11.05.2021 | 
Հասարակություն
«ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր գիտխորհրդի նիստերի դահլիճում բանախոսությամբ է հանդես եկել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ հետպատերազմյան ժամանակահատվածը հատկապես ցույց տվեց, թե ինչքան կարևոր է գործում հմուտ մասնագետների առկայությունը:

 

«Այսօր միջազգային հարթակում ընթացող գործընթացներից կարևորագույնը, թերևս, հայ գերիների հայրենադարձման խնդիրն է, որում բացառիկ դերակատարություն ունեցող անձանցից մեկն Արտակ Զեյնալյանն է, ինչի համար որոշեցինք հրավիրել նրան և լսել նրա բանախոսությունը, ստանալ հուզող հարցերի պատասխանները և զինվել նոր գիտելիքներով»,- ասաց Գոհար Ավագյանը:

 

Արտակ Զեյնալյանը բանախոսության ընթացքում մասնակիցների ցանկությամբ խոսեց, թե ինչ գործուն մեխանիզմներ կան գերեվարված անձանց բացահայտելու և հայրենադարձություն իրականացնելու ուղղությամբ, անդրադարձավ սահմանային այն գործընթացներին, երբ գերեվարվում են քաղաքացիական անձինք՝ ներկայացնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ, ինչպես նաև խոսեց այս թեմային առնչվող դատական գործերի մասին:

 

Արտակ Զեյնալյանը փաստեց, որ Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են դարձել 2001 թ. և ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, ինչից հետո բազմաթիվ գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, և Ադրբեջանի քաղաքացիների կողմից գանգատներ՝ ընդդեմ Հայաստանի:

 

 

«Ներկայացվել են գանգատներ Հայաստանի այն քաղաքացիների անունից, որոնք սահմանային այս կամ այն իրավիճակներում հայտնվել են Ադրբեջանի իրավազորության ներքո: Ծանոթանալով բոլոր գործերի մանրամասներին՝ մենք եզրակացրել ենք, որ անձինք հայտնվել են ոչ թե մոլորվելու հետևանքով, այլ առևանգվելու»,- ասաց բանախոսը և փաստեց, որ դրանցից միայն երկուսի դեպքում է, որ Հայաստանում իրականացվել է նախաքննություն և պարզվել, որ եղել է առևանգում:

 

Նա հիշեցրեց Սարիբեկյանի գործը, երբ անցյալ տարվա հունվարի 31-ին ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում ու ճանաչեց կյանքի իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումը. «Այս գործով ևս կային բավարար չափով ապացույցներ նման ողջամիտ եզրահանգման գալու համար»: Արտակ Զեյնալյանը պատմեց գործի հանգամանքները և ասաց, որ հայաստանյան թիմին հաջողվել է բացահայտել, որ Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, այնուհետև հարվածից ընկել կոմայի մեջ, ինչից հետո էլ բեմադրել են ինքնասպանության իմիտացիան:

 

Բանախոսն անդրադարձավ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ձևավորված զոհերի իրավունքների պաշտպանության խմբի գործունեությանը՝ փաստելով, որ մի քանի հարյուր անձանց անունից հաջողվել է ՄԻԵԴ-ում ներկայացնել գանգատներ. «Թղթակցության, վիճաբանության, փաստարկների փոխանակման փուլն ավարտված է, սպասում ենք ՄԻԵԴ-ի վճիռներին»:

 

 

Նա հիշեցրեց նաև անցյալ տարի ՄԻԵԴ-ի հրապարակած որոշումը՝ կապված Գուրգեն Մարգարյանի գործի հետ՝ փաստելով, որ դրանք նախադեպային նշանակություն ունեն, քանի որ երկու գործով էլ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ Ադրբեջանը պատասխանատու է անձանց սպանության համար, այդ թվում՝ ազգային պատկանելիության հիմքով:  

 

«Մենք բոլոր այս գործերով օգտագործել ենք այն ողջ նյութը, որ հավաքագրված է իրավապաշտպան կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային հանրության կողմից: Մենք այս գործերով փորձում ենք նաև ամրագրել այն թեզը, որ Ադրբեջանի իրավազորության ներքո ազգությամբ հայերի գոյությունը վտանգված է, վտանգված է նրանց կյանքը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

 

Բանախոսության ընթացքում իրավապաշտպանը ներկայացրեց, թե ինչ նոր թեզեր են ներդրվել հայաստանյան թիմի կողմից Եվրոպայի խորհրդի մակարդակով, թե ինչպես են դրանք կիրառվել 2020 թ. պատերազմի ժամանակ: Արտակ Զեյնալյանը փաստեց, որ այս պահի դրությամբ 122 անձի վերաբերյալ 64 դիմում է ներկայացված ՄԻԵԴ:

 

 

Իրավապաշտպանը հանդիպման ընթացքում պատասխանեց նաև մասնակիցների հարցերին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով: