31.05.2021 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳԻՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ իրականացվող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցներն անցել են «Իրավական ակտերի մշակման գործնական հմտություններ» խորագրով դասընթացների շարքն ու մշակել իրավական ակտերի 6 նախագիծ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել է նոր ձևաչափ ունեցող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագիրը, որի առաջին՝ դասընթացների փուլի մեկնարկը տրվել էր «Իրավաստեղծ գործընթաց» խորագիրը կրող սեմինար-քննարկմամբ:

 

Ծրագրի երկրորդ փուլի ժամանակ, որն անցկացվել է արտագնա երկօրյա աշխատաժողովի ձևաչափով, ուսանողները մասնակցել են ևս երեք գործնական դասընթացների՝ «Հիմնախնդրի վերհանում, կարիքի գնահատում», «Իրավական ակտի նախագծի հիմնավորման ձևակերպում», «Իրավական ակտերի նախագծերի մշակման տեխնիկական հմտություններ» խորագրերով:

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ երկրորդ փուլի ընթացքում ուսանողները ոչ միայն ձեռք են բերել նոր գիտելիքներ, այլև մենթորների հետ աշխատանքի արդյունքում մշակել և ներկայացրել են սեփական իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են ամենատարբեր ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներից մինչև քրեաիրավական կարգավորումներ, ընտանեկան օրենսդրությունից մինչև «Գնումների մասին» ՀՀ օրենք, ինչպես նաև օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք առաջ են քաշում նոր մեխանիզմներ՝  խթանելու համայնքների զարգացումը։

 

 

Իրավական ակտերի նախագծերը մշակելուն հաջորդել են նախագծերի ներկայացումը, բացերի և թերությունների վերհանումը, ինչպես նաև դրանց քննարկումը։ Ծրագրի մասնակիցները, խոսելով դրա արդյունավետության մասին, փաստում են, որ որքան էլ կարևոր է տեսական գիտելիքը, միևնույն է, նմանօրինակ ծրագրերը տալիս են գիտելիքներ ու հմտություններ, որոնք ուսումնառության ընթացքում դժվար է ձեռք բերել նման խորությամբ:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Գոհար Ավագյանի փաստմամբ էլ, որքան էլ ծրագրի կազմակերպչական խումբը լավ աշխատեր, այն երբեք չէր հաջողի, եթե մասնակիցների ոգևորությունն ու պատրաստակամությունը, ծրագրի նկատմամբ լուրջ վերաբերմունքն այս աստիճան բարձր մակարդակի չլինեին. «Ծրագրի կայացումը երկուստեք գեղեցիկ աշխատանքի արդյունք էր, որը հնարավոր չէր լինի ապահովել առանց Իրավագիտության ֆակուլտետի, ինչպես նաև բանախոսների և դասընթացավարների ակտիվ աջակցության»։

 

 

Ի դեպ, երկօրյա ծրագրի շրջանակում ուսանողներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանին ֆակուլտետի ՈւԽ կողմից հանձնվել է շնորհակալագիր։

 

Գոհար Ավագյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ առաջիկայում իրականացվելու է հավաստագրերի հանձման արարողությունը և ԱԺ նիստի անցկացումը, որի ընթացքում ուսանողները՝ որպես պատգամավորներ, կներկայացնեն իրենց կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։