27.11.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
«ԹԱՓՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՌՈՒԾԱԽԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ»
«ԹԱՓՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՌՈՒԾԱԽԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ»
Այսօր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի զոհված ուսանող, ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի անվան լսարանում տեղի ունեցավ հերոսի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Նոյեմբերի 28-ին կբոլորեր Մհեր Ջուլհաճյանի կյանքի 42-րդ տարին, եթե նա 1992 թվականին հոգեպես ու ֆիզիկապես չմիանար Ժիրոյի, Անդրանիկի, Հարմիկի, Մերուժանի … շարքին: Լիբանանի Բեյրութ քաղաքում ծնված ու մեծացած Մհեր Ջուլհաճյանն Արցախյան ազատամարտում զոհված ԵՊՀ ասպիրանտներից մեկն էր: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ներկայացուցիչների շնորհիվ համալսարանի հավերժ ասպիրանտը կմնա Մհերը:

 

Իր իսկ անունը կրող լսարանում այսօր հավաքվել էին Մհերի հարազատները, կուսակցական եւ մարտական ընկերները, ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ եւս մեկ անգամ ասելու` «Ծնունդդ շնորհավոր, Մհե՛ր»: «Ես համոզված եմ, որ Մհերը հավետ համալսարանական կմնա, նրա ու նրա նման առյուծասիրտ մհերների թափած արյունը երբեք առուծախի չի ենթարկվի, սերունդները միշտ կհիշեն նրանց արյան գույնը եւ կերտած անկախությունը:

 

Իսկական հայկական ընտանիքի զավակ էր Մհերը, նա նաեւ տաղանդավոր գիտնական կդառնար, սակայն հայրենի հողի կանչն ավելի ուժեղ ու զորեղ գտնվեց»,- ասաց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, Մհերի գիտական ղեկավար Մարատ Գրիգորյանը: Մհեր Ջուլհաճյանը 1978 թվականից անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը, իսկ 1984-ից ՀՅԴ «Րաֆֆի» երիտասարդական մասնաճյուղին: Ավարտելով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետը` 1986-1992 թվականներին Բեյրութի ամերիկյան համալսարանում աշխատել է որպես գիտաշխատող, տարբեր վարժարաններում դասավանդել բնագիտություն:

 

1989 թվականին Մհերը նշանակվել է ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ, իսկ 1990-ին անցել է ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը: 1992 թվականին Մհերը ընդունվում է ԵՊՀ եւ մինչեւ կյանքի վերջը սովորում ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնի ասպիրանտուրայում: Հուշ-երեկոյին ներկա էր Իգոր Սարգսյանը, ով եղել է Մհերի ամենամտերիմ ընկերներից մեկը, ում հետ նա «կյանք է անցել» հենց ռազմաճակատում. «Զուսպ էր Մհերը, լոզունգներ չէր սիրում ասել, իսկ գործի ժամանակ միշտ առաջնորդ էր ու ազատամարտիկ:

 

Նա դաշնակցական ոգով գաղափարական զինվոր էր, ով հաստատակամ էր կանգնած ոսոխի դեմ: Այո՛, ծանր է կորստի ցավը, իսկ այդ ցավը կրկին վերապրելը` անտանելի: Մենք դեռ պարտք ունենք հատուցելու, ուրեմն` երբեմն-երբեմն աչքերս լցնելով, ատամներս կրճտացնելով, հոգիներս ծանրացնելով պիտի քայլենք գալիքին ընդառաջ, որովհետեւ վախկոտներն ամեն օր են մահանում»: Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993թ-ի օգոստոսի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: