07.12.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ԴՈՆՈՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ԴՈՆՈՐ
Երեւանի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին «Անվարձահատույց դոնորություն» ակցիային:

«Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ պետական բուհերի մի շարք ուսանողներ պրոֆեսոր Յոլչյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն հանձնեցին: Ուսանողներին ոգեւորելու համար Արյունաբանական կենտրոն էր եկել նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով էլ առաջինն արյուն հանձնեց:

 

Նա փաստեց, որ շատ ուսանողներ վախենում են արյուն հանձնել, երբեմն էլ անտեղյակ ծնողներն իրենց երեխաներին խորհուրդ են տալիս խուսափել դոնորությունից: «Կյանքում որեւէ մեկն ապահովագրված չէ արյան կարիք ունեցող հիվանդ դառնալուց, նրա փոխարեն կարող է մեզանից յուրաքանչյուրը լինել»,- ասաց ռեկտորը եւ ուսանողներին հորդորեց, որ մասնակցեն այս ամենաազնիվ ու բարի գործին, եւ շեշտեց, որ Մայր բուհում այս ուղղությամբ պարբերաբար բացատրողական աշխատանքներ են տարվելու:

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանն ասաց, որ իրենք միշտ հարգում են երկրաշարժի զոհերի հիշատակը, եւ պատահական չէ, որ ակցիան այս օրն է կազմակերպվել: Ուսանողները մինչ արյուն հանձնելն անցնում էին լաբորատոր եւ թերապեւտիկ ստուգում, որից հետո նոր իրավունք են ստանում արյուն հանձնելու: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն էլ ուսանողներին հավաստիացրեց, որ արյունատվությունը ոչ թե վնասակար, այլ օգտակար է դոնորի օրգանիզմի համար: «Ձեր հանձնած արյան յուրաքանչյուր կաթիլը կփրկի որեւէ հիվանդի կյանք»,- ասաց բժիշկ Դաղբաշյանը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: