07.12.2010 | 
Կրթություն, Հասարակություն
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
ԵՊՀ-ն այսօր հայաստանյան կրթական ոլորտի «հավաքատեղի» էր դարձել:

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարարությունն անցկացրեց գիտաժողով` նվիրված որակավորումների ազգային շրջանակի մշակման եւ ներդրման գործընթացին: Գիտաժողովը նախագահում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Բոլոնիայի գործընթացների շրջանակում Հայաստանը պարտավորված է մշակել եւ ներդնել որակավորումների ազգային շրջանակը: Ըստ ժամանակացույցի` այդ գործընթացը պետք է ամփոփել մինչեւ 2012 թվականը: 2008 թ-ից ՀՀ ԿԳ նախարարությունը Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ մշակում է որակավորումների ազգային շրջանակ: ԵՊՀ-ում անցկացված այսօրվա գիտաժողովը նպատակ ուներ ներկայացնելու ընթացիկ իրավիճակը, հստակեցնելու մինչ այժմ ձեռք բերված հաջողություններն ու որակավորումների ազգային շրջանակի իրագործմանն անցնելու փուլը:

 

«Վերջին երեք տարիների ընթացքում ձեւավորված հատուկ աշխատանքային խմբի եւ ոլորտի շահագրգիռ կառույցների համատեղ քննարկումների արդյունքում այսօր մենք ունենք որակավորումների ազգային շրջանակը սահմանելու մասին նախագիծ, որն այս տարվա դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում կներկայացվի Կառավարության հաստատմանը: Լիարժեք փաստաթուղթ պատրաստել, իհարկե, անհնար է: Այն, ինչ ներկայացվում է այսօր մասնակիցների քննարկմանը, փոխհամաձայնության տարբերակ է, որով կարող ենք սկսել աշխատել»,- ասում է ՀՀ ԿԳ զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Գիտաժողովին, հայաստանյան ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին նաեւ արտասահմանյան փորձագետներ: Ելույթներով հանդես եկան ԵԽ բարձրագույն կրթության եւ հետազոտության կառավարման կոմիտեի քարտուղար Կատյա Դոլգովա-Դրեյերը, ԵԽ փորձագետ Ստյուարտ Գարվին եւ Եվրոպական որակի ապահովման ռեգիստրի ներկայացուցիչ Քոլին Թաքը:

 

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն-հիմնադրամն այս գործընթացում իրականացնելու է որակավորումների ազգային շրջանակի կիրառման վերահսկողության գործառույթները: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է, որ Հայաստանում այսօր արդեն գործընթացը տեսականից զատ նաեւ կիրառական դրսեւորումներ է ստանում: «Չնայած որակավորումների ազգային շրջանակը դեռեւս նախագծային փուլում է, հայաստանյան կրթական ոլորտի ներկայացուցիչներն արդեն իսկ փորձում են հստակեցնել իրենց անելիքները, որոշում այն հիմնական ուղղությունները, որոնցով շարժվելու են գործընթացի շրջանակում»,- ասում է Ռուբեն Թոփչյանը:

 

Գիտաժողովին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ԵՊՀ-ից: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանում որակավորումների ազգային շրջանակի մշակման հետագա քայլերին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: