ անցկացվող Միջազգային դասավանդման շաբաթի աշխատանքներին։ Մեզ հետ զրույցում նրանք պատմել են իրենց փորձառության մասին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցերը խթանում են միջազգային համագործակցությունը, համատեղ հետազոտությունների և ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցման ու նորարարական գաղափարների զարգացումը։
Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան կատարած այցի ընթացքում (հոկտեմբերի 27-31-ը) Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Գարիկ Սիրոյանը և տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը ներգրավված են եղել Միջազգային դասավանդման շաբաթի աշխատանքներում, որին մասնակցել են մեկ տասնյակից ավելի դասախոսներ 6 երկրներից՝ Սլովակիա, Հայաստան, Գերմանիա, Լիտվա, Ուկրաինա, Մարոկկո: Գարիկ Սիրոյանը նշում է, որ արտերկրի գործընկերների հետ քննարկվել են համատեղ ծրագրերի, հետազոտությունների և հրապարակումների հնարավորությունները, ներկայացվել են բուհերի ուղղվածությունները, հնարավորությունները:
Այցի շրջանակում համալսարանականները Տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման մասնագիտությունների բակալավրիատի տեղացի և օտարերկրյա ուսանողների համար կարդացել են դասախոսություններ՝ «Միգրացիան՝ որպես մարդկային կապիտալի վերարտադրման գործոն» և «Միգրացիոն քաղաքականության տնտեսական հետևանքները», «Հովանավորչություն և առևտրային քաղաքականության գործիքներ» թեմաներով։ Ըստ Հասմիկ Հովհաննիսյանի՝ ուսանողները մեծ հետաքրքրությամբ էին լսում դասախոսությունները և արձագանքում՝ բերելով օրինակներ թե՛ ԵՄ երկրների, թե՛ Սլովակիայի առևտրային փորձից։
«Քննարկումները շատ ակտիվ էին հատկապես այն հարցում, թե փոքր տնտեսությունները արդյո՞ք պետք է կիրառեն հովանավորչական քաղաքականություն, թե՞ կենտրոնանան նորարարության և մրցունակության բարձրացման վրա»,- նշում է նա։
Այն հարցին, թե նորարար ուսուցման ինչ մեթոդներ են նկատել Բրատիսլավայում, որոնք կցանկանային կիրառել նաև ԵՊՀ-ում, Գարիկ Սիրոյանն ասաց․ «Ուսուցման առանձնակի նորարարական մեթոդներ չեմ կարող առանձնացնել, սակայն կցանկանայի ընդգծել Սլովակիայի բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ դիտարկումները․
Ուսանողներն ունեին անգլերենի իմացության ու հաղորդակցման բարձր մակարդակ։
Բուհում տեղացի մասնագետներից բացի՝ անգլերենով դասավանդում են նաև օտարերկրյա դասախոսներ: Համալսարանը վերջին տարիներին զգալի աճ է ապահովել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում:
Ներկայում բուհում ուսանում են ավելի քան 1000 օտարերկրյա ուսանողներ, իսկ ընդհանուր ուսանողների թիվը 7000 է։
Օտարերկրյա ուսանողների ներգրավումը խրախուսվում է պետության կողմից:
Ուսուցումը կատարվում է ինչպես սլովակերենով, այնպես էլ անգլերենով:
Սլովակիայի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն անվճար է:
Ասպիրանտները ստանում են կրթաթոշակ՝ ամսական 1000 եվրո»։
Ըստ Հասմիկ Հովհաննիսյանի՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սլովակիայում կրթական միջավայրը բաց է, գործընկերային և հարգալից։ Միակ նկատելի տարբերությունն այն է, որ Սլովակիայում ուսանողները մի փոքր ավելի կազմակերպված են դասապրոցեսի ընթացքում, Հայաստանում շփումն ավելի ջերմ է և անհատական։ Նա կարծում է, որ երկու կողմերին միավորում են նույն ակադեմիական արժեքներն ու համագործակցային մշակույթը։
«Իմ միջազգային փորձերից (Պորտուգալիա, Իսպանիա, Հունաստան և Սլովակիա) հետո կցանկանայի ԵՊՀ կրթական միջավայրում զարգացնել մի քանի նոր գաղափարներ և մոտեցումներ, որոնք նպաստում են ուսուցման որակի, միջազգային համագործակցության և ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Առաջին հերթին՝ առաջարկում եմ համատեղ դասընթացների և երկկողմանի ուսուցման մոդելների ներդրում ԵՊՀ-ի և գործընկեր համալսարանների միջև։ Սա հնարավորություն կտա ուսանողներին միաժամանակ լսելու տարբեր համալսարանների դասախոսների, համեմատելու փորձը և ձևավորելու միջազգային ակադեմիական կապեր»,- ասում է նա և հավելում, որ նպատակահարմար է համարում նաև ներդնել կրկնակի դիպլոմի (dual degree) ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ստանալու երկու համալսարանների դիպլոմ՝ ամրապնդելով ԵՊՀ միջազգային հեղինակությունը և շրջանավարտների մրցունակությունը միջազգային մակարդակով։
«Բացի դրանից՝ արդյունավետ կլիներ ներդնել խառը (blended) ուսուցման մոդելներ, որտեղ համակցվում են առցանց և լսարանային ձևաչափերը, ինչպես նաև ստեղծել միջազգային թիմային նախագծեր, որոնք խթանում են միջմշակութային հաղորդակցությունը և պրակտիկ համագործակցությունը։ Այս մոտեցումները հնարավորություն կտան ԵՊՀ-ին դառնալու ավելի բաց, համագործակցային և միջազգային չափանիշներին համահունչ կրթական կենտրոն»,- մատնանշում է ԵՊՀ դոցենտը։
Ամփոփելով արտերկրում ձեռք բերած իրենց փորձը՝ համալսարանականներն ընդգծում են «Էրազմուս+» ծրագրի կարևորությունը և նշում, որ այն հնարավորություն է տալիս ներկայացնելու ԵՊՀ-ն և միաժամանակ սովորելու եվրոպական համալսարանների լավագույն պրակտիկաները ուսուցման, տեխնոլոգիաների և կառավարման ոլորտներում։ Այս այցելությունները խթանում են միջազգային համագործակցությունը, համատեղ հետազոտությունների և ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցման ու նորարարական գաղափարների զարգացումը։
Նշենք նաև, որ այցի ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ համալսարանի ղեկավարության հետ, մասնավորապես ռեկտորի՝ պրոֆեսոր Ֆերդինանդ Դանոյի (Prof. Ferdinand Daňo), միջազգային կապերի գծով ռեկտորի տեղակալ Բորիս Մատոշի (Boris Matoš), Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուդոլֆ Կուխարչիկի (doc. PhDr. Rudolf KUCHARČÍK, PhD.), ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ծրագրի մասնակից այլ երկրների գործընկերների հետ։
Ըստ Հասմիկ Հովհաննիսյանի՝ այցն առանձնացավ իր բարձր արդյունավետությամբ և հագեցած օրակարգով՝ ներառելով դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակման ձևաչափեր։ Այն նշանակալից էր թե՛ անհատական մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ միջբուհական գործակցային կապերի ամրապնդման և ընդլայնման տեսանկյունից։










