23.04.2021 | 
Հասարակություն
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՐԽԼՄԱՆԸ». ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՐԽԼՄԱՆԸ». ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավ. գիտ. թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ուսանողների հետ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ անցկացվող «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հետպատերազմական ժամանակահատվածում» խորագրով հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն համալսարանականներ, այլև այլ բուհերի ուսանողներ: Քննարկմանը ներկա էր նաև Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

«Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում գրանցվեց մարդու իրավունքների հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ: Թշնամու զինված ուժերի կողմից մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և լուսաբանման, այդ թվում նաև միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից բացառիկ է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի գործունեությունը: Պատերազմից ամիսներ են անցել, սակայն մինչ օրս էլ դեռևս շարունակվում են գրանցվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կապված ռազմագերիների և տեղահանվածների հետ: Շնորհակալ ենք պարոն Թաթոյանին մեր առաջարկը չմերժելու և ԵՊՀ այցելելու համար»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանը:

 

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտին ողջունեց դեկան Գագիկ Ղազինյանը. «Արման Թաթոյանն իր աշխատանքային գործունեությունը կերտել է՝ հիմքում ունենալով համալսարանական կրթությունը, ինչի համար հպարտ եմ: 20 տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արման Թաթոյանին և պետք է նշեմ, որ ֆակուլտետի հետ կապված ցանկացած հարց նրա համար առաջնային է, և դրա վառ ապացույցն այն, որ այս դժվարին ու խառն իրավիճակում նա ժամանակ է գտել և եկել ուսանողների հետ հանդիպման»:

 

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը նախ անդրադարձավ մարդու իրավունքի ինստիտուտի ընդհանուր իրավիճակին, Հայաստանում առկա խնդիրներին, այնուհետև քննարկվեցին Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության հարցեր: Բանախոսը ներկայացրեց կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները։

 

«Պատիվ ունեմ գտնվելու Մայր բուհում, հարազատ ֆակուլտետում և հանդիպելու ուսանողների հետ: Նմանօրինակ հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, քանի որ, ցավոք, պետք է նշեմ, որ մենք կիսագրագիտության որոշակի մակարդակ ունենք, որն էլ խաթարում է Հայաստանում մարդու իրավունքների համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումը: Ոլորտում քաղաքական տարրերը շատ են, ինչն անընդունելի է»,- ասաց բանախոսը:

 

 

Պաշտպանը ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակը՝ ընդգծելով, որ 2006 թ. անկախ հանձնախմբի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է «A» կարգավիճակ, ինչը հպարտության տեղիք է տալիս:

 

«Մարդու իրավունքների պաշտպանը բացառապես ապաքաղաքական սկզբունքներով է աշխատում, և նրա ուժը հենց դրանում է: Այսօր մեր կառույցը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնցից ամենաառաջնայինը կառույցի լիազորությունների հետ կապված ինստիտուցիոնալ սխալ պատկերացումներն են: Հարկ է նշել, որ ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել որևէ պաշտոնյայի իրավունքները, դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, դատարաններ և այլն: Մեր առաքելությունը սովորական քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու պետության սխալները մատնանշելն է»,- ընդգծեց Արման Թաթոյանը:

 

Բանախոսը բավականին մանրամասն անդրադարձավ հետպատերազմյան շրջանում մարդկանց և մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտմանն ու միջազգային կառույցների անդրադարձներին:

 

«Պատերազմի ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել՝ արգելված զինատեսակների կիրառումից մինչև մարդկանց հանդեպ գործած ամենաստոր հանցագործություններ: Սակայն այսօր մեր առաջնահերթ խնդիրը գերիների վերադարձն է: Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, ինչպես նաև իր պետության ներսում կեղծ տեսություններ է բարձրաձայնում՝ արդարացնելով իր քայլերը, սակայն միջազգային կառույցների համար այդ ամենն ամենևին հիմք չէ: Բոլոր հարթակներում ասում եմ և շարունակելու եմ պնդել, որ Ադրբեջանի իշխանությունը կեղծ խաղաղասիրության տակ սերմանում է հայատյացություն և իրականացնում ակնհայտ ցեղասպան քաղաքականություն»,- ասաց բանախոսը և հավելեց, որ միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների համակարգի խարխլմանը:

 

 

Հանդիպման ավարտին Արման Թաթոյանը պատասխանեց ուսանողների հարցերին: Հնչեցված հարցերից որոշները քաղաքական ենթատեքստեր ունեին, որոնց բանախոսը շրջանցում էր՝ զերծ մնալով քաղաքական որևէ երանգավորումներից:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով: