12.10.2010 | 
Հասարակություն
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղեկցությամբ մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Վեհարանում ուսանողներին հյուրընկալեց Ն.Օ.Ս.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Վեհափառ հայրապետին ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ԵՊՀ-ում տեղի ունեցած, Թարգմանչաց տոնին վերաբերող միջոցառումների շարքը: Կաթողիկոսը, կարեւորելով ազգային, եկեղեցական տոներին ու ծեսերին նվիրված միջոցառումների կազմակերպումը, նշեց, որ այն իրականացվում է երիտասարդների ջանքերով ու մասնակցությամբ: «Յուրաքանչյուր ազգի համար անհրաժեշտ է ուրույն դիմագիծ ունենալը, մանավանդ մեր օրերում, երբ զանազան ապազգային երեւույթներ ներթափանցում են հայ իրականություն, իսկ մեր հոգեւոր արժեքները պահպանելու եւ նրանց հաղորդակից դառնալու համար նմանատիպ միջոցառումները մեծ դերակատարություն ունեն»,- նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Պրոռեկտոր Մարկոսյանն էլ, կարեւորելով բուհ-եկեղեցի փոխհարաբերությունը, ասաց, որ ԵՊՀ-ում ազգային, եկեղեցական բնույթի միջոցառումներ պարբերաբար են կազմակերպվում եւ հույս հայտնեց, որ առաջիկայում եւս Աստվածաբանության ֆակուլտետի եւ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հետ համատեղ կկազմակերպվեն այդպիսի միջոցառումներ: Պարոն Մարկոսյանը կարծիք հայտնեց, որ հնարավորության դեպքում ԵՊՀ տարածքում կարելի է հիմնել մատուռ: Այսպիսով, համալսարանականները եւս կունենան իրենց աղոթատեղին: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ առաջարկեց հաջորդ միջոցառումը կազմակերպել Մայր Աթոռի կամարների ներքո, ինչի վերաբերյալ Վեհափառ հայրապետը հայտնեց իր դրական կարծիքը: Ուսանողները տպավորված էին Վեհափառ հայրապետի բովանդակալից ելույթով, նրանք համակ ուշադրությամբ լսում էին Հայոց հոգեւոր առաջնորդի խորհուրդները: Ուսանողական խորհրդի քարտուղար Հարություն Ազգալդյանը ԵՊՀ ուսանողների անունից Կաթողիկոսին խնդրեց առաջիկայում այցելել Համալսարան, որպեսզի ավելի մեծ թվով ուսանողներ ունկնդրեն Ամենայն հայոց հայրապետի խոսքը եւ ստանան նրա օրհնությունը: Վեհափառը նաեւ պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից Թարգմանչաց տոնի կապակցությամբ անցկացված թարգմանությունների մրցույթի հաղթողներն ու մասնակիցները Կաթողիկոսից նվեր ստացան Հայ եկեղեցու հանրագիտարանի 1-ին հատորը` «Ամենայն հայոց կաթողիկոսներ»: Հանդիպման ավարտին համալսարանականները շրջեցին Վեհարանի սրահներով, այցելեցին Մայր տաճարի թանգարան:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: