- Main
- Node
- Ուրվագծվում են հայ-ղազախական գիտակրթական համագործակցության նոր հեռանկարներ․ հանդիպում ԵՊՀ-ում
December 02, 2025 | 14:26
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուրվագծվում են հայ-ղազախական գիտակրթական համագործակցության նոր հեռանկարներ․ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին, Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտոր Ժանսեիտ Կանսեյտուլի Տույմեբաևին և Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդական Ասկար Երկինովին։ Հանդիպման նպատակն էր ուղենշել երկու համալսարանների միջև գիտակրթական կապերի ամրապնդման և նոր գործակցության հեռանկարները։
Հանդիպման շրջանակում քննարկվեցին երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանների միջև բազմամյա գործընկերությունը կարևոր գործոն է ոչ միայն գիտակրթական կապերի ամրապնդման, այլև երկու երկրների միջև մշակութային ու գիտական երկխոսության զարգացման տեսանկյունից։ Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է ընդլայնելու համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով ուսանողական շարժունություն, համատեղ գիտաժողովների կազմակերպում, երկկողմ հետազոտական նախագծեր և փոխադարձ ակադեմիական աջակցություն։
Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտորն իրենց հերթին բարձր գնահատեց Երևանի պետական համալսարանի դերակատարումը տարածաշրջանի առաջատար գիտակրթական հաստատությունների շարքում։ Նա մատնանշեց, որ հերկու երկրների համալսարանների համագործակցությունը կարող է նոր որակ հաղորդել միջմշակութային փոխըմբռնմանն ու գիտական փոխանակմանը։
Երկուստեք նաև ընդգծեցին, որ նախատեսվում է մշակել և իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։






