26.11.2010 | 
Հասարակություն
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱ՛Ն ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱ՛Ն ՖԱԿՈՒԼՏԵՏ
Աստվածաբանության ֆակուլտետն արդեն 15 տարեկան է:

Այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 15-ամյակը, չնայած ողջ տարին ֆակուլտետի համար հոբելյանական էր. բազմաթիվ հոբելյանական գիտաժողովներ եւ միջոցառումներ, որոնք նվիրված էին ֆակուլտետի 15-ամյա պատմությանը: Այսօր առավոտյան ԵՊՀ ղեկավարությունը եւ Աստվածաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները նախ այցելեցին ֆակուլտետի առաջին դեկան, ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության եւ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանի շիրմին, որից հետո օծվեց ֆակուլտետի դիմաց կանգնեցված խաչքարը` ի նշան Աստվածաբանության ֆակուլտետի հոբելյանական տարվա: Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն իր խոսքում ասաց. «Խաչքարը, որ կանգնեցվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ, կանգնեցվել է ի փառս մեր ֆակուլտետի եւ Երեւանի պետական համալսարանի:

 

Թող Աստված օրհնի բոլոր նվիրյալներին եւ զորացնի բարերարներին, մշտապես ուղեկից լինի նրանց կյանքում»: Այս երկու հանդիսավոր արարողակարգերից հետո արդեն ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ բուն միջոցառումը, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ: Ելույթներ ունեցան ոչ միայն ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, այլեւ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն): Միջոցառման սկզբում ցուցադրվեց ֆիլմ Աստվածաբանության ֆակուլտետի վերաբերյալ, որը պատրաստվել էր ֆակուլտետի ղեկավարության եւ «Շողակաթ» հեռուստաընկերության ջանքերով: Ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Հարությունյանն ասում է, որ ֆիլմի նյութերը հավաքվել են այս ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրեն Նաթան եպս. Հովհաննիսյանը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը. «Մեկ եւ կես տասնամյակ առաջ Աստծո կամոք բարի արդյունքներով պսակվեցին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման ջանքերը: Նշանակալի իրադարձություն էր ֆակուլտետի հիմնումը, քանզի այն հայ իրականության մեջ աստվածաբանական եւ կրոնական գիտելիքներ մատուցող առաջին կրթահամալիրն էր: Հայրապետական մեր բարձր գնահատանքն ենք բերում ԵՊՀ ռեկտորատին, սերն ու օրհնությունն ենք հղում ֆակուլտետի բոլոր սաներին, հաջողություններ եւ առատ հունձք ենք մաղթում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետին` ի զորացումն մեր ժողովրդի ազգային եկեղեցական կյանքի եւ ի պայծառությունն մեր սուրբ եկեղեցու: Շնորհ, սէր եւ ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եղիցին ընդ ձեզ»:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, եւս շնորհավորելով ֆակուլտետի հոբելյանի առթիվ, նշեց, որ այս ֆակուլտետը եկեղեցի-պետություն համագործակցության լավագույն օրինակն է: «Կրթություն-եկեղեցի համագործակցության ծրագրերը կրթության ոլորտում շատ են եւ բազմապիսի: Շնորհակալություն եմ հայտնում այս ֆակուլտետի այն հարյուրավոր շրջանավարտներին, ովքեր աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ մեծ ավանդ ունեն մեր ապագա սերունդների արժեհամակարգի ձեւավորման մեջ »,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարության կողմից Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը եւ ֆակուլտետի երկու հիմնադիր դասախոսներ պարգեւատրվեցին ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալներով, իսկ չորս աշխատակիցներ` պատվոգրերով եւ շնորհակալագրերով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր եւ ԵՊՀ ռեկտորատի անունից շնորհավորելով Աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին եւ ուսանողությանը, նշեց. «Աստվածաբանության ֆակուլտետը անհրաժեշտություն էր ոչ միայն համալսարանական, այլեւ մեր հասարակական կյանքի համար: Աստվածաբանության ֆակուլտետը վերաշինեց այն համագործակցությունը եւ այն սերտ հարաբերությունները, որ ԵՊՀ-ն իր ծննդյան սկզբում ուներ Հայ առաքելական եկեղեցու հետ: Այս ֆակուլտետը չի զանազանվում համալսարանի մյուս ֆակուլտետներից թե՛ իր կարողություններով, թե՛ իր ձիրքով, թե՛ իր մոտեցումներով. այն մեր լավագույն ֆակուլտետներից է, որտեղ գիտությունը, կրթությունը, գրահրատարակչական գործը շատ բարձր մակարդակ ունեն»: «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Աստվածաբանության ֆակուլտետի հիմնումը ոչ միայն համահամալսարանական, այլեւ համահայկական կարեւոր իրադարձություն էր, քանի որ հիմնադրվում էր կրթօջախ, որը պետք է շարունակեր միջնադարյան հայ նշանավոր համալսարանների բարի եւ աստվածահաճո ավանդույթները. լինելով աշխարհիկ կառույցի մի մաս` այն պետք է իրականացներ հոգեւոր առաքելություն եւ դառնար հայագիտական կարեւորագույն կենտրոններից մեկը»,- ասաց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը: Վերջինս նշեց, որ ֆակուլտետի կարեւորագույն ձեռքբերումներից առաջինը ֆակուլտետի շրջանավարտներն են, ովքեր դարձել են հայ հասարակության արժանավոր եւ պիտանի զավակները: ՀՀ ԳԱԱ նախագահ, Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, եւս ողջունելով եւ շնորհավորելով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու աշխատակիցներին, նշեց, որ որքան դժվար էր այս ֆակուլտետի հիմնումը, այնքան էլ անհրաժեշտ հետխորհրդային անցումային այդ ժամանակահատվածում:

 

«Անցումը հին համակարգից նոր համակարգին եւ ֆակուլտետի հիմնումը համալսարանական հսկայական դիմադրության արժանացան: Հիմնադրման օրվանից լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, եւ ֆակուլտետն իսկապես կայացել է: Խոստանում եմ, որ կլուծվի նաեւ ֆակուլտետի գիտական խորհրդի ստեղծման խնդիրը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ հավելեց, որ Աստվածաբանության ֆակուլտետի ստեղծումը կարեւոր էր նաեւ նրանով, որ ֆակուլտետում ուսանող երիտասարդները կկարողանան քրիստոնեական դաստիարակության տարրական կանոնները փոխանցել համալսարանում ուսանող մյուս երիտասարդներին եւս: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դատարկաձեռն չէր եկել. վերջինս ֆակուլտետին նվիրեց «Հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետությունը» գրքի ակադեմիական հրատարակությունը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: