21.10.2010 | 
Հասարակություն
«ՆԱՅՈՒՄ ԵՄ, ՆԱՅՈՒՄ ՈՒ… ՆԱԽԱՆՁՈՒՄ»
«ՆԱՅՈՒՄ ԵՄ, ՆԱՅՈՒՄ ՈՒ… ՆԱԽԱՆՁՈՒՄ»
ԵՊՀ ուսանողների հյուրն էր լեհ հայտնի լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը:

Այսօր ԵՊՀ-ում էր Կենտրոնական Եվրոպայի ամենամասսայական օրաթերթի` լեհական «Գազետա վիբորչա» պարբերականի գլխավոր խմբագիր, «Սոլիդարնոստ» շարժման համահիմնադիր Ադամ Միխնիկը: Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանականներին պատմեց լեհ ազդեցիկ հրապարակախոսի եւ հասարակական գործչի կենսագրության որոշ տվյալների մասին, հակիրճ ներկայացրեց նրա եւ նրա գաղափարախոսության դերն ու նշանակությունը Լեհաստանի եւ լեհ ժողովրդի կյանքում: «Միխնիկի գործունեությունը որպես հրապարակախոսի, քաղաքական, հասարակական գործչի եւ գաղափարախոսի մեծ ազդեցություն է թողել այսօրվա Լեհաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքի վրա»,- նշեց ԵՊՀ ռեկտորը: Ադամ Միխնիկը ուսանողներին ողջունելուց հետո առաջարկեց հանդիպումն անցկացնել «հարց ու պատասխան» ձեւաչափով: ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցում էին մեծ մասամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, ուստի Միխնիկին ուղղված հարցերը հիմնականում արծարծում էին տարածաշրջանի հասարական-քաղաքական իրադարձությունները, հետխորհրդային երկրներում դեմոկրատիայի ձեւավորման եւ կայացման գործընթացը: Հնչած հարցերի զգալի մասը ուղղված էր պարզելու այս կամ այն երեւույթի վերաբերյալ հայտնի գործչի անձնական կարծիքն ու վերաբերմունքը:

 

«Մենք մեր առաքելությունն ունենք` պահպանել անպիսի արժեքներ, ինչպիսիք են ազատությունն ու ճշմարտությունը,- իր թերթի օրինակն է բերում Միխնիկը,- բայց այդ առաքելությունն անհնար է իրականացնել առանց բիզնես ծրագրի»: Հայտնի լրագրողն ու հրապարակախոսը համոզված է`առաքելությունն ու բիզնես ծրագիրն այսօր անբաժանելի են. «Առաքելությունն առանց բիզնես-ծրագրի ուտոպիա է, իսկ գաղափարազուրկ բիզնեսը վերածվում է օլիգարխի ցինիզմի»: Շուրջ երկու ժամ ընթացող զրույցի վերջում ուսանողները հետաքրքրվեցին առաջին անգամ Հայաստան այցելած Միխնիկի` մեր երկրից ստացած տպավորությունների մասին: «Հայաստանն ինձ շատ է դուր եկել: Ձեր երկիրն ինձ համար հետաքրքիր է ոչ միայն որպես լեհ մարդու, այլեւ որպես պատմաբանի: Ես հիացած եմ ձեր եկեղեցիներով: Նայում եմ, նայում ու… նախանձում»,- ժպտում է Ադամ Միխնիկը ու խոստանում, որ հաջորդ անգամ Հայաստան գալիս անհամեմատ ավելի շատ բան կիմանա Հայաստանի ու հայ ժողովրդի մասին. նա արդեն հասցրել է լինել գրախանութում ու Հայաստանի մասին պատմող մի քանի գիրք է գնել:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: