09.04.2014 | 
Մշակույթ
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ. ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ. ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ցուցադրվեց «Էն ուրիշ Ֆրուզիկը» ֆիլմը:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նախ ողջունեց բոլորին և նշեց, որ այս ֆիլմը, որը կառուցված է ամենատարբեր մարդկանց կողմից արված ձայնագրությունների, տեսաձայնագրությունների ու հիշողությունների վրա, միանգամայն այլ տեսանկյունից է ներկայացնում տաղանդավոր դերասանին:

 

«Մհեր Մկրտչյանն այնքան վարպետությամբ ու բնական էր ներկայացնում իր յուրաքանչյուր կերպար, որ դժվար է տարանջատել Ֆրուզիկին կյանքում ու Ֆրուզիկին բեմում: Սակայն այսօր մենք միանգամայն այլ բան կտեսնենք, որը դուրս է մնացել կադրից, կտեսնենք այն Ֆրունզիկին, որին մենք չենք ճանաչել»,- ասաց Կարինե Դավթյանը:

 

Նշենք, որ չնայած ֆիլմի ստեղծմանը մասնակցել են երկու մտավորականներ՝ Շուշանիկ Սահակյանն ու Հովհաննես Պապիկյանը, սակայն համալսարանականների հետ հանդիպմանը եկել էր միայն Շուշանիկ Սահակյանը:

 

«Երբ դեռ նոր էին նախաձեռնել այս ֆիլմի ստեղծման աշխատանքները, այն իսկույն մեծ արձագանք ստացավ. մեզ դիմեցին տարբեր բնագավառից մարդիկ, ովքեր ձայնագրություններ կամ ինչ-որ նշումներ ու հիշողություններ ունեն Ֆրուզիկի հետ կապված: Մենք անընդհատ համալրում էինք մեր սցենարը, և արդյունքում ֆիլմի 12 տարբեր մոնտաժված տարբերակներ ունենք, սակայն այսօր ձեր դատին կներկայացնենք ամբողջական տարբերակը»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Շուշանիկ Սահակյանը:

 

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանը, ով հպարտությամբ նշեց, որ ինքն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել աշխատել մեծանուն դերասանի հետ:

 

Ֆիլմի դիտումից անմիջապես հետո հյուրերի և ուսանողների միջև հետաքրքիր ու ակտիվ քննարկում ծավալվեց:

 

Հավելենք, որ ֆիլմը պատրաստվել է հեղինակների միջոցներով և ՀՀ մշակույթի նախարարության ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել ու իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է դրանք մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեկրթության սահմաններում: