25.10.2010 | 
Հասարակություն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏԻՑ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏԻՑ
ԵՊՀ-ում անցկացվեց «Հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրները» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ տարածքային ինտեգրման եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնում անցկացված քննարկմանը մասնակցում էին ոլորտի էքսպերտային ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից: ՌԴ էքսպերտային հանրությունը հանդիպման ժամանակ ներկայացնում էր Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտության դպրոցի կիրառական քաղաքագիտության ֆակուլտետը: Կլոր-սեղանի ընթացքում նախատեսված էր երկու զեկույց: «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական շահերն ու ՀՀ անվտանգությունը. որոշ խնդիրներ» խորագրով զեկույցը ներկայացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

 

Երկրորդ զեկույցի հեղինակը Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արտակ Այունցն էր: Իր` «Ռուսական բազաների` Հայաստանում տեղակայման պայմանագրի ժամկետի երկարաձգումը եւ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում» զեկույցում երիտասարդ փորձագետը անդրադարձավ սույն թվականի օգոստոսին ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման արդյունքում ստորագրված Հայաստանում ռուսական ռազմական բազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին պայմանագրին: Վերջինս նախատեսում է ռուսական բազաների տեղակայման ժամկետների երկարաձգում մինչեւ 2044 թվական, այսինքն` 49 տարի` նախկին 25-ի փոխարեն: Երկու ելույթներից հետո բարձրացված հարցերի շուրջ իր տեսակետը հայտնեց կլոր սեղանի ռուսաստանյան ներկայացուցիչը: Անդրեյ Մելվիլը շեշտեց, որ ինքը չի խոսելու ՌԴ պաշտոնական տեսանկյունից, այլ հայտնելու է հարցերի շուրջ սեփական դիտարկումները:

 

Հանդիպման վերջում ռուս փորձագետին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան նաեւ քննարկմանը մասնակցող լրագրողները: Վերջիններիս` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցին ի պատասխան Մելվիլը նշեց, որ հրաշալի ընկերներ ունի Հայաստանում: «Քիչ չեն մարդիկ, ովքեր բարեկամացել են նաեւ ընտանիքներով: Մարդկային այդ համակրանքը, այդ կապն ու հիշողությունը ոչինչ չի կարող ջնջել: Հենց այդ մարդկային հիշողություններն ու պոտենցիալն է, որ մեղմ ուժ է ցանկացած պետության համար: Եթե Ռուսաստանը կարողանար օգտագործել մեղմ ուժի պոտենցիալը ոչ միայն Հայաստանի, այլեւ հետխորհրդային շատ երկրների հետ հարաբերություններում, դա այդ երկրների հետ կապերի ամրապնդման եւ զարգացման լուրջ խթան կլիներ»:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: