23.11.2010 | 
Կրթություն, Հասարակություն
ՊԱՐԶՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՊԱՐԶՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Մարդը մահացել է այն պատճառով, որ բժիշկը հրաժարվել է օգնություն ցուցաբերելուց:

Գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում, սրտի սուր անբավարարությամբ 1-ին կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Ստեփանյանը, ում բժիշկ Խաչիկ Պետրոսյանը օգնություն չի ցուցաբերել` պատճառաբանելով, որ դա իր նեղ մասնագիտացման սահմաններից դուրս է, եւ ինքը չի կարող օգնել: Չի ներարկվել նաեւ համապատասխան դեղամիջոցը: Հիվանդն այլ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ թե ինչ է եղել իրականում, պետք է պարզեր դատարանը, ավելի ճիշտ` այն ուսանողները, ովքեր ներկայացնում էին դատարանը: Իրականությանը հնարավորինս մոտեցված դատավարությունը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

 

Մասնակցում էին նաեւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ ՀՊԲՀ-ի ՈՒԳԸ-ները համագործակցում են արդեն մի քանի տարի: Նրանք կազմակերպել են համատեղ գիտաժողովներ էֆթանազիայի, օրգանների փոխպատվաստման, սեռական բռնությունների և այլ թեմաներով: Այլ մասնագիտություն ունեցող ուսանողների շրջանում, սակայն, դատախաղ առաջին անգամ է անցկացվում: Ընտրվել են հենց նրանք, քանի որ բժշկական հանցագործություն էր կատարվել: Բժիշկը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասով:

 

«Մեզ մոտ իրավագիտությունը ավելի շատ տեսական հիմքերի վրա է դրված, իսկ մենք ուզում ենք տեղափոխվել դեպի պրակտիկա: Կարծում եմ` այսօր կհնչեն մտքեր, որոնք, ինչու չէ, կօգտագործվեն հետագայում` հոդվածներում փոփոխություններ կամ ճշգրտումներ անելու ժամանակ»,- դատախաղից առաջ նշեց Քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը: Դատախաղին մասնակցում էին 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր արդեն անցել են քրեական դատավարության կուրսը եւ ծանոթ են բնագավառին: Դատավորը, 2 պաշտպանները, 2 դատախազները, տուժողի իրավահաջորդը եւ 2 վկաները Իրավագիտության ֆակուլտետից էին, իսկ ամբաստանյալը, դատաբժշկական փորձագետը, բժշկության բնագավառի մասնագետը եւ եւս մեկ վկան ապագա բժշիկներ էին: «Այս խաղը մեր ֆակուլտետի ուսանողներին եւս մեկ անգամ մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս, այսինքն` իրենց գիտելիքները կարող են կիրառել դատավարության ընթացքում, իսկ Բժշկական համալսարանի ուսանողները կիմանան, թե հետագայում նմանաբնույթ իրավիճակներում ինչպես պետք է վարվեն»,- պարզաբանում է Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը: Ի վերջո, քննության առնելով բոլոր փաստերն ու ապացույցները, որոնք ներկայացրել էին կողմերը, դատարանը որոշեց արդարացնել ամբաստանյալին, քանի որ մասնագետների եւ վկաների հարցաքննությունից պարզվեց, որ բժիշկը չէր կարող ներարկել այդ դեղամիջոցը, որովհետեւ այդ դեպքում տուժողի վիճակն ավելի կվատանար, եւ նա չի օգնել այն պատճառով, որ դա իր նեղ մասնագիտացումից շատ հեռու է եղել:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: