14.11.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԴԱՐՁՅԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ
ԵՊՀ-Ն ԴԱՐՁՅԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ
Այս անգամ համալսարանի ուսանողները Արցախում նախատեսել էին միանգամից մի քանի միջոցառում անցկացնել:

Արցախ էին մեկնել ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, ՈՒԳԸ-ի եւ ՈՒԽ-ի ներկայացուցիչները: Իսկ նպատակն էր Արցախի պետական համալսարանում անցկացնել գիտաժողով, հանդես գալ համերգային ծրագրով եւ մասնակցել արդեն ավանդական դարձած ծառատունկին: Նոյեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանում էին հավաքվել ԵՊՀ-ի եւ տեղի ուսանողներն ու դասախոսները: Այնտեղ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. արդի մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողովը: Սակայն մինչ բուն գործին անցնելը մասնակիցները ծաղիկներ դրեցին պատերազմում զոհված ուսանողների հուշաքարին, որը տեղակայված էր համալսարանի բակում: Գիտաժողովն անցկացվեց 3 սեկցիաներով: Զեկույցներով հանդես եկան ե՛ւ ԵՊՀ-ի, ե՛ւ ԱրՊՀ-ի ուսանողները: Նրանք խնդիրները ներկայացրին քաղաքագիտության, հոգեբանության, լրագրության եւ այլ տեսանկյուններից: Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը, շուտով բոլոր աշխատանքները լույս կտեսնեն մեկ ժողովածուի մեջ: Գիտաժողովից անմիջապես հետո համալսարանականներն ուղեւորվեցին ԼՂՀ ԱԺ` հանդիպելու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ուսանողները բազում հարցեր ուղղեցին պարոն Ղուլյանին, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, քարոզչությանը, ազատագրված տարածքների վերաբնակեցմանը եւ այլն:

 

Իսկ հետո ուսանողները նրան հրավիրեցին ԵՊՀ, որպեսզի ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունենան այդ ամենը լսելու: Երեկոյան ԵՊՀ-ականները ստեփանակերտցիներին հրավիրեցին տեղի Մշակույթի տուն, որտեղ համերգային ծրագրով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը եւ անհատ կատարողները, իսկ «Համալսարանական» թատրոն-ստուդիան ներկայացրեց Աղասի Այվազյանի «Ցուցակը» պիեսը:

 

Հետդարձի ճանապարհին չէր կարող անտեսվել Քաշաթաղի շրջանը, որտեղ ուսանողները հանդես եկան նույնպես համերգային ծրագրով: Իսկ Բերձորում գտնվող ԵՊՀ պուրակում համալսարանականների տնկած ծառերի թիվը եւս մի քանի տասնյակով ավելացավ: «Այս ամենը այն մարդկանց նախաձեռնությունն էր, ովքեր իսկապես սրտացավ են մեր երկրի համար: Իսկ նրանց մեջ երիտասարդներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Եթե հայ երիտասարդը այստեղ է տեսնում իր ապագան, այստեղ են նրա արմատները, ուրեմն Արցախն էլ ունի ապագա»,- ամփոփելով այցը` նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: