11.03.2010 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Հասարակություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՐՏՈՆՅԱԼ» ՍԵՐՆԴԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՐՏՈՆՅԱԼ» ՍԵՐՆԴԻ ՀԵՏ
ԵՊՀ-ն հյուընկալեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին ու ներկա նախագահներին:

«Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության» խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը նախ ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունն ու նպատակները, որից հետո ներկա եւ նախկին նախագահները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին: Ժոաո Սոարեշը նշեց, որ թեեւ ԵԱՀԿ-ն պակաս ճանաչում ունի, քան միջազգային մի քանի այլ կառույցներ, սակայն կազմակերպությունն արդյունավետ գործունեություն է ծավալում այն ոլորտներում, որտեղ աշխատում է:

 

«Սա ճկուն եւ արագ արձագանքող կազմակերպություն է, ինչն արտահայտվում է տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման հարցերում»,- ասում է Ժոաո Սոարեշը : Նման մի մեծ խնդիր էլ ԵԱՀԿ-ն համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, որի լուծումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հույս ունի տեսնել այս տարի:

 

«Ես այս դահլիճում տեսնում եմ Հայաստանի արտոնյալ սերունդը` առաջին սերունդը, ով մեծացել է անկախ Հայաստանում: Բայց դա ոչ միայն արտոնություն է, այլ նաեւ պատասխանատվություն, քանի որ դուք եք ձեւավորելու ձեր երկրի ապագան»,- ընդգծեց Գորան Լենմարկերը: Գորան Լենմարկերն ասում է, որ ինքը լավատես է եւ ակնկալում է Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծում: «Ամեն տարի ձեզ նման 20-ից 30 երիտասարդներ են զոհվում այդ հակամարտության պատճառով, իսկ դա անընդունելի է»,- ասում է պարոն Լենմարկերը:

 

Նա նաեւ ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտությունը ու հորդորեց, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ վավերացնեն սահմանի բացման մասին արձանագրությունները:

 

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անի Դավթյանին հետաքրքրում էր պաշտոնյաների կարծիքը Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների մասին, որոնք վերջինս պարբերաբար հնչեցնում է տարբեր առիթներով: Ի պատասխան` Ժոաո Սոարեշը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական նիստների ժամանակ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի պատգամավորները շատ զուսպ են իրենց պահվածքով, իսկ Գորան Լենմարկերն էլ ավելացրեց, որ ռազմական բնույթի հայտարարությունները երբեք օգտակար չեն: Ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր ԵԱՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացին Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցող կողմ մասնակցության հարցի վերաբերյալ, ինչին ի պատասխան Գորան Լենմարկերը նշեց, որ ժամանակի սղության պատճառով անիմաստ է նոր ձեւաչափի ընտրությունը, ուստի այն անփոփոխ է:

 

Հանդիպման վերջում, շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու եւ ուսանողների հարցերին պատասխանելու համար, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը հյուրերին հանձնեց Երեւանի պետական համալսարանի հուշանվերները:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: