20.04.2021 | 
Հասարակություն
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր «Արցախյան հիմնահարցը ռեգիոնալ զարգացումների առանցքում» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանի խոսքով, Արցախյան երկրորդ պատերազմն Արցախյան հիմնահարցի համար մի նոր շրջափուլի սկիզբ կարելի է համարել. «Աղետալի պատերազմի և ոչ պակաս աղետալի հետպատերազմյան շրջանի քննարկումների օրակարգում կա ու մշտապես պետք է լինի Արցախյան հիմնահարցը՝ իր ողջ խորությամբ»:

 

Նրա խոսքով, ներկա ու ապագա դիվանագետների, քաղաքագետների և առհասարակ բոլորի համար պետք է հստակ ու տեսանելի լինի, որ Արցախյան հիմնահարցը լուծված չէ, հեշտ չի լինելու:

 

Ալեն Ղևոնդյանը, խոսելով Արցախյան հիմնահարցի մասին, հիշեց պատերազմի առաջին շրջափուլը՝ նշելով, որ այդ ժամանակ կար ներքին համոզմունք, որ ապագա սերունդները չեն առերեսվելու այդ իրականության հետ, բայց կյանքը, պատմությունը և քաղաքական սխալ հաշվարկներն այլ բան ցույց տվեցին:

 

«Պետք էր գիտակցել, որ Արցախի խնդիրը չի լուծվել, և որ այն ձգձգելով լուծմանը չէինք հասնելու: Եվ եթե ինչ-որ պահի հասկանայինք, որ խնդիրը լուծվելու կամ միջանկյալ կարգավիճակի է բերվելու ռազմական ճանապարհով, պետք է պատրաստվեինք»,- ասաց Ալեն Ղևոնդյանը:

 

 

Նրա խոսքով, պետք է պատրաստվեին ոչ միայն նախորդ բոլոր իշխանությունները, այլ նաև մենք, պետք է պատրաստվեր ԵՊՀ-ն՝ կրթության այն որակով, որը պետք է տար, պետք է պատրաստվեին դասախոսները, որ Արցախն իրական արժեք լիներ:

 

Բանախոսը փաստեց, որ Արցախյան կոնֆլիկտը չի լուծվել, այն անորոշ կարգավիճակում է գտնվում, և բացի դրանից՝ այն ցույց է տալիս, որ միջազգային հարաբերությունների համակարգը, որով աշխարհն ապրել է տևական ժամանակ, լուրջ ճաքեր է տալիս. «Այն ինստիտուտները, որոնք պետք է լուծեին խնդիրները և կառավարեին ճգնաժամերը, իրենց չեն արդարացնում»:

 

Ալեն Ղևոնդյանը փաստեց, որ Արցախյան հիմնահարցն այսօր գտնվում է հիմնական երկու մրցակից բևեռների վերահսկողության դաշտում՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության. «Պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտում ներգրավվածության, իր վարքի, ազգային շահերի պատկանելիության և ընդհանրապես ազգային շահ ունենալ-չունենալու տեսանկյունից բավականին վիճահարույց և ոչ այնքան մրցունակ վիճակում է հայտնվել»:

 

Ալեն Ղևոնդյանը պարզաբանեց, որ Արցախյան հիմնահարցի գենեզիսը կապված է ցեղասպանության հետ, այլ ոչ տարածքային ամբողջականության և ոչ էլ ինքնորոշման իրավունքի հետ. «Որպեսզի չցեղասպանվեն, մարդիկ ստեղծում են պետություններ, ինքնավարություններ, կառույցներ, որոնք ինստիտուցիոնալապես կարող են պաշտպանել իրենց»:

 

 

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի թեզը եղել է տարածքային ամբողջականության վերականգնումը, թե իբր այդ տարածքում ապրող հայերին կարող են անվտանգային բարձր երաշխիքներ տալ, բայց պատմական փորձը՝ իր բազմաթիվ դրսևորումներով, արձանագրել է, որ առկա է էթնիկ գոյաբանական անտագոնիզմ. «Այսինքն՝ հայն ու ադրբեջանցին Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել»: Ըստ Ալեն Ղևոնդյանի՝ այս հարցը պետք էր լուծել մրցունակ պետություն կառուցելով:

 

Բանախոսության ընթացքում Ալեն Ղևոնդյանն ասաց, որ Արցախյան հիմնահարցն ունի տարբեր շերտեր, այդ թվում՝ ներքաղաքական: Նա ներկայացրեց, թե ինչպես է հարցն ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, թե ինչ իրողություններ են տեղի ունեցել և պատմեց, թե Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական տարբեր իրադարձություններ ինչպես  են ազդել հիմնահարցի պատերազմական և բանակցային գործընթացների վրա:

 

Ալեն Ղևոնդյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ներկայացնելով, թե տարբեր ժամանակահատվածներում ինչ զարգացումներ են եղել, և խոսեց Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մոտեցումների ու քայլերի մասին:

 

Բանախոսը խոսեց նաև այն մասին, թե բանակցային գործընթացի սեղանի շուրջ ինչ փաստաթղթեր են քննարկվել, և փաստեց, որ, ըստ էության, Արցախյան հիմնահարցի էությունը շոշափելիորեն ավելի լավ միշտ տիրապետել է ռուսական կողմը: Նա անդրադարձավ նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց ազդեցությանն Արցախյան հիմնահարցին:

 

Բանախոսության վերջին հատվածում Ալեն Ղևոնդյանը խոսեց 2018 թ. իրադարձությունների, պատերազմի հետևանքով առաջացած հիմնախնդիրների և նոր մարտահրավերների մասին:

 

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ «Արցախյան հիմնահարցը և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմը. Post factum» խորագրով դասընթացաշարի հավաստագրերի հանձնումը։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
«PMI Science» գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նվիրված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին, որի ընթացքում մագիստրոսական ծրագրի 2021 թվականի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին: