12.03.2010 | 
Հասարակություն, Մշակույթ
«ԿԱՆԱՉ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
«ԿԱՆԱՉ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»
ԵՊՀ դասախոս Վահե Արսենի երկրորդ գիրքը տպագրվել է նաեւ հոլանդերեն:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում այսօր հավաքվել էին Վահե Արսենի ընթերցողներն ու գրականագետներ: Նրանք եկել էին շնորհավորելու երիտասարդ գրողին` նոր բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսի ու այս տարի Հոլանդիայում ստացած «Jambe 2010» պոեզիայի մրցանակի համար, որը պոետին հանձնեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Թեեւ «Կանաչ աստվածների վերադարձը» 2007-ին է լույս տեսել, բայց շնորհանդես չի ունեցել:

 

Երեք տարի անց` 2010-ին, Հոլանդիայում լույս է տեսել նաեւ գրքի հոլանդերեն թարգմանությունը: Ի դեպ, սա երիտասարդ բանաստեղծի երկրորդ գիրքն է, իսկ առաջինի ծնունդը 2003-ին էր: Վահե Արսենը` նույն ինքը` Վահե Արսենյանը, իր ուսանողներին հենց այդ անվամբ է ծանոթ: Երեւանի պետական համալսարանում բանասիրական գիտությունների թեկնածուն արտասահմանյան գրականություն է դասավանդում: 2004 թվականից էլ Հայաստանի գրողների միության անդամ է:

 

Աննա Բարսեղյանը խոստովանում է, որ Վահե Արսենի պոեզիան հավանում է` նրանում պաթոսի բացակայության եւ քաղաքական ենթատեքստի համար: Ուսանողուհին բանաստեղծին նաեւ նորարար է համարում. 175 նոր բառ է գտել գրքում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Քոչարյանն էլ ասում է, որ սկզբում նրան միայն իբրեւ ընկեր Արսենյան է ճանաչել: «Բայց հասկացա, որ նման գեղեցիկ դասախոսություններ կարդացող մարդը չի կարող նաեւ ինքն էլ չգրել, ու ձեռք բերեցի Վահե Արսենի գիրքը գրախանութից»,- պատմում է Անուշը: «Կանաչ աստվածների վերադարձ»-ի խմբագիր Հովհաննես Գրիգորյանը խոստովանում է, որ եթե գիրքը հիմա խմբագրեր, մի քանի բանաստեղծություններ դուրս կմնային դրանից:

 

Գրքի խմբագիրը լավագույն մաղթանքը հեղինակին համարում է այն, որ մեծանա գրքի ընթերցողների քանակը, բայց` ի հաշիվ երիտասարդների: Շնորհանդեսին ներկա էին նաեւ Վահեի գրչակից ընկերները, գրականագետներ, ովքեր իրենց կարծիքը հայտնեցին նրա «համարձակ» պոեզիայի մասին: «Ես շատ ուրախ եմ, որ Վահե Արսենի շնորհիվ սոցիալական բանաստեղծությունը, որը շատ ընդունված ժանր է դրսում, այսպիսի բարձր մակարդակի է հասել նաեւ մեզ մոտ»,- նշում է գրականագետ Հասմիկ Հակոբյանը:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: