06.12.2010 | 
Կրթություն
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՐԻԶ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՐԻԶ
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում այսօր ոլորտի հարցերին գիտական «պատասխան» էին տալիս ուսանողները:

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում արդեն մի քանի տարի է` ուսանողական գիտական կիսամյակային նստաշրջաններն ավանդույթ են դարձել: Ուսանողական գիտական հավաքների նախաձեռնողն ու իրականացնողը ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն է: Գիտաժողովը կրում էր «Աշխարհագրության եւ երկրաբանության հարցերի շուրջ» ընդհանրական խորագիրը: Ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահ Գոռ Ալեքսանյանը նշում է, որ ընտրվել է այնպիսի խորագիր, որը հնարավորություն կտա գիտաժողովին մասնակցելու ֆակուլտետի բոլոր ուսանողներին` անկախ մասնագիտական հետաքրքրություններից: «Գիտաժողովի անցկացման հիմնական նպատակը ֆակուլտետում ուսանողական գիտական կորիզ ձեւավորելն է: Ցավոք, այսօր ֆակուլտետի գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների բացարձակ մեծամասնությունը երբեւէ չի մասնակցել գիտաժողովների, չունի տպագրված հոդվածներ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն անելու է ամեն հնարավորը այդ բացը լրացնելու համար»,- ասում է Գոռ Ալեքսանյանը: Գիտաժողովին մասնակցում էին 15 ուսանողներ: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը նշում է, որ թվաբանական այս պատկերը ֆակուլտետի ուսանողների գիտական ակտիվության բավական օբյեկտիվ ցուցանիշ է:

 

«Ֆակուլտետում այսօր սովորում են 4.5-ից բարձր միջին գնահատական ունեցող մի շարք ուսանողներ: Մենք բոլորին անհատապես գիտաժողովին մասնակցելու հրավեր ենք ուղարկել: Արձագանքել են, սակայն, շատ քչերը. գիտաժողովին զեկույցով հանդես եկող ուսանողների կեսից ավելին ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ են»,- պարզաբանում է ՈՒԳԸ նախագահը: Բացման պաշտոնական արարողությունից հետո աշխատանքները շարունակվեցին միաժամանակ երեք բաժանմունքներում` «Երկրաբանություն», «Ֆիզիկական աշխարհագրություն», «Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն»:

 

Այս տարի գիտաժողովը նաեւ մրցութային էր: Յուրաքանչյուր բաժանմունքում ուսանողների զեկույցները լսում էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովը: Հենց հանձնաժողովն էլ աշխատանքային օրվա վերջում կընտրի բաժանմունքի լավագույն 3 զեկուցումները: Գիտաժողովի արդյունքների ամփոփումը նախատեսվում է վաղը ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Բաժանմունքներում լավագույնը ճանաչված ուսանողներին կհանձնվեն նվերներ եւ պատվոգրեր, իսկ մյուս բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Գոռ Ալեքսանյանը նշեց, որ լավագույն զեկուցումները ֆակուլտետի ղեկավարության միջնորդությամբ կտպագրվեն գրախոսվող գիտական հանդեսներում: Թե ինչպես են գնահատում բաժանմունքների աշխատանքները նախագահող դասախոսները, կներկայացնենք «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի առաջիկա համարում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: