21.05.2010 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ` «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ`  «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի շրջանավարտներին այսօր բարի երթ մաղթեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները:

Զոհված ազատամարտիկ Ավետիս Բաղդասարյանի դստեր ուրախությունը կատարյալ դարձավ այն ժամանակ, երբ տեսավ, որ ԵՊՀ ՈՒԽ ներկայացուցիչները եկել են իր «Վերջին զանգի» արարողությունը դիտելու: Իսկ թե ինչպես էին ԵՊՀ ուսխորհրդականները հայտնվել Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում, պատմենք սկզբից: Տասներորդցի Աստղիկ Բաղդասարյանը ԵՊՀ-ում սովորող ընկերուհուց բազմիցս լսել էր Ուսանողական խորհրդի մասին, եւ, ինչպես ինքն է ասում, երազում էր իր «Վերջին զանգը» համալսարանականների հետ անցկացնելու մասին: «Խնդրանքը տեղ հասավ:

 

Համալսարանականներն էլ, բնականաբար, չմերժեցին: Եվ այսօր առավոտյան ՈՒԽ մի քանի ներկայացուցիչներ ուղեւորվեցին Հացիկի միջնակարգ դպրոց: Այս տարի դպրոցն ունի 30 շրջանավարտ (2 ավարտական դասարան), ովքեր հերթով համայնքի հանրությանը եւ հյուրերին ներկայացրին իրենց պատրաստած միջոցառումները: Երգ, պար, հումոր, հրաժեշտի խոսքեր… եւ բարձր տրամադրություն: Շատ հաճելի է մեզ համար համալսարանականներին հյուրընկալելը: Համոզված եմ, որ այս երեխաների մի մասն անհամբեր կսպասի այն օրվան, երբ իրենք էլ կդառնան ուսանողներ, Ուսանողական խորհրդի անդամներ»,- ասում է դպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը: Իսկ նրա խոսքերի ճշմարտացիությունն ապացուցվում է այն հանգամանքով, որ այս տարվա 30 շրջանավարտներից 9-ը պատրաստվում են դիմել տարբեր պետական բուհեր, իսկ մի մեծ խումբ էլ` մասնավոր կամ ոչ պետական ուսումնական հաստատություններ:

 

Չնայած 350 աշակերտ ունեցող դպրոցի շենքային պայմանները բոլորովին էլ վատը չեն, այնուամենայնիվ ջեռուցման հարցը դեռեւս լուծված չէ: ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը, բոլոր համալսարանականների անունից շնորհավորելով շրջանավարտներին, նշեց. «Կրկնակի ուրախալի է, որ այս ամենը կատարվում է ազատամարտիկի անունը կրող դպրոցում: Արցախյան ազատամարտի հերոսներից մի քանիսն էլ համալսարանականներ են եղել, ինչը նույնպես մեզ հպարտանալու առիթ է տալիս»: «Մենք գիտենք` մեր համագյուղացին կռվել է պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջ:

 

Ավետիս Բաղդասարյանի ծննդյան 55-ամյակի առթիվ այստեղ էին նաեւ նրա մարտական ընկերները: Չեք պատկերացնի` դահլիճը ինչպիսի լռությամբ էր լսում հրամանատարին, ով պատմում էր Ավետիսի մասին: Ներկաների մեծամասնությունը բարձր դասարանների աշակերտներն էին»,- պատմում է պարոն Մկրտչյանը: ԵՊՀ ուսանողները, իհարկե, դատարկաձեռն չէին գնացել շրջանավարտներին շնորհավորելու: ԵՊՀ ՈՒԽ-ի անունից դպրոցի տնօրենությանը հանձնվեց հուշանվեր խաչքարի տեսքով, իսկ Աստղիկին` միացյալ Հայաստանի պատկերով: Մյուս շրջանավարտներն էլ համտեսեցին տորթը:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.