18.03.2021 | 
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում երաժիշտ, երգահան, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովը:

Գարիկ Պապոյանի հետ հանդիպումն անցավ հարցազրույցի ձևաչափով, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հյուրին:

Հարցազրույցի սկզբում հնչեցին տարաբնույթ հարցեր երաժշտի մանկության, ուսանողական տարիների, ստեղծագործական ճգնաժամերի մասին:

«Իմ ամենամեծ ստեղծագործական ճգնաժամը պայմանավորված է եղել  համավարակով, երբ բոլորս ստիպված էինք տանը մնալ,- մանրամասնեց Գ. Պապոյանը,- այդ ժամանակ ես հասկացա, որ ստեղծագործելու համար շատ կարևոր է նպատակն ու այն իրականացնելու հնարավորությունները»:

Գարիկ Պապոյանն անդրադարձավ նաև իր ստեղծագործական կյանքի հիշարժան պահերին ու նշեց, որ առանձնահատուկ երջանիկ է, որ կյանքում զբաղվում է հենց այն աշխատանքով, որի մասին երկար տարիներ երազել է:

 

«Կարելի է ասել, որ այժմ ես ունեմ այն ամենը, ինչի մասին երազել եմ մանկուց ու առանձնահատուկ գնահատում եմ, այն որ զբաղվում եմ իմ սիրած գործով»,-ասաց Գարիկ Պապոյանը:

Հարցազրույցի վերջում Գարիկ Պապոյանը նշեց, որ վերջին շրջանում իր ուշադրության կենտրոնում է առողջ սնունդը, ցանկություն հայտնեց հետագայում ավելի լավ ուսումնասիրել հենց այդ ոլորտը:

 

«Վերջերս ինձ շատ է հետաքրքրում առողջ սննդի պատմությունը,- մանրամասնեց Գարիկ Պապոյանը,- գործնականում ապացուցվում է «You are what you eat» (դու այն ես, ինչ ուտում ես) ասույթի ճշմարտացիությունը»:

Անի Պողոսյան