05.05.2010 | 
Հասարակություն
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԵՏ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԵՏ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ
«Եռատոնի» նախօրեին ԵՊՀ-ում հավաքվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համալսարանականները եւ վետերանները:

Պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարությունների համատեղ ջանքերով բանակի ղեկավարությունը եւ սպայական կազմը հանդիպումներ են ունենում տարբեր դպրոցների աշակերտների եւ բուհերի ուսանողների հետ:

 

Այսօր հերթը ԵՊՀ-ինն էր: «Քանի որ հաղթանակի տոնի նախօրեն է, նպատակը նաեւ արիության օրինակների ներկայացումն է կրթօջախների սաներին: Այս տոնը մեզ համար եռատոնի է վերածվել` Շուշիի ազատագրում, Արցախի պաշտպանության բանակի կազմավորում եւ, իհարկե, Հայրենական պատերազմում տարած հաղթանակ»,- ասում է պաշտպանության նախարարը:

 

Նախարարը, խոսելով վետերանների մասին, նշեց, որ նրանց սխրանքը չի մոռացվում, քանի որ, եթե չլիներ դա, ապա հաջորդ սերունդը չէր կարողանա պայքարել Արցախի ազատագրման համար: «Ես հպարտությամբ պիտի ասեմ, որ Հայրենական պատերազմի մասնակից լինելուց բացի, ես համալսարանում դասախոս եմ եղել եւ պատերազմում եղած մարդկանց ծառայելու, հայրենասիրության եւ կյանքը վտանգի ենթարկելու համն ու հոտը շատ լավ եմ իմացել»,- ասում է պատերազմի վետերան, մեծ լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը:

 

Պարոն Բարսեղյանը պատմում է, որ Արցախյան ազատամարտի հերոս Թաթուլ Կրպեյանը Բանասիրության ֆակուլտետում դասի էր գալիս` հատուկ իր դասախոսությունները լսելու համար, որոնք ոչ միայն լեզվի ու գրականության, այլեւ հայրենիքի ու հայրենասիրության մասին էին: «Ոգեւորությունս նրան տարավ դեպի անձնազոհություն, իսկ անձնազոհությունը` դեպի անմահություն»,- պատմում է մեծ լեզվաբանը:

 

«Այս մարդիկ իրենց ճակատագրով կապված են հաղթանակի հետ: Հայ ժողովուրդը ծանր կորուստների գնով է ձեռք բերել այս հաղթանակը եւ շատ այլ երկրների հետ հավասար իրավունք ունի հաղթանակն իրենը կոչելու»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ապա հետեւեց հարց ու պատասխանը, որի ընթացքում հիմնականում շոշափվեցին Զինապարտության մասին օրենքի եւ մագիստրոսական տեղերի կիսով չափ կրճատման, ինչպես նաեւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը: Նախարար Օհանյանը նշեց, որ բանակ գնալը ուսմանը բոլորովին չի խանգարում. եթե մարդը սովորելու ցանկություն ունի, ապա կսովորի` անկախ ամեն ինչից:

 

Ուսանողների կողմից էլ առաջարկ եղավ նախարարության հետ համատեղ կազմակերպել մարտական պատրաստվածության դասընթացներ, ինչին հավանություն տվեց նաեւ նախարարը: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի հրամանագրերով` մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալներով պարգեւատրվեցին եւ պատվոգրերի արժանացան ոչ միայն միջոցառմանը ներկա վետերանները (նրանց մի մասը նախկինում աշխատել է ԵՊՀ-ում),այլեւ մի շարք երիտասարդ համալսարանականներ:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.