27.04.2010 | 
Հասարակություն
ԱՊՐԵԼ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՈԳՈՎ
ԱՊՐԵԼ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՈԳՈՎ
Այսօր լրացավ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի ծննդյան 45-ամյակը:

Հերթական անգամ Եռաբլուրում էին հավաքվել Տիգրանի հարազատները, մարտական ընկերներն ու ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները: Համալսարանականների շարքերում էր նաեւ Տիգրան Սարգսյանի որդին` Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արգիշտին, ով այդ նույն ժամին հայրիկի անվան լսարանում պետք է դասի լիներ, սակայն Արգիշտիի ու մյուս ուսանողների համար յուրօրինակ դաս տեղի ունեցավ Եռաբլուրի բարձունքում:

 

«Տիգրան Մեծ»-ի լեգենդար ազատամարտիկները համալսարանականներին հորդորում էին ապրել տիգրանյան ոգով, լինել գիտության ու հայրենիքի զինվոր: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետին բնութագրում է որպես խիզախ ու հայրենասեր, ընկերական ու բարի, իր գործին ու իր երկրին նվիրված հայորդի: «Վարդանանք» ակումբի անդամ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Արշակ Ծառուկյանն ասում է, որ իրենք առաջնորդվում են ԵՊՀ զոհված ազատամարտիկների գաղափարներով, ցանկանում են լինել նրանց արժանի ժառանգորդները եւ պարբերաբար գալիս են Եռաբլուր` զորանալու նրանց մարտական ոգով:

 

«Տիգրանը ծնյալ զինվորական էր. նա օժտված էր հրամանատարին բնորոշ հատկանիշներով, նա գիտեր յուրաքանչյուր զինվորի հետ շփվելու յուրովի մոտեցում»,- ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը: Լեգենդար Կոմանդոսը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մարտիկներին հանդիպել է Ոսկեպարում, հիշում է, թե ինչ պատվախնդրությամբ ու նվիրումով էին նրանք պատրաստվում մարտերին: Գեներալ Տեր-Թադեւոսյանի խոսքերով` այս աշխատանքներում մեծ էր Տիգրանի ներդրումը:

 

«Նա ամենադժվար պայմաններում ցուցաբերում էր հրամանատարին բնորոշ առանձնահատկություններ, այնպես, որ զինվորները եւս իրենց ապահով էին զգում»,- ասում է Կոմանդոսը: Նշենք, որ ՀՀ նախագահի` 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրի համաձայն` ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Տիգրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Եռաբլուրի Սրնոց Վարդանանց եկեղեցում Տեր Ավետիս քահանա Համբարձումյանը կատարեց հոգեհանգստյան կարգ` Տիգրան Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտում զոհված մյուս ազատամարտիկների հոգիների հանգստության համար:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: