24.11.2010 | 
Հասարակություն
60-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ-ՈՒՄ
60-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ-ՈՒՄ
Գրականագետ, թարգմանիչ եւ գրող Ֆելիքս Բախչինյանը 60 տարեկան է:

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում` Եղիշե Չարենցի անվան դահլիճում, հնչում էին շնորհավորանքներ, որոնք ուղղված էին Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանին: «Ժամանակին Թումանյանը դեմ էր դուրս եկել «հոբելյանամանիային»: Մենք նշում ենք հոբելյաններ` առանց իմանալու, թե ինչ է դա: Դա նախ եւ առաջ վաստակ է, հաշվետվություն: Այստեղ նստած է մի անձնավորություն, ով իրավունք ունի իրեն հոբելյար կոչելու: Նա մարդ է, ում քիմքը սովորել է ստեղծագործելու համին: Նա օրինակ է հայ մարդու, համեստ մշակի, ով երբեք պարգեւատրման չի սպասում»,- այսպես շնորհավորեց պարոն Բախչինյանին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նշենք, որ Ֆելիքս Բախչինյանին իր 60-ամյա հոբելյանի առթիվ արդեն շնորհվել է ԵՊՀ ոսկեզօծ մեդալ:

 

Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թ-ին Ալավերդի քաղաքում: Ավարտել է Բագրատաշենի համար 1 դպրոցը, այնուհետեւ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1978-1981 թթ-ին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը: Նա աշխատել է «Լոռի» շրջանային եւ «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում: Եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Հայաստանի գրողների միության նախագահի եւ Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը: Այժմ ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ղեկավարում է «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը: «Չեմ ուզում մեղմել եւ ասել, որ 2 անգամ 30 տարեկան է կամ 3 անգամ 20: Սիրելի՛ տիկնայք եւ աղջիկներ, նա 60 տարեկան է` իր պատկառելի կեցվածքով եւ տարիների բեռով,- կեսլուրջ-կեսկատակ նշեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը եւ հավելեց,- ինձ թվում է` Նանսենի վերաբերմունքը հայերի նկատմամբ կարող է գնահատել միայն հայրենիքը անմնացորդ սիրող մարդը»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: