02.09.2010 | 
Հասարակություն
«ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ»
«ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ»
Այսօր համալսարանական ազատամարտիկներին հիշելու միանգամից երկու առիթ կար:

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության հռչակման օրն է: ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն այս տոնը չէր կարող անտեսել. սա հրաշալի առիթ էր հիշելու օգոստոսին ծնված համալսարանական զոհված ազատամարտիկներին: Հիշատակի ցերեկույթի հիմնական հանդիսատեսները ԵՊՀ տնտեսագիտության եւ պատմության ֆակուլտետների առաջին կուրսեցիներն էին: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ուսանողներին հակիրճ ներկայացրեց Արցախյան ազատամարտի ընթացքն ու խոսեց համալսարանականների` պատերազմում ունեցած դերակատարության մասին:

 

«Համալսարանական ազատամարտիկներն իրենց կյանքով հաստատեցին համալսարանական լինելու իրենց իրավունքն ու ապագան կերտելու այն մեծ ու պատասխանատու գործը, որի շարունակողը պիտի լինեք դուք»,- նշեց Էդիկ Մինասյանը: Օգոստոսի 28-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի սան, զոհված ազատամարտիկ Ֆուրման Շահումյանցին (Գեորգյանը) կդառնար 37 տարեկան: Ցերեկույթին մասնակցում էին նաեւ Ֆուրմանի մայրը, մորաքույրն ու համակուրսեցիները: «Ասում են` ժամանակը մեղմացնում է ցավը, բայց սա հաստատ այդ դեպքը չէ,- ասում է Ֆուրմանի մայրը, ու աչքերն արցունքոտվում են:- Ժամանակը ոչինչ չի փոխել եւ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ, երբ եկա համալսարան: Հուզմունքի ու ցավի հետ, սակայն, մեծ հպարտություն եմ զգում, երբ տեսնում եմ, որ համալսարանում նրան դեռ հիշում են, հիշում են ու սիրում»:

 

Ֆուրմանը մանկուց երազում էր օդաչու դառնալ: Մայրը, սակայն, շատ էր վախենում, ու Ֆուրմանն ընտրեց այլ մասնագիտություն: Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողի մանկական երազանքն ու մոր` այն օրերին չհիմնավորված վախը հետագայում խորհրդանշական եղան Ֆուրման ազատամարտիկի համար: Նա զոհվեց սեպտեմբերի 29-ին հատուկ առաջադրանքի ուղարկած ուղղաթիռի վթարից: Ֆուրման Շահումյանցին 1 ամիս ու մեկ օր առաջ դարձել էր 20 տարեկան:

 

«Նա քիչ էր գալիս դասերին, ու ես զարմանում էի, թե այսքան դժվարությամբ համալսարան ընդունված տղան ինչու նորմալ չի հաճախում: Երբ մի օր հարցրի, ասաց` կռվում է: Ես մի պահ չհավատացի. ախր մեր կուրսում 7 տասնյակից ավելի երիտասարդներ կային, ու նա մեկն էր նրանցից: Մենք ծիծաղում էինք, փախչում դասերից, իսկ նա... կռվում էր»,- հիշում է Ֆուրմանի համակուրսեցի Հասմիկ Սահակյանը: Համալսարանում հայտնվելու առաջին օրերից Ֆուրմանին ծանոթ Քեյթի Գունդակչյանը ասում է, որ նրան երբեք Ֆուրման չի ասել, կոչել է` Ֆուրմիկ, որովհետեւ շատ մատղաշ տեսք ուներ: «Պատերազմին մասնակցում է ազգի սերուցքը,-ասում Քեյթի Գունդակչյանը,- ու դուք` երիտասարդներդ, պարտավորություն ունեք ոչ միայն պետք եղած դեպքում փոխարինելու այն տղաներին, այլեւ ազգի նվիրյալների նոր սերունդ ծնելու, որովհետեւ ֆուրմանն ու իր ընկերների բացարձակ մեծամասնությունը այդ սերունդը տալու հնարավորություն չունեցան»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: