03.03.2021 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթը, որի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:

«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի նախագիծը մշակվել և կյանքի է կոչվել անցած տարի: Մեզ հետ զրույցում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ այս տարի ևս այն իրականացվելու է՝ համաձայն մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի:

 

Ըստ այդմ՝ մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:

Մրցույթն անցկացվելու է 4 անվանակարգում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական: Յուրաքանչյուր անվանակարգում մրցանակաբաշխությունը կազմակերպելու և անցկացնելու է հանձնաժողովը, որը բաղկացած է լինելու ֆակուլտետների կողմից ներկայացված մասնագետներից ու պրոռեկտորներից։

 

Մրցույթի հաղթողներին տրվելու են հավաստագիր և պարգևատրում՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: Բացի դրանից՝ մրցանակակիրները հնարավորություն են ունենալու տեսաձայնագրելու մեկ կրթական մոդուլ, որի կատարման դեպքում յուրաքանչյուրը պարգևատրվելու է 1.000.000 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

 

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Բարխուդարյանը փաստեց, որ լավագույն փորձի տարածման համար արդեն տեսաձայնագրվել է անցած տարի մրցույթում հաղթող ճանաչված դասախոսներից յուրաքանչյուրի կողմից առաջարկված մեկ լսարանային դասընթացի ամբողջական շարք, որոնք արդեն հասանելի են ԵՊՀ կայքում (Վարուժան Աթաբեկյան, Հովհաննես Հարոյան, Արմեն Մարտիրյան, Դիանա Գազարովա, Ռուբեն Մելքոնյան, Տիգրան Սիմյան, Հովհաննես Հովհաննիսյան, Աննա Ալեքսանյան):

 

Այս տարի մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև մարտի 31-ը կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, իսկ ըստ ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի՝ պահանջվող փաստաթղթերը փոխանցել ԵՊՀ գիտական քարտուղարին: 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է:
ԵՊՀ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա: Այն կազմվել է մի շարք առաջատար համալսարանների կենսաբանության և մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան։