26.11.2018 | 
Կրթություն
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
«Erasmus+ CBHE PRINTEL» ծրագրի շրջանակում տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներից բաղկացած ԵՊՀ աշխատանքային խումբը նոյեմբերի 9-18-ը մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին։

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասիստենտ Գոհար Մադոյանը և դոցենտ Լիլիթ Սարգսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դոկտոր Կարեն Թռչունյանն ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ  Տիգրան Սարգսյանը մասնակցել են  վերապատրաստման դասընթացին, որը նախատեսված էր «Erasmus+ CBHE PRINTEL» ծրագրում ընդգրկված Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի տարբեր բուհերից տարբեր մասնագիտություններով դասավանդող դասախոսների համար: 

 

«Ակտիվ ուսուցում» վերապատրաստման դասընթացի  ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ակտիվ ուսուցման առանցքային ձևերին, մեթոդաբանությանը, ինչպես նաև տարբեր համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը լսարանում։ Դասընթացը վարել է  Ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վ. Վան Պետեգեմը։

 

 

ԵՊՀ աշխատանքային թիմը խմբային աշխատանքի արդյունքում պատրաստել է միջգիտակարգային դասընթաց «ADDIE» («ՎՆՄԻԳ» (վերլուծել, նախագծել, մշակել, իրականացնել, գնահատել) մոդելով, որը քննարկվել է Վրաստանի և Բելառուսի գործընկերների հետ։

 

Վերապատրաստման ընթացքում տարբեր մեթոդների վերաբերյալ կատարվել են  անդրադարձեր (reflections), քննարկվել լսարանում համացանցային, թվային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տեղայնացման հարցեր, հնչել  փոխադարձ առաջարկություններ: Դասընթացի ավարտին մասնակիցները պայմանավորվել են օգտագործել համացանցը՝ քննարկելու ծրագրի ընթացքում ստեղծված հարցերը, առաջարկությունները:

 

 

Ավելին՝ ԵՊՀ խումբը հնարավորություն է ստացել այցելելու պրոֆ. Վիմ Վան Պետեգեմի ակտիվ ուսուցման դասընթացներից մեկին՝ որպես դիտորդ: Դասընթացը նախատեսված էր տարբեր մասնագիտություններով սովորող առաջին կուրսի մագիստրոսների համար (շուրջ 100 ուսանող): Խմբի անդամները ծանոթացել են ակտիվ ուսուցման գործնական կիրառմանը: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են այն ավարտելու վերաբերյալ հավաստագրեր։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություն, որի ներկայացրած դասընթացի մոդուլը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի կողմից:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին: