02.11.2006 | 
Հասարակություն
ՍՐԱՄԻՏ ՈՒ ԲԱՐԻ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԸ
ՍՐԱՄԻՏ ՈՒ ԲԱՐԻ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԸ
Նրա հոդվածների արդյունքում Կենտկոմի բյուրոն հրաժեշտ է տվել մի շարք «չինովնիկների»:

Այս տարի լրանում է հայտնի ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի 75-ամյակը: Այդ առթիվ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոյեմբերի 2-ին բացվեց նրա անունը կրող լսարան: ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի եւ Ա. Քալանթարյանի որդու` Ալիկ Քալանթարյանի նախաձեռնությամբ բացված լսարանը մեկ տարվա ընթացքում համալրվելու է համակարգիչներով, բացի այդ` սահմանվելու է Արտաշես Քալանթարյանի անվան կրթաթոշակ:

Հայտնի լրագրողը Ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտներից է: «Դեռ ուսանող տարիներից նա փայլում էր իր սրամտությամբ, դասախոսների հոգու հետ խաղալու իր կարողությամբ: Բայց երբեք նրա կատակները որեւէ դասախոսի չվիրավորեցին, հակառակը, դրանց շնորհիվ նրանք ընկերներ էին դառնում»,- հիշում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը վստահ է, որ Արտաշես Քալանթարյանի անունը անխզելիորեն կապված է 20-րդ դարի 2-րդ կեսի ժուռնալիստիկայի պատմության հետ: «Մենք խորհրդային շրջանի ժուռնալիստիկան ճիշտ չենք ներկայացնում,միայն սեւ գույներն ենք առաջ բերում, բայց չպետք է մոռացության տալ այն լուսավոր կողմերը, որոնք եղել են Արտաշես Քալանթարյանի, Վարդգես Պետրոսյանի նման ժուռնալիստների շնորհիվ»:

ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն իրեն այն մարդկանց շարքին է դասում, ովքեր մեծացել ու կրթվել են Արտաշես Քալանթարյանի ստեղծագործություններով. «Ամեն անգամ որեւէ բյուրոկրատի կամ մասնագիտական ցածր կարողություն ունեցող մարդկանց հանդիպելիս հիշում եմ նրա «Մոշը» հրաշալի գործը, որ այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը»:

Արտաշես Քալանթարյանի կինը` Ջուլիետտա Քալանթարյանը, պատմում է, որ ամուսինը անողոք էր, երբ գրիչը ձեռքն էր վերցնում: Կյանքում շատ բարի, կարեկից, հոգատար էր: Ընտանիքում հրաշալի հայր էր, ամուսին, պապիկ:

Արտաշես Քալանթարյանը 15 գրքի (այդ թվում` մանկական), բազում սատիրիկ հոդվածների հեղինակ է: Դրանք թարգմանվել են վրացերեն, բուլղարերեն, ռուսերեն: «Այն ֆելիետոնները, որ գրում էր Քալանթարյանը, այսօր չկան, կարծում եմ` այդ ժանրը վերացել է»,- վստահ է տիկին Քալանթարյանը: Նրա 75-ամյակի առթիվ որդու նախաձեռնությամբ գիրք է հրատարակվելու, որ պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: