10.06.2010 | 
Հասարակություն
ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎ ԵՊՀ-Ի ՀԱՄԱՐ
ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎ ԵՊՀ-Ի ՀԱՄԱՐ
«Գրիշա Ալեքսանովիչը կարող է վստահորեն ասել, որ իր կյանքը ստացվել է, ապրած տարիները իզուր չեն եղել»,- պնդում են նրան ճանաչողները:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականները հավաքվել էին շնորհավորելու տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանի 80-ամյակը, որից 60-ն անցել է համալսարանում: «Նա դժվարին մանկություն է ունեցել, ինչպես այն ժամանակ բոլորը, այն էլ` լեռնային գյուղում: Բայց ուսման նկատմամբ գենետիկորեն փոխանցված ձգտումը հասցրեց նրան այսօրվա մակարդակին»,- նշում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հույս հայտնելով, որ մեծ գիտնականի 100-ամյակին միասին թթի օղի կվայելեն: Հյուրերից ամեն մեկը խոսեց նրա գործունեության տարբեր ոլորտների մասին` հմուտ մանկավարժ, բանիմաց մասնագետ, ընտանիքի հրաշալի հայր եւ… պարզապես նվիրյալ համալսարանական:

 

Իսկ նրա գործընկերներից մեկը նախեւառաջ շնորհավորեց տիկին Գայանեին` նրա տիկնոջը, որ կարողացել է ապրել այդքան բարդ եւ միաժամանակ համակրելի տղամարդու կողքին, ով շատ կանանց համար հիացմունքի առարկա է եղել: «Նա մինչեւ հիմա անթաքույց ու անհույս սիրահարված է իր կնոջը»,- ավելացրեց պարոն Սիմոնյանը: Նա ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը վարել է համալսարանի համար ծանր ժամանակաշրջանում` այն ժամանակ, երբ սկսվեց եւ ծավալվեց Արցախյան շարժումը: Նրա անվան հետ է կապվում նաեւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացումը 1984 թվականին: Ստանալով համալսարանի այն ժամանակվա ղեկավարության աջակցությունը` կարողացել է ավարտին հասցնել գործը եւ նպաստել նաեւ ֆակուլտետի կայացմանը` 1993-ից մինչեւ 2000 թվականները վարելով դեկանի պաշտոնը: «Նա երբեք չի սահմանափակվել զուտ մասնագիտական գիտելիքներով:

 

Զարմանալ կարելի է` տեսնելով, թե նա ինչպես է ժամերով խոսում թե՛ արվեստի, թե՛ կենցաղային այլեւայլ մանրամասնությունների, թե՛ մարդկային հոգու դրսեւորումների, թե՛ այլ թեմաների շուրջ»,- փաստում է ԵՊՀ ռեկտորը: Այդ ամենը գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ անվանի տնտեսագետը ժամանակին իր կոչումը տեսել է նկարիչ լինելու մեջ: Այդ պատճառով էլ մինչ համալսարանի ուղին բռնելը սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Իսկ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով հոբելյարին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ իբրեւ նվեր` պարգեւատրեց նրան ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված ոսկե հուշադրամով: Սակայն նվերների շարքը դրանով չսահմանափակվեց: Պարոն Ղարիբյանը արժանացավ նաեւ ԵՊՀ, ՀՊՏՀ բարձրագույն պարգեւներին` ոսկե մեդալներին: Կենտրոնական բանկն էլ նվիրեց նրան Սբ. Սարգիս ոսկե մեդալ:

 

Գրիշա Ղարիբյանն էլ, շոյված հնչած խոսքերից ու շնորհավորանքներից, համեստաբար միայն շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալ եմ մեծարման այս երջանիկ օրը ինձ պարգեւելու համար: Շնորհակալ եմ ինձ 60 տարի առաջ համալսարան ընդունելու համար…»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: