30.09.2010 | 
Հասարակություն
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԼԵԳԵՆԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԼԵԳԵՆԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում այսօր դաս էր, բայց ոչ սովորական. դասախոսն այսօր լեգենդար հայ հետախույզ Գեորգի Վարդանյանն էր:

Գեորգի եւ Գոհար Վարդանյանների անունները հասարակությանը միայն վերջին շրջանում հայտնի դարձան: Պատճառը ոչ թե նրանց պասիվությունն էր կամ պակաս հայրենասիրությունը, այլ մասնագիտության նրբությունը: Իրենց ամուսնության 65-ամյակին պատրաստվող զույգը հայկական հետախուզության ամենավառ անուններից է: Նրանք կենդանի լեգենդներ են, ովքեր ապրում են մեր կողքին ու շարունակում աշխատել նաեւ այսօր: «Ամեն մի հայ երիտասարդ կուզենար անցնել այն ուղին, որ նա է անցել: Կան ուսուցիչներ, ովքեր ուղղորդում են մեզ առանց դասախոսության` իրենց ապրելակերպով, իրենց կենցաղով, իրենց լինելիությամբ: Վարդանյան ընտանիքը մեզ համար այդպիսին է` նվիրումի գագաթ, սիրո գագաթ»,- ուսանողների հետ կայացած հանդիպման բացման խոսքում ընդգծեց Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ով խոստովանեց, որ գտնվել նույն բեմում հերոսի հետ իր համար մեծագույն պատիվ է ու երազանքի իրականացմանը հավասարազոր զգացողություն: Լեզվաբանի մասնագիտությամբ 86-ամյա հետախույզը շատ «արկածների» միջով է անցել, դեպքեր, որոնք, ըստ էության, պատմական են, իսկ տարիների հեռվից` նույնիսկ լեգենդի նման:

 

Այդպիսին էր նաեւ «Թեհրան 43»-ը: Հետախույզն ուսանողներին պատմեց, թե ինչպես ինքն ու իր խումբը կարողացան կանխել գերմանական հետախուզության ծրագրած, «մեծ եռյակի»` Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ նախապատրաստվող մահափորձը: Ի դեպ, երեք տարի առաջ Չերչիլի թոռը գտել է պապին փրկած հայ հետախույզին` Գեորգի Վարդանյանին` նրան հատուկ շնորհակալություն հայտնելու համար: Գեորգի Վարդանյանը 70 տարվա հետախուզական աշխատանքի անցյալ ունի արդեն. իր բնորոշմամբ` այս բարդ, բայց չափազանց գրավիչ գործում նա 16 տարեկանից է հմտացել: 11 տարի` 1940-ից մինչեւ 1951 թվականները, նա աշխատել է Իրանում:

 

Միայն մեկուկես տարվա ընթացքում հայ հետախույզների խումբը շուրջ 400 գերմանացի լրտես է հայտնաբերել ու ձերբակալել այս երկրում: Հնդկաստան, Իտալիա, Ռուսաստան...երկրների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Հետախույզ ամուսինները գրեթե ողջ աշխարհն են շրջել, գործի բերումով մի քանի անգամ փոխել անձնագրերն ու ազգությունը, բայց այդ տարիներին նրանց ոչ ոք այդպես էլ չի բացահայտել: «Մի անգամ ծանոթներիցս մեկը Վաշինգտոնում բարեգործական ճաշկերույթի հրավիրեց ինձ ու տիկնոջս: Չէինք ուզում գնալ, քանի որ մարդաշատ վայրերում միշտ կարող էինք նախկին ծանոթների հանդիպել, ովքեր մեզ բոլորովին այլ անունով գիտեին: Այդպես, տիկինս նկատեց մեկին, ում մենք չպետք է տեսնեինք»,- հիշում է Գեորգի Վարդանյանը եւ ընդգծում, որ այդ իրավիճակից իրենց փրկել է տիկին Գոհարի հնարամտությունը, ով, հիվանդ ձեւանալով, կարողացել է ամուսնու հետ արագ հեռանալ հանդիսությունից: «Աշխատե՛ք, սովորե՛ք եւ պիտանի մա՛րդ եղեք հայրենիքի համար, քանի որ առանց հայրենիք դուք ոչինչ եք»,- հանդիպման վերջում ուսանողների հորդորեց Խորհրդային Միության հերոսը, մարդ, ով լեգենդ է ու ապրում է մեր կողքին...

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: