06.07.2010 | 
Կրթություն
ԿԱՄՈՒՐՋ-ՖՈՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
ԿԱՄՈՒՐՋ-ՖՈՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Հայկական վիրտուալ համալսարանը հունիսի 2-ին ամփոփեց իր աշխատանքային առաջին տարին:

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) ստեղծման ծրագիրը նախաձեռնել են դեռեւս 2004 թվականին: Պաշտոնապես, սակայն, օն-լայն կրթության հայաստանյան առաջին ներկայացուցիչը գործում է 2009 թվականի հունիսից: Ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել եւ մշակվում է Երեւանի պետական համալսարանի գիտնականների եւ ծրագրավորողների համագործակցությամբ:

 

Կրթության բոլորովին նոր տարբերակ առաջարկող կրթօջախը հունիսի 2-ին գլոբալ կամուրջ-ֆորումով ամփոփեց հայագիտական հեռավար կրթության բնագավառում առաջին տարվա իր գործունեությունը: Հոբելյանական ֆորումին մասնակցում էին ինչպես հայաստանցի մասնագետներ, այնպես էլ ոլորտը ներկայացնող օտարերկրյա հյուրեր: Կենդանի ֆորումի ընթացքում կապ հաստատվեց համալսարանի` աշխարհի տասնյակ երկրներում բնակվող ուսանողների, ուսուցիչների եւ հեռավար կրթության մասնագետների հետ, ովքեր ներկայացրին ուսման իրենց փորձն ու պատասխանեցին ներկաների հարցերին:

 

Մեկ տարվա ընթացքում համալսարանն անցկացրել է 4 ուսումնական շրջան, որոնց մասնակցել են 35 երկրների ավելի քան 500 ուսանողներ: Աշխարհի տարբեր երկրներում գտնվող ուսանողներին համախմբողը Հայաստանն է ու հայերենը: Հայկական վիրտուալ համալսարանում գործում են երեք` լեզվի, պատմության ու մշակույթի ֆակուլտետներ: Եւ որպեսզի նպատակն արդարացվի, ու հայեցի կրթությունը մատչելի ու հասանելի լինի բոլոր ցանկացողների համար, այն իրականացվում է հետեւյալ լեզուներով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Բացի օն-լայն դասերից, որոնց ընթացքում ուսուցիչը վիրտուալ կապ է հաստատում դասընթացի մասնակիցների հետ, Հայկական վիրտուալ համալսարանը ներմուծել է նաեւ ուսուցման խառը մեթոդը. ավանդական դասարանին միանում է օն-լայն ուսուցիչն ու դասն անցկացնում դասվարի հետ միասին:

Այլ նորություններ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ: