20.09.2010 | 
Հասարակություն
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈւՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՊԵՐՈւՋԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈւՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՊԵՐՈւՋԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ-ում էր Պերուջայի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ստեֆանիա Ջիանինին:

Պերուջայի` օտարերկրացիների համար նախատեսված համալսարանի ռեկտոր Ստեֆանիա Ջիանինիի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով ԵՊՀ կառուցվածքը եւ դասավանդման գործընթացը, նշեց, որ տարիների ընթացքում իտալերենի դասընթացները հետզհետե առավել հաջող են ընթանում, մասնավորապես, անցյալ տարվա համեմատությամբ այս տարի իտալերենի բաժին ավելի շատ ուսանողներ են ընդունվել:

 

«Կարծում եմ` մեր համալսարանում գործող իտալերենի բաժինը լավ ապագա ունի, քանի որ մենք արդեն վաղուց համագործակցում ենք իտալական մի շարք համալսարանների հետ ` Բոլոնիայի, Ջենովայի, Կանֆուսկալի, Տրիեստի եւ Ֆլորենցիայի: Բոլոնիայի համալսարանի հետ համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի, իսկ Ջենովայի համալսարանի հետ Տեմպուսի գծով արդեն մեկ ծրագիր է իրականացվել»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Վերջինս նշեց նաեւ, որ Իտալիայի մի քանի համալսարանների հետ համագործակցությունն իրականացվում է նեղ մասնագիտական գծով, մասնավորապես, Ֆլորենցիայի համալսարանի հետ համագործակցությունը ֆիզիկա եւ քիմիա մասնագիտությունների գծով է: Պերուջայի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ արդեն գործում է պայմանագիր, ըստ որի` տարեկան մեկ դասախոս հնարավորություն է ստանում վերապատրաստման դասընթացներ անցնել, եւ գործում են ուսանողների փոխանակման ծրագրեր: Սակայն այս հանդիպումից հետո այդ համագործակցությունն առավել ամուր եւ բարձր հիմքերի վրա դրվեց: Պերուջայի համալսարանն ամենահին համալսարաններից մեկն է լեզվի եւ մշակույթի դասավանդման բնագավառում, տարեկան աշխարհի տարբեր ծայրերից եկած 8 000 ուսանող է ավարտում վերոնշյալ համալսարանը: Վերջին 5 տարիների ընթացքում Պերուջայի համալսարանում հայ ուսանողների թիվը երկու անգամ ավելացել է, անցյալ տարի Պերուջայի համալսարանում Հայաստանից 50 ուսանող է սովորել: Հետաքրքրության համար կարելի է նշել, որ ամեն տարի վերոնշյալ համալսարանն ավարտում է ավելի քան 200 ճապոնացի ուսանող:

 

«Արդեն երրորդ տարին է, որ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում իտալերենը ուսուցանվում է որպես հիմնական լեզու, այսինքն` իտալերենը ներկայումս դասավանդվում է որպես մասնագիտական լեզու: Այժմ դասագրքերի մշակման ծրագիրն է իրականացվում»,-նշեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի վստահեցմամբ` ԵՊՀ-ի կողմից իտալերենի հետ կապված ցանկացած առաջարկի մշտապես սիրահոժար կերպով աջակցում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը: Պերուջայի համալսարանի ռեկտոր Ստեֆանիա Ջիանինին, ով Պիզայի համալսարանում մեկ տարի հայերեն է ուսումնասիրել, առաջին անգամ է Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ իրենց համալսարանի եւ ԵՊՀ-ի միջեւ իսկապես բարեկամական հարաբերություններ կլինեն, եւ բոլոր նախագծված մտադրություններն իրականություն կդառնան:

 

Վերջում Արամ Սիմոնյանը խոստացավ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հայ ուսանողները, անկախ նախընտրած մասնագիտությունից, չսահմանափակվեն միայն անգլերենի կամ ռուսերենի իմացությամբ: Հանդիպման ավարտին երկու համալսարանների ռեկտորները փոխանակեցին նվերներ. Արամ Սիմոնյանին հանձնվեց Պերուջայի համալսարանի հուշամեդալը, որն իր տեղը կգտնի ԵՊՀ պատմության թանգարանում, իսկ ԵՊՀ ռեկտորը Ստեֆանիա Ջիանինիին նվիրեց երկլեզու գիրք, որը ներկայացնում է հայկական միջնադարյան ճարտարապետությունը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: