14.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՔԱՐՎԱՃԱՌԻՆ ԵՊՀ-ԱԿԱՆ ՇՈՒՆՉ ՏՎԵՑԻՆ
ՔԱՐՎԱՃԱՌԻՆ ԵՊՀ-ԱԿԱՆ ՇՈՒՆՉ ՏՎԵՑԻՆ
«Յուրաքանչյուր ծառ մի հայ ոգի է ավելացնում, մի նոր հայկական կամք, նոր հայկական շունչ այս լեռներին ու տեղի բնակիչներին»:

Այսպես ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Արցախում հերթական պուրակի առաջին ծառը տնկելուց հետո: Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում ծառատունկը կազմակերպվել էր ԵՊՀ-ի եւ ԼՂՀ-ի ղեկավարության համատեղ ջանքերով: Ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 

Այս ծառատունկը ավանդույթ է, որի սկիզբը դեռեւս անցած դարի 60-ական թվականներին դրել է Գուրգեն Մելիքյանը: Իսկ անցած գարնանը Բերձորում բացվել է նաեւ ԵՊՀ 90-ամյակին նվիրված պուրակ: Հենց այդ ժամանակ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ պայմանավորվում են մի ծառատունկ էլ կազմակերպել Քարվաճառում: «Ազատագրված տարածքում սեփական ձեռքով ծառ տնկելը նշանակում է որեւէ մասունք թողնել այստեղ, քանի որ մշտական հոգեւոր կապի մեջ ես մնում այդ վայրի հետ:

 

Սա նաեւ կարեւոր քաղաքական նշանակություն ունի. թշնամին թող տեսնի, որ հայ երիտասարդությունը միասնական է եւ կառուցում է իր հայրենիքը, որպեսզի հետագայում մեկը չփորձի ասել, որ սրանք հայկական տարածքներ չեն»,- ասում է ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: ԵՊՀ ուսանողներից ու դասախոսներից բացի, ծառատունկին մասնակցում էին նաեւ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները եւ տեղի բնակիչները:

 

Այս տարի ԼՂՀ-ում մեծ շուքով նշվում է նաեւ Արցախի պետական համալսարանի 40-ամյակը: «Այսօր 90-ամյա ԵՊՀ-ն եւ 40-ամյա Արցախի պետական համալսարանը եկել են խոնարհվելու այն հողերի առջեւ, որոնք, ցավոք սրտի, երկար ժամանակ գերության մեջ են եղել: Եւ մենք եկել ենք հաստատելու, որ այդպիսի ցավ այս հողն էլ երբեք չի ապրի: Հիմա արդեն պետք է մտածել մեր չքնաղ երկրում բարեկեցություն ապահովելու մասին»,- նշում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ով ապահովում էր ներկաների բարձր տրամադրությունն ու ոգին, մասնակցեց համարյա բոլոր ծառերի տնկմանը` հետեւելով, որ տնկված յուրաքանչյուր ծառի բնին անպայման 4 դույլ ջուր լցվի:

 

«Սա գեղեցկություն է. նշանակում է, որ հայոց հողը հավերժ է մեր ոտքերի տակ, եւ մենք ճշմարիտ ենք ապրում»,- ասում է նա: Եռօրյա արշավի երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին Դադիվանք, ծանոթացան համալիրի պատմական անցյալին, որը ներկայացրեց Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը: Դադիվանքից ուղեւորվեցին դեպի Քարվաճառ, որտեղ ծառատունկի ավարտից հետո սկիզբ առավ իսկական հայկական խրախճանքը` դհոլ, զուռնա, քոչարի…Իսկ երրորդ օրը` վերադարձի ճանապարհին, ջրեցին Բերձորի ԵՊՀ պուրակի ծառերը եւ ավելացրին նորերը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացավ, որ այսուհետ` ամեն տարի, համալսարանականները Արցախի որեւէ տարածքում ծառատունկ կիրականացնեն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: