12.12.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ առաջին ֆակուլտետը տոնում է իր հիմնադրման 90-ամյակը:

Դեկտեմբերի 12-ին վաղ առավոտվանից Պատմության ֆակուլտետում տոնական տրամադրություն էր տիրում: Նախ` ֆակուլտետի ղեկավարությունը, դասախոսները ուսանողները այցելեցին ԵՊՀ առաջին պատմաբան ռեկտոր Հակոբ Մանանդյանի շիրմին: Այնուհետեւ ֆակուլտետում բացվեց «Պատմության ֆակուլտետը 90 տարեկան է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր անցած 90-ամյա ուղին:

 

Կայացավ նաեւ համանուն գրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը դիտելուց հետո պատմաբանները հավաքվեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում` մասնակցելու հոբելյանական հանդիսավոր նիստին, որի բացումն արեց ֆակուլտետի մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Սա նրանց երկրորդ մեծ հավաքն էր: Իսկ ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրեց ֆակուլտետը` ըստ ժամանակագրության: Պատմաբանասիրական ֆակուլտետը առաջինն է ստեղծվել համալսարանում: Առաջին դասախոսները, որ դասավանդել են համալսարանում, եղել են պատմաբաններ:

 

«Կարծում եմ, որ Պատմության ֆակուլտետը հպարտանալու շատ բան ունի, որովհետեւ նախ` նրա գլխով շատ բան է անցել, բացի այդ եղել է ամենաակտիվ ֆակուլտետներից մեկը, որը մեծ դերակատարություն է ունեցել մեր երկրի քաղաքական ու հասարակական կյանքում»,- ասում է ԵՊՀ ռեկտոր, նույնպես պատմաբան Արամ Սիմոնյանը: 1920-ական թվականներին, երբ երկիրը հաղթահարում էր շատ ծանր մի ժամանակաշրջան, համալսարանական պատմաբանները մեծ ներդրում են ունեցել այդ գործում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մեկնել են ռազմաճակատ, ոմանք էլ չեն վերադարձել: 1965 թվականի զարթոնքի օրերին նույնպես պատմաբանները անմասն չմնացին այդ ամենից: Բավական է նշել, որ Արցախյան պատերազմում զոհված համալսարանականներից 6-ը Պատմության ֆակուլտետից էին:

 

«Պատմության ֆակուլտետը, իմ կարծիքով, եղել է համալսարանական կրթության հիմնասյուներից մեկը: Շատ հպարտ եմ, որ հենց այս ֆակուլտետի շրջանավարտն եմ: Ես երջանիկ եմ, որ աշակերտել եմ այնպիսի մեծ պատմաբանների, ովքեր մարդկային բարձր հատկանիշներով են առանձնանում: Նրանցից ոմանք նաեւ այս դահլիճում են, ինչը լավ առիթ է նրանց շնորհակալություն հայտնելու համար»,- ասում է նույն ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Իսկ կուսակցական ժողովի առաջին որոշումը, որն ուղարկվել է Գորբաչովին` Արցախը եւ Նախիջեւանը Հայաստանին միացնելու պահանջով, նույնպես Պատմության ֆակուտետի նախաձեռնությունն է եղել:

 

Այդ որոշումը կա նաեւ արխիվներում եւ տպագրվել է այն գրքում, որը լույս է տեսել ֆակուլտետի 90-ամյակի առթիվ: Հենց Պատմության ֆակուլտետից են դուրս եկել մի շարք հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ: ԵՊՀ-ի ռեկտորներից 6-ը նույնպես պատմաբաններ են եղել: «Վաղուց այս դահլիճում այսքան պատմաբաններ չէին հավաքվել: Համալսարանը մեզ համար գուցե ամենասիրելի տեղն է, որովհետեւ այստեղ են անցել մեր կյանքի լավագույն տարիները, երբ մեզ թվում էր, թե երկրագունդը մեզ համար է պտտվում: Երազել ենք այստեղ, սիրահարվել, գործել, լավ սովորել, վատ սովորել, փորձել նույնիսկ գնահատականներ պոկել…Բայց համալսարանը մեզ տվել է ամենամեծ բանը` հայ լինելու շնորհը»,- նշում է Արամ Սիմոնյանը:

 

Իսկ նիստի ավարտին ՀՀ նախագահի եւ վարչապետի հրամաններով` Պատմության ֆակուլտետի մի խումբ վաստակավոր գործիչների շնորհվեցին մեդալներ, հուշամեդալներ եւ շնորհակալագրեր: «Մտովի փորձում էի գտնել նմանություններ բժշկության եւ պատմագիտության միջեւ եւ գտա: Թե՛ պատմագիտությունը, թե՛ բժշկությունը չեն ներում սխալներ, թե՛ պատմագիտությունը, թե՛ բժշկությունը չեն սիրում կեղծիք, թե՛ պատմաբանների, թե՛ բժիշկների խոսքը երբեմն բանի տեղ դնող չկա: Բայց կա նաեւ լավատեսական նմանություն. երկուսն էլ միտված են ապագային. բժշկությունը բուժում է անձին, պատմությունը` հասարակությանը»,- ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: