22.02.2010 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ
Փետրվարի 20-ին ԵՊՀ-ի բակում ուսանողների փոխարեն աշակերտներ էին հավաքվել:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության կենտրոնը կազմակերպում եւ անցկացնում է համահանրապետական օլիմպիադա ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար: Այս տարի օլիմպիադայի մասնակիցների թիվը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա մասնակիցների թիվը:

 

Ակնհայտ աճը, կազմակերպիչների տեղեկացմամբ, պայմանավորված է ոչ միայն աշակերտների հետաքրքրվածությամբ, այլեւ օլիմպիադայի աշխարհագրության ընդլայնմամբ: «Անցած տարի օլիմպիադային մասնակցել են շուրջ 600 աշակերտներ, որոնց բացարձակ մեծամասնությունը երեւանյան եւ մայրաքաղաքին հարող մարզերի դպրոցականներ էին: Այս տարի արվել էր ամեն ինչ` երկրի բոլոր մարզերից մասնակիցներ ընդգրկելու համար»,- նշեց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնի դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը:

 

Շուրջ 1200 աշակերտի մասնակցությունն ապահովելու նպատակով, այս տարի օլիմպիադան անցկացվեց 2 փուլով: 1-ին փուլն անցկացվեց Գյումրիում փետրվարի 16-ին: Մասնակից 346 աշակերտների թվում կային ներկայացուցիչներ անգամ Ջավախքից: ԵՊՀ լսարաններում անցկացվող 2-րդ փուլին մասնակցում էին շուրջ 850 աշակերտներ ավելի քան 100 դպրոցներից: Օլիմպիադան անցկացվում էր միաժամանակ 14 առարկաների գծով, ամենաակտիվը անգլերենի մասնակիցներն էին` շուրջ 200 մասնակից: Անգլերեն լեզվի առարկային ընդամենը 2-3 տասնյակ մասնակիցներով էին զիջում Հայոց լեզու եւ Հայոց պատմություն առարկաները: Շուրջ 30-ական մասնակից էր գրանցվել այս տարի առաջին անգամ անցկացվող Ստեղծագործական մտքի եւ Մարդու իրավունք եւ ժողովրդավարություն առարկաներից: 4 ժամ ընթացող օլիմպիադան ոչ միայն մասնակիցներին, այլեւ նրանց ոգեւորելու եկած ծնողներին համալսարանական շունչը զգալու հնարավորություն տվեց:

 

Էմին Սանթրոսյանի կարծիքով, այդ մթնոլորտը եւս իր որոշիչ դերն է խաղում հետագայում Պետհամալսարանն ընտրելու գործընթացում: Այժմ ամփոփվում են օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքները: Տեղեկացնենք, որ փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին ԵՊՀ մեծ դահլիճում: Պաշտոնական արարողությունից հետո ԵՊՀ ֆակուլտետներում կսկսվի «Բաց դռների» օր: Այսինքն` օլիմպիադան ապագա դիմորդներին հնարավորություն կտա ոչ միայն ստուգելու գիտելիքները ընդունելության քննությունների նախաշեմին, այլ նաև անձամբ լինելու ֆակուլտետներում, հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ինչը կօգնի դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: